Feb 062013
 
 February 6, 2013  Add comments

/English version/

«Լազերային Տեխնիկա» ԳԱՄ

«Լազերային Տեխնիկա» ԳԱՄ

Կարկառուն քվանտային ֆիզիկոս Վիլիկ Հարությունյանի մահվան մասին և դրանց առնչությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իմ երեք հարցը ներկայացնող կարճ տեսանյութի հրապարակումից հետո, News.am-ն այդ հարցերը վերահասցեավորեց գիտնականի դստերը` Կարինե Հարությունյանին: Լրատվամիջոցի փոխանցմամբ, նա վստահեցրել է, որ իր հոր մահվանն առնչվող նյութում ներկայացված հանգամանքները կեղծված են:

Կարինե Հարությունյանի կողմից տեսանյութում տեղ գտած հայտարարությունների հերքումը ենթադրում է, որ չի կարելի երջանկահիշատակ Վարդգես Պարսամին ու ինձ, մեղմ ասած, ազնիվ համարել: Սակայն նրան համարժեք հակահարված տալու ցանկանություն չունեմ: Անձամբ ճանաչած լինելով Վիլիկ Հարությունյանին` խորը հարգանք եմ տածում թե՛ նրա և թե՛ նրա ընտանիքի հանդեպ: Ի դեպ, Վարդգես Պարսամի բացահայտումները հրապարակելուց առաջ իմ ունեցած միակ մտահոգությունը Հարությունյանների անվտանգությունն է եղել: Այնպես որ, այս տեսակ հերքումներն ինձ այնքան չեն տխրեցնի, որքան Վիլիկ Հարությունյանի ընտանիքի անդամների` ինչ-ինչ խնդիրների առաջ կանգնած լինելու մասին որևէ լուր:

Ես կարծում եմ, որ Կարինե Հարությունյանը, դժբախտաբար, ենթարկվել է որոշակի ճնշման: Չեմ բացառում, որ ճնշման աղբյուրը պարզապես ինքնագրաքննությունն է եղել: Ի վերջո, Կարինե Հարությունյանը կառավարության անդամ է, մի հանգամանք, որ News.am-ը նախընտրել է բաց թողնել նրան ներկայացնելիս: Բայց ինչո՞ւ: Որպեսզի նրա կարծիքն ավելի անկա՞խ հնչի: Երբվանի՞ց են լրատվական գործակալությունները սկսել մարդկանց ներկայացնել միայն իրենց գիտական աստիճաններով: Եվ սա հատկապես տարօրինակ է այն պարագայում, երբ տվյալ անձնավորությունը ոչ այլ ոք է, քան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը:

Translation: In order to clarify the matter, News.am spoke to Vilik Harutyunyan’s daughter, Karine Harutyunyan, PhD in Physics and Mathematics.

Դրվագ News.am-ի հրապարակումից

News.am-ի փոխանցմամբ` Կարինե Հարությունյանը նաև հորդորում է ձեռնպահ մնալ իր ընտանիքի վիշտը քննարկելուց: Սակայն Վիլիկ Հարությունյանի` որպես ականավոր հասարակական գործչի մահվան հետևանքները տարածվել են նրա ընտանեկան և ընկերական նեղ շրջապատի սահմաններից անդին: Հետևաբար հանրությունը պետք է հասկանա, թե ինչ է պատահել նրա հետ և ինչու:

Հաշվի առնելով, որ տեսանյութը դիտողների շրջանում շատ հարցեր է առաջացրել, կուզեի որոշակի պարզաբանումներ տալ այնտեղ կատարված որոշ պնդումների վերաբերյալ: Շատ մարդկանց համար Վարդգես Պարսամի և Վիլիկ Հարությունյանի մասին այս տեսանյութը երկու անհայտով հավասարման պես մի բան էր: Հետևաբար մի քանի խոսքով անդրադառնամ Հայաստանի զարգացմանը նվիրված այս երկու գործիչների մասին:

Վարդգես Պարսամը ամերիկահայ բարերար է, ով 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնած առաջին սփյուռքահայերից է: Նա մասնակցել է 1991 թ. Երևանում Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրմանը, որին 2005 թ. նվիրաբերել է իր երևանյան HyBusiness հյուրանոցը: Նա բազմաթիվ բարեգործական ծրագրեր է նախաձեռնել Հայաստանում և Արցախում, ներառյալ օրհասական պահերին հայաստանյան և արցախյան կառավարություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումը, պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերին ռազմական սարքավորումների և անլար կապի միջոցների մատակարարումը: Վարդգես Պարսամը արժանացել է շատ պարգևների, ներառյալ 1991 թ. Ստեփանավանի պատվավոր քաղաքացու կոչումը և 2006 թ. հեղինակավոր Էլիս կղզու պատվո շքանշանը (Ellis Island Medal of Honor Award):

Վիլիկ Հարությունյանի հետ ես ծանոթացա Վարդգես Պարսամի շնորհիվ, ով, օգտվելով դեպի Հայաստան իմ հաճախակի թռիչքներից, ինձ հաճախ խնդրում էր մեկ-երկու փաթեթ փոխանցել Հարությունյանին: Քանի որ Վարդգեսը չէր ցանկանում մանրամասներ հայտնել փաթեթների բովանդակության մասին, նա միայն ասաց, որ որոշ մասեր են, որոնք Վիլիկ Հարությունյանը խնդրել է «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման համար (ԳԱՄ):

«Լազերային տեխնիկա»-յի բոլոր բաժիններից կուզեի առանձնացնել բարձրակարգ ռազմական սարքավորումներ մշակող և արտադրող գաղտնի բաժինը: Վիլիկ Հարությունյանն այնքան զգուշավորություն էր ցուցաբերում այս բաժնի նկատամամբ, որ դրա մասին չէր կիսվում ոչ ոքի հետ, ոչ անգամ իր ընտանիքի անդամների: Ռազմական ճյուղի վերաբերյալ նա մի խիստ սկզբունք ուներ. դու գիտես այն, ինչ պետք է իմանաս, և դու պիտի չիմանաս այն ինչ չպետք է իմանաս: Ես իսկույն հասկացա, որ ավելի լավ է Վիլիկին ոչ թե հարցեր տալ, այլ լսել:

Հույժ գաղտնի ռազմական հաստատություն ղեկավարելը նշանակում էր սերտ համագործակցություն Ազգային անվտանգության մարմինների և Պաշտպանության նախարարության հետ: Սա ենթադրում էր երկարատև ու ակտիվ շփում Սերժ Սարգսյանի հետ 1993-ից մինչև 2000, մինչև օգոստոսի 19-ը, երբ Վիլիկ Հարությունյանին գտան մահացած «Լազերային տեխնիկա»-յի իր գրասենյակում:

Հիշեցման կարգով. Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար 1993-1995 թթ.; ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար 1995-1996 թթ.; ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար 1996-1999 թթ.; ՀՀ ազգային անվտանգության նախարար 1999 թ.; ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 1999-2000 թթ.; ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար 1999-2007 թթ; ՀՀ պաշտպանության նախարար 2000-2007 թթ.:

Որքան հիշում եմ, Վիլիկ Հարությունյանը, հակառակ News.am-ի փոխանցմամբ Կարինե Հարությունյանի պնդման, երբեք ակնածանքով չի վերաբերվել Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ավելին, նրանց միջև որոշակի լարվածություն կար, որն ուժգնացավ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը բացահայտեց «Լազերային Տեխնիկա» ԳԱՄ-ը Հունաստանում ռազմամթերքի և պայթուցիկների հիմնական արտադրող «Պիրկալ» ընկերությանը վաճառելու իր ծրագրերը:

Վիլիկ Հարությունյանը դեմ էր Հայաստանի ռազմավարության տեսանկյունից ամենակարևոր հաստատություններից մեկը օտար երկրի վաճառելուն: Լինելով սեփական երկրի զարգացմանը նվիրված քաղաքացի` Վիլիկ Հարությունյանը մտահոգվելու շատ պատճառներ ուներ: Ինչպես ավելի ուշ պարզեցի, իմ փոխանցած փաթեթեներն իրականում նախատեսված էին նոր սերնդի ռազմական նորարարության համար – լազերային զենքի հատուկ տեսակի, որը ոչ միայն ինչ-որ ապակողմնորոշող հոգեբանական ազդեցություն է ունենում թշնամու զորքերի վրա, այլև ֆիզիկական. կուրացնում է: Այս լազերային զինատեսակը կիրառվել է Արցախի պաշտպանության նպատակներով և զգալիորեն նպաստել է մի շարք ճակատամարտերի հաղթական ելքին: Հայկական լազերային զենքը շուտով պահանջարկ առաջացրեց արտասահմանում: Վիլիկ Հարությունյանի գիտական ժառանգության ուժը ակնհայտ է դառնում ամերիկյան գաղտնի հետախուզական զեկույցի էջերում: 2003 թ. մայիսի 13-ին Վաշինգթոն Թայմզ-ը (The Washington Times) գրում է.

Բանակի ցամաքային հետախուզության պետական կենտրոնի զեկույցը, որը պատրաստվել է 1999 թ., զգուշացնում էր, որ Սերբիայի զինված ուժերը Կոսովոյի համար մղվող օդային պատերազմում ամերիկյան օդաչուների դեմ պայքարում կարող են դիմել լազերային մարտի: […] Զեկույցում նշված է, որ լազերային զենքերը կամ զենքի կարողությամբ լազերները կարելի է գնել Ռուսաստանից, Չինաստանից և Հայաստանից: (Տես http://www.washingtontimes.com/national/20030513-47005.htm/ կամhttp://forums.gunbroker.com/topic.asp?TOPIC_ID=60769)

Վիլիկ Հարությունյանը տեսնում էր իր ուղեղի արգասիքի զարգացման ու ընդլայնման մեծ ներուժը հատկապես լազերային բժշկության, օպտիկայի, բյուրեղների աճի և բարձր տեխնոլոգիաների ասպարեզում: Նա անընդհատ համագործակցության նոր հնարավորությունների որոնման մեջ էր: Նրա ջանքերի շնորհիվ «Լազերային Տեխնիկա»-յի հետ համագործակցության հայտեր էին ներկայացրել Իրանը, Գերմանիան, Շվեյցարիան և Չինաստանը: Սակայն Սերժ Սարգսյանը խափանել է այդ կապերի զարգացումը:

Թեև հայկական ընկերությունն օտար երկրին չհանձնելու Հարությունյանի վճռականությունը նույնքան անսասան էր, որքան այն վաճառելու Սարգսյանի վճռականությունը, վերջինս, այնուամենայնիվ հասավ իր նպատակին` «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ը վաճառելով հունական «Պիրկալ» ընկերությանն ու, ըստ լավատեղյակ Վարդգես Պարսամի, պարգևատրվելով միլիոնավոր դոլարների հասնող կաշառքով:

Երբ Սերժ Սարգսյանը 2012 թ. դեկտեմբեր 15-ին նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման կապակցությամբ բացականչեց. «Սա Հայաստանն է և վերջ», մտաբերեցի այդ խոսքերի իրական հեղինակ Արցախի գոյամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանին: Տեսնես` ինչպե՞ս կարձագանքեր այդ հակասական գործարքի կնքմանն այս ֆիզիկոսը, ով իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը զոհելուց առաջ աշխատում էր նույն այդ «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ում:

Ահա թե ինչպես է գործարքը նկարագրվում ՀՀ գիտության և կրթության նախարարության պաշտոնական կայքում.

Հանրապետության ճգնաժամային տարիներին, իրեն հատուկ համառությամբ և ապագայի հանդեպ իր անկոտրում հավատի շնորհիվ, Վիլիկ Հարությունյանին հաջողվում է պահպանել ինստիտուտի գիտաարտադրական միջուկը, չկորցնել տարիների ձեռքբերումները և պահպանել կազմակերպության նկատմամբ գործընկերների հավատը: Դա հիմք է հանդիսանում, որպեսզի 1999թ. «ԼՏ» ԳԱՄ-ը, ՀՀ նախագահ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ, վերահիմնադրվի հայ-հունական «ԼՏ»  Պիրկալ» համատեղ ձեռնարկության:(See http://www.edu.am/index.php?id=4250&topMenu=-1&menu1=205&menu2=205&arch=0)

Ըստ նորաթուխ ընկերության` «ԼՏ» Պիրկալ»-ի պաշտոնական տվյալների` ավելի քան 1,000 մասնագետներ աշխատանքով ապահոված ձեռնարկությունում այժմ աշխատում է միայն 250 հոգի:

Սերժ Սարգսյանը Վիլիկ Հարությունյանի նկատմամբ սկսել էր այն ինչ, ես կանվանեի ճնշման արշավ: Կարինե Հարությունյանի հիշատակած առողջական խնդիրները հոր մոտ սկսվել են այս ժամանակահատվածում: Ճնշման ուժգնացմանը զուգընթաց կատարելապես առողջ ֆիզիկոսը խուճապային գրոհներ է սկսել ունենալ: Կրկնվող սպազմները նրան շուտով ստիպեցին գնալ բժշկի, ով նրան առաջարկեց ամեն անգամ նյարդանանալիս լեզվի տակ նիտրոգլիցերին դնել: Այս սպազմներն այնքան հաճախակի էին դարձել, որ նա իր մոտ միշտ նիտրոգլիցերին էր պահում անհրաժեշտության պարագայում նյարդերը հանգստացնելու համար:

Նրա մահվան հանգամանքները պարզելու նպատակով իմ կատարած հետաքննության արդյունքում ես կարողացել եմ մասամբ վերակառուցել այդ ողբերգական օրվա իրադարձությունները: 2000 թ. օգոստոսի 19-ի առավոտյան 10-ն անց կես Վիլիկ Հարությունյանը գնացել է «ԼՏ» Պիրկալ»-ի իր գրասենյակ: Առանց նախօրոք ծանուցման Սերժ Սարգսյանը` երեք անձանց ուղեկցությամբ, որոնցից մեկը հիմնարկի հույն փոխտնօրենն էր, անսպասելի այց է կատարել Վիլիկ Հարությունյանի գրասենյակ: Ըստ անակընկալ այցելուների` 30 րոպե անց, քննարկման ընթացքում, Վիլիկ Հարությունյանը գունատվել է: Նրան հարցրել են` արդյոք վատ է զգում: Նա պատասխանել է` այո: Իր գրպանում եղած նիտրոգլիցերին ընդունելու փոխարեն, նա Վալիդոլ է խնդրել: Ապա քայլել է դեպի բազմոցը, նստել ու ուշաթափվել: Սերժ Սարգսյանը լքել է գրասենյակը ներկա անձանցից մեկի ուղեկցությամբ: Մի քանի րոպե անց լքել են նաև մնացած հյուրերը: Վերջին հյուրի հեռանալուց կես ժամ անց Վիլիկ Հարությունյանին իր գրասենյակում գտել են մահացած:

Դեպքի տվյալ վարկածի վերջում կա մի տարօրինակություն, որը կասկածի տակ է դնում գրասենյակում կատարվածի նկարագրության ճշգրտությունը: Անհամապատասխանությունը իրեն Վալիդոլ տալու Վիլիկ Հարությունյանի ենթադրյալ խնդրանքն է: Եթե նա միշտ իր իսկ գրպանում նիտրոգլիցերին ուներ, ապա ինչո՞ւ պիտի խնդրեր, որ իրեն Վալիդոլ տան, թեև վերջինս նույնպես սպազմը թուլացնելու և սրտի կաթվածը կանխելու հատկություն ունի:

Սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչ է ստույգ տեղի ունեցել գրասենյակում, ինչ է քննարկվել, և ինչ էր քննարկվում հենց այն պահին, երբ Վիլիկ Հարությունյանը հանկարծակիորեն վատացել է:

Կարինե Հարությունյանը պնդում է, որ իր հոր մահվան պատճառը սրտի կաթվածն էր: Թեև News.am-ը դա ներկայացնում է իբրև իմ ու Վարդգես Պարսամի պնդումները սխալ հանելու վկայություն, պիտի շեշտեմ, որ այդ վարկածը որևէ կերպ չի հակասում տեսանյութում հնչածին: Պետք չէ լինել ՊԱԿ գործակալ իմանալու համար, որ կա այնպիսի երևույթ, ինչպիսին արտաքնապես պատճառվող սրտի կաթվածն է: Օրինակ, ՊԱԿ-ի կիրառած մեթոդների մասին «ԽՍՀՄ կողմից սպանությունների և առևանգումների իրականացումը» ամերիկյան Կենտրոնական հետախուզական գործակալության 1964 թ. գաղտնազերծված զեկույցում, մանրամասներ կան մի ատրճանակի մասին, «որը գոլորշիացած թույն է կրակում` թիրախին սպանելով ներշնչելուն պես, գրեթե ակթարթորեն»: Կարևորն այն է, որ այս տեսակի ատրճանակները ոչ մի վերք կամ մահվան պատճառի այլ վկայություն իրենց հետևից չեն թողնում. «Ենթադրվում է, որ ոչ մի օտարածին նյութ հնարավոր չէ հայտնբերել ո՛չ մարմնում, ո՛չ էլ զոհի շորերի վրա` անկախ նրանից թե որքան մանրազնին կատարվի հերձումը»:

Հայտնի խորհորդային սրտաբան Վինոգրադովի ուսումնասիրությունների հիման վրա ՊԱԿ-ը հետագայում մշակել է էլ ավելի կատարելագործված մեթոդ, որով սրտի կաթված պատճառվում էր առանց որևէ դեղաբանական միջամտության (մանրամասները` http://sovetunion.ru/iskusstvo/infarkt-po-zakazu): Բոլոր այս մեթոդներն, անկասկած, համարվում են սպանություն:

Սերժ Սարգսյանը, ում այս մեթոդները մատչելի էին ի պաշտոնե` երկար տարիներ լինելով Խորհրդային ՊԱԿ-ի հայկական իրավահաջորդի պետը, Վիլիկ Հարությունյանի մահվան հիմնական ականատեսներից էր: Եվ դա է պատճառը, որ հարցերս ուղղել եմ անձամբ Սերժ Սարգսյանին և ոչ թե Կարինե Հարությունյանին, ով իր հոր մահվան օրը գտնվում էր Շվեյցարիայում իր ամուսնու ու երեխաների հետ` Վիլիկ Հարությունյանի երևանյան գրասենյակից հազարավոր կիլոմետրեր հեռու:

Իմ հետաքննության ընթացքում ես նաև պարզել եմ, որ ընտանիքին առաջարկել են Վիլիկ Հարությունյանին թաղել Երևանի Պանթեոնում, որտեղ Հայաստանի ականավոր գործիչներն են հանգչում: Սակայն, ի տարբերություն, օրինակ, սրտի կաթվածի մեկ այլ զոհ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (1951-2007) ընտանիքի, Հարությունյանները հրաժարվել են գայթակղիչ առաջարկից և նրան թաղել սովորական գերեզմանոցում:

Վիլիկ Հարությունյանի մահվանից հետո նրա նեղ ընկերական շրջանակի գրեթե բոլոր ընկերները` ներառյալ Վարդգես Պարսամը, հավատացած էին, որ նրան մեթոդաբար և անշեղորեն հասցրել են մահվան, քանի որ ինստիտուտը թուլացնելու և նրան հնազանդեցնելու միակ ձևը նրան վերացնելն էր:

2006 թ. ապրիլին` քաղցկեղից մահանալուց մի քանի ամիս առաջ, 80-ամյա Վարդգես Պարսամը, ում ես ճանաչում էի իբրև գործունյա մարդ, ով չէր սիրում բամբասանք, նախընտրեց ինձ հետ կիսվել Հայաստանում տեղի ունեցած իր խնդրահարույց փորձությունների պատմություններով, քան այդ ամենն իր հետ գերեզման իջեցնել: Վիլիկ Հարությունյանի պատմությունը դրանցից մեկն էր:

Այսօր, վաղուց արդեն ժամանակն է հստակ պատասխաններ ստանալ, թե ինչպես մահացավ Վիլիկ Հարությունյանը: Դրա համար ցանկանում եմ կրկնել երեք հարցերս Սերժ Սարգսյանին. ինչո՞ւ վաճառեցիր «Լազերային տեխնիկա» ինստիտուտը հույներին; ինչո՞ւ էր Վիլիկ Հարությունյանը վաճառքին դեմ; ի՞նչ պատահեց Վիլիկ Հարությունյանին «ԼՏ» Պիրկալ»-ի իր գրասենյակում 2009 թ. օգոստոսի 19-ին:

Հուսով եմ, որ մյուս անգամ News.am-ը, և ցանկացած այլ լրատվական գործակալություն, հարցերս կուղղի նշված հասցեատիրոջը` Սերժ Սարգսյանին, ոչ թե կանհանգստացնի հարգելի Հարությունյաններին, ում վշտով է տոգորել մեծ կորուստը:

 

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ; Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրությաններկայացուցիչն է Արցախում և Հայաստանում; անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը; հեղինակել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» աշխատությունը; հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը: