Feb 062013
 
 February 6, 2013  Add comments

Աղբյուրը` News.am
Հունվար 28, 2013 | 18:56
English version

Վիլիկ Հարությունյանի դուստրը վստահեցնում է, որ իր հոր մահվանն առնչվող նյութում ներկայացված հանգամանքները կեղծված են
Վերջին օրերին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվում է մի տեսանյութ՝ կապված «Լազերային տեխնիկա»  գիտաարտադրական միավորման հիմնադիր եւ գլխավոր տնօրեն,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանի մահվան հանգամանքների հետ:

Իրավիճակի պարզաբանման խնդրանքով NEWS.am-ը  դիմել է Վիլիկ Հարությունյանի  դստերը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կարինե Հարությունյանին:

«Ծանոթ եմ հորս մահվանն առնչվող այդ հրապարակմանը եւ անկեղծ վրդովված եմ, քանի որ այն որակում են որպես իմ ընտանիքի եւ անձամբ իմ վշտի շահարկում: Ցանկանում եմ հայտնել, որ նյութում ներկայացված հանգամանքները կեղծված են եւ չեն համապատասխանում իրականությանը: Հայրս մահվանից մի քանի ամիս առաջ առողջական խնդիրներ  է ունեցել եւ  մահացել է սրտի կաթվածից՝ 12 տարի առաջ: Հավելեմ, որ հայրս հայտնի ֆիզիկոս էր եւ սերտորեն համագործակցում էր պաշտպանության այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանի հետ: Հայրս Սերժ Սարգսյանին վերաբերվում էր խորը հարգանքով եւ ակնածանքով՝ եւ որպես ղեկավարի, եւ որպես անձի: Նրանց համատեղ ջանքերը ուղղված էին տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ի պահպանմանն ու զարգացմանը: Հասկանում եմ, որ նախընտրական շրջանում տարբեր մարդիկ պատրաստ են չկանգնել ոչնչի առաջ, այնուամենայնիվ խնդրում եմ չքննարկել եւ տգեղ քաղաքական շահարկումների թեմա չդարձնել մեր ընտանիքի վիշտը՝ հորս կորուստը» ,- նշեց Կարինե Հարությունյանը:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ամերիկաբնակ իրավապաշտպան Արա Մանուկյանը նշում է, թե «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման հիմնադիր ու գլխավոր տնօրեն Վիլիկ Հարությունյանի մահը կասկածելի հանգամանքներում է  եղել, եւ այդ կապակցությամբ մի շարք հարցեր է հղում նախագահ Սերժ Սարգսյանին: