Jul 072013
 
 July 7, 2013  Add comments

Մինչ 450 պատգամավոր Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս էր ընտրում 1999 թ. հոկտեմբերի 27–ին, Երևանում մի խումբ զինյալներ ներխուժեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճ`սպանելով ութ պատգամավորի ու բարձրաստիճան պետպաշտոնյաների` վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ներառյալ։

Թեև եկեղեցական կանոններով քվեարկության ընթացքում արգելվում է պատգամավորների կապն արտաքին աշխարհի հետ, մոտ 17։30-ին սկսեցին զնգալ ոչ միայն որոշ պատգամավորների հեռախոսները, այլև Ազգային անվտանգության ծառայության գործակալներինը, ովքեր խախտել էին նաև քվեարկության վայրում ոչ պատգամավորների ներկայությունն արգելող եկեղեցական կանոնը։ Զինյալները ներխուժել էին ԱԺ 17։13-ին։

Էջմիածնում շատերն էին իսկույն տեղեկացվել ԱԺ ահաբեկչության մասին մինչև կաթողիկոսական ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Որոշ ականատեսներ պնդում են, որ Գարեգին Բ-ն ահաբեկչական հարձակման մասին իսկույն իմացածներից էր։ Կարելի է ենթադրել, որ որոշում էր կայացվել լուրը չհրապարակել, մինչև ընտրության ավարտը։ Հայտնի է, որ Վազգեն Սարգսյանը վախեցրել ու սպառնացել էր տասնյակ պատգամավորների` ստիպելով նրանց քվեարկել Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանի օգտին։ Հետևաբար մտավախություն կար, որ Վազգեն Սարգսյանի մահվան բոթը կարող է քվեների բաշխումը հանել կառավարության վերահսկողությունից։

Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոս հայտարարվելուց հետո Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանը ելույթ ունեցավ ներկաների առաջ։ Սակայն այն շուտով ընդհատվեց ներկայում Հյուսիսային Ամերիակայի Հայոց առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից, ով նորընտիր կաթողիկոսին ԱԺ–ում տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին տեղեկացնելու մի քանի անհաջողղ փորձ արեց։ Այդ պահը տեսագրված է։ Կարճ դադարից հետո Գարեգին Բ-ն ի վերջո համաձայնվում է լսել երիտասարդ հոգևորականին, ընդհատում է իր խոսքն ու որոշում հայտարարել բոթը.

…և մեր ժողովրդի բարվոք ու երջանիկ կյանքը կերտելու։ Ես ուզում եմ… Ես ցանկանում եմ… այս պահին… Ծանր և տխուր լուր ունեմ հայտնելու։ Այս պահին… Ճիշտ հիմա տեղեկացվեցի… տեղեկացա, որ պառլամենտում սպանված է մեր հանրապետության վարչապետը։ Չեմ գիտեր` որքան ճիշտ է և ստուգված։ Միամտություն եղավ իմ կողմից թերևս… Լուրերից հայտնում են, ասվում է, որ… և ծանր վիրավորված է Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Տեր ողորմյա, տեր ողորմյա։

Կաթողիկոսի պաշտոնում Գարեգին Ներսեսյանի առաջին ելույթը թերևս իր ամենաշփոթեցուցիչն ու ամենահակասականն է մինչ օրս։ Առաջինը, նրա արձագանքը բեկումնային լուրը ստանալիս նույնքան անսպասելիորեն խաղաղ էր, որքան անպատշաճ էին այդ ողբերգական դեպքը նկարագրելու համար իր ընտրած խոսքերը։ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովն ըստ էության գլխատած ահաբեկչական գործողության հետևանքների մասին խոսելիս «տխուր» բովանդակազուրկ բառի գործածումը, իր ընդհանուր հանգստությունը տեղեկությունը ստանալիս, ինչպես նաև հատուկ շեշտումը, որ հենց նոր է ստացել լուրը, ենթադրում են, որ ավելի վաղ նա ժամանակ է ունեցել իր անակնկալը հաղթահարելու և փաստի հետ հաշվի նստելու համար։

Երկրորդը, զոհերի մասին տեղեկության ստուգված չլինելու վերաբերյալ հայտարարություն անելուն պես նա հրապարակավ կշտամբում է ինքն իրեն այդպիսի չճշտված տեղեկություն հրապարակելու միամտության համար, սակայն, վայրկյաններ անց, սկսում է հոգեհանգստյան աղոթքը։

Կան աղբյուրներ, որոնք ԱԺ ահաբեկչությանը Գարեգին Բ-ի արձագանքի վերաբերյալ ավելի շատ մեկնբանությունների տեղիք են տալիս։ 2001 թ. «Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս» վերնագրով մի վկայություն էր հրապարակվել www.katalikos.narod.ru կայքում, որն այլևս չի գործում։ Ահա մեկ հատված.

1999 թ., Գարեգին Ա կաթողիկոսի մահվանից հետո, Գարեգին Ներսեսյանն սկսեց ակտիվորեն զբաղվել ընտրարշավով։ Իր ընտրվելու դիմաց այն ժամանակվա ՀՀ վարչապետ ամենակարող Վազգեն Սարգսյանին առաջարկել էր 20 միլիոն դոլար։ Իր պարտավորությունների բաժինը Սարգսյանն իրականացրեց կոշտությամբ և դաժանաբար. Հայաստանի թեմերի ղեկավարները ստիպված էին իրենց ձայնը տալ Գարեգին Ներսեսյանին։ Ընտրության ժամանակ` հոկտեմբերի 27-ին, Վազգեն Սարգսյանը սպանվեց, իսկ պատգամավորները պատանդ վերցվեցին։ Կարելի էր ենթադրել, որ նորընտիր կաթողիկոսն առաջին հերթին կուղևորվի Ազգային ժողով և որպես միջնորդ հանդես կգա ահաբեկիչների համար, սակայն հաղթանակի ցնծությունը ստվերել էր մարդկային կարեկցանքն ու Պատրիարքի պարտքն իր հոտի առաջ։ Հաղթանակը տոնել էին մինչև առավոտ` թաքուն ուրախանալով խոշոր վարկատուից այնքան անսպասելի ձերբազատման համար։

Վազգեն Սարգսյանի մահվանից հետո կարճ ժամանակով ՀՀ վարչապետ նշանակվեց նրա եղբայր Արմեն Սարգսյանը [մյուս եղբայր Արամը – ՃՊԱ], ով երեք մեքենաներով զինված մարդկանց հետ ժամանեց Էջմիածին` կաթողիկոսարան, պահանջելով մարել 20 միլիոն դոլարի «պարտքը»։ Գարեգին Բ-ն խոստացավ վճարել մինչև վերջին ցենտը, սակայն ժամանակ խնդրեց։

Դրամական աղբյուրների տենդագին որոնումը հանգեցրեց մի հետաքրքիր տարբերակի. Մոսկվայում սկսվել էր Հայոց առաքելական եկեղեցու «Սուրբ խաչ» մայր տաճարի շինարարությունը։ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը կարողացել էր ապահովել մոսկովյան կառավարության մի շատ կարևոր որոշում։ 16 միլիոն դոլարի չափ գումարը (մոսկովյան կազմակերպությունների եկամտահարկը), որը պետք է փոխանցվեր Մոսկվայի քաղաքային բյուջե, կարող էր փոխանցվել հայկական տաճարի Դրամական աջակցության հիմնադրամին, որի ղեկավարն է Տիրան Կյուրեղյանը։ (Տաճարի և մշակութային-լուսավորչական կենտրոնի շինարարության ընդհանուր արժեքը գնահատված է 23 միլիոն դոլար)։ Փողերը կարծես ձեռքին էին հոսում։ Իսկ շինարարությո՞ւնը։ Կարևորը «պարտքի» հետ կապված հրատապ խնդրի լուծումն է, իսկ տաճարի շինարարությունը…

Այս հատվածում առկա պնդումներն այնքան լուրջ են, որ պահանջում են լուրջ ուսումնասիրություն, ինպես նաև մեկնաբանություններ այս հարցերում ներգրավված կամ դրանց հետ առնչված մարդկանց` Գարեգին Բ-ի, Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանի և Արամ Սարգսյանի կողմից։

 

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ; Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում;. անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը.. հեղինակել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» աշխատությունը;. հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը: