Mar 292013
 
 March 29, 2013  Add comments

Եղիա Ներսեսյան«Դինո Գոլդ Մայնինգ»–ին զրպարտելու համար մեղադրվող Եղիա Ներսեսյանի գործով 2013 թ. մարտի 29–ին նախատեսված դատական առաջին նիստը տեղի չի ունեցել, քանի որ հայցվոր կողմի փաստաբան Սեդրակ Ասատրյանը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 15–ին։

«Օրինակ` Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական։ Գիտեք, չէ՞, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն» (Տեսանյութը ստորև` Եղիա Ներսեսյանը ակտիվիզմի եւ բնապհպանության մասին, 00։22։28)։ Գլենդելի երիտասարդական կենտրոնում 2012 թ. դեկտեմբերի 8–ին տեղի ունեցած «Ակտիվիզմ, բնապահպանություն և ժողովրդավարության կառուցում Եղիա Ներսեսյանի հետ» միջոցառման ընթացքում արած այս արտահայտության համար 48 օր անց` 2013 թ. հունվարի 25–ին Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը Եղիա Ներսեսյանին մեղադրանք էր առաջադրել ընկերությանը զրպարտելու համար։ Ըստ «Արմնյուզ»–ի հայցվորը Եղիայից պահանջում է հրապարակային ներողություն և փոխհատուցում` մեկ դրամի չափով։

«Եղիա Ներսեսյանն ասել է, որ չի պատրաստվում հերքել իր ասածները, քանի որ վստահ է, որ էլեկտրաշոկ իսկապես կիրառվել է, այդ մասին լսել է գյուղացիներից ու հույս ունի, որ նրանք գործում որպես վկաներ կներգրավվեն», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Առաջին դատական նիստի կապակցությամբ բնապահպան ակտիվիստները ակցիա էին կազմակերպել։ Econews.am-ի փոխանցմամբ ակցիայի նպատակն է.

1. Ցույց տալ, որ Եղիան ճշմարտությունն է ասել, բայց քանի որ ՀՀ-ում
տիրում է վախի մթնոլորտ, գյուղացիները չեն կարող բարձրաձայնել սրա մասին:

2. Հանք շահագործող ԲՈԼՈՐ ընկերություններին ցույց տալ, որ չենք
հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ:

3. Եթե դուք տուժել կամ տուժում եք հանքարդյունաբերական կամակերպությունների գործունեությունից, գրե´ք ձեր խնդիրը պաստառի վրա և միացե´ք մեզ: Միանա´նք ու հանքակեր բոլոր ընկերություններին ցույց տանք, որ չե´նք հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ և որ դե´մ ենք Հայաստանը հանքաստանի վերածելուն: Միանա´նք մարզերից, հեռու և մոտ գյուղերից, միանա´նք ու զարկե´նք հանքարդյունաբերությանը: