Nov 262013
 
 November 26, 2013  Add comments

«Հայաստան» համահայկական հիմնադրամում նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած մի անձ 2011 թ. ինձ նկարագրեց, թե ինչպես են կատարվում որոշ խոշոր նվիրատվություններ. «Մեկը 700.000 դոլարի նվիրատվություն է խոստանում, իրականում ուղարկում է 350.000։ Դրանից հետո ստիպում է, որ հիմնադրամն իրեն վերադարձնի այդ ամբողջ գումարը»։ Չնայած նվիրատվության խոստման այսպիսի վախճանին` նվիրատուի անունն, այնուամենայնիվ, իր պատվավոր տեղն է զբաղեցնում այսպես կոչված Ոսկե մատյանում, որը զետեղվում է տվյալ տարվա հաշվետվության գրքույկի վերջում։ Նվիրատուն այդ պատվին արժանանում է մեծ վստահություն խորհրդանշող մեծ նվիրատվություններ ստանալու հիմնադրամի կերտած միթոսն ամրապնդելու համար։

Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, ովքեր ինձ մանրամասներ են հաղորդել նման ստվերային գործարքի մեջ իրենց ներգրավվածության վերաբերյալ։ Նրանք Կալիֆորնիաբնակ մի խումբ ամերիկահայ ներդրողներ են, ովքեր ԱՄՆ կառավարության առաջ իրենց հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով որոշակի պայմանավորվածություն էին ձեռք բերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Ներդրողները ծրագրում էին հյուրանոց կառուցել Արցախում։ Հաշվի առնելով Արցախի տնտեսության խարխլությունը՝ դա ռիսկային նախաձեռնություն էր։ Պայմանավորվածությունը նրանք իրականացրեցին հետևյալ կերպ. ներդրողները խոշոր նվիրատվություն արեցին հիմնադրամին ԱՄՆ–ում և գումարը ետ ստացան Արցախում, իսկ հիմնադրամին թողեցին գումարի չնչին տոկոսը, որը շատ ավելի պակաս էր այն գումարից, որը նրանք ստիպված պիտի լինեին վճարել ԱՄՆ կառավարությանը որպես եկամտահարկ։

Այսպիսի ծածուկ գործարքները բացահայտում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի անճոռնի կողմը` սխալ հանելով հիմնադրամի շատ հավաստիացումներ.

  • «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր հայտարարածից շատ ավելի քիչ գումար է հավաքում։
  • Սուտ է, որ նվիրատված ողջ գումարը ծախսվում է գովազդված ծրագրերի վրա։
  • Խոշոր նվիրատուների Ոսկե մատյանը խոշոր խմբագրման կարիք ունի։