Oct 172014
 
 October 17, 2014  Add comments

TheTruthMustBeTold.com-ին տված հարցազրույցում Փասադենայի նախկին քաղաքապետ և դատապաշտպան Ուիլյամ Փափարյանը հավելյալ մանրամասներ է ներկայացրել Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հանձնախմբի (ՓՀՑՀՀ) և դրա անդամների գործողությունների մասին իր արած զգաստացնող հայտարարությունների վերաբերյալ:  2014 թ. սեպտեմբերի 30-ին հրապարակված իր մամուլի հաղորդագրության միջոցով նա հայտարարել էր ՓՀՑՀՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին:

Bernard Melekian, PAGMC's interim chair, with David Gevorkyan, a PAMGC member (photo from Facebook)

ՓՀՑՀՀ-ի ժամանակավոր նախագահ Բերնարդ Մելեքյանը խորհրդի գանձապետ Դավիթ Գևորգյանի հետ (լուսանկարը Facebook-ից)

2014 թ. հոկտեմբերի 3-ին Փասադենայի նախկին ոստիկանապետ և ՓՀՑՀՀ-ի խորհրդի ժամանակավոր նախագահ Բերնարդ Մելեքյանն ինձ էլ. նամակ ուղարկեց` հայտնելով, որ Փափարյանի մամուլի հաղորդագրության մեջ արված պնդումները ենթարկվում են «մանրազնին ներքին ստուգումների»: Նա ակնկալում էր, որ արդյունքները պատրաստ կլինեն երկու շաբաթվա մեջ: Համաձայնվեցի սպասել, եթե ինձ տրամադրի մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՓՀՑՀՀ-ի հարկերից ազատված լինելու կարգավիճակին: Այդ փաստաթղթերը պետք է հասանելի լինեն հանրությանը զննման և պատճենահանման համար` համաձայն հարկերից ազատված կազմակերպություններին ներկայացված հանրային բացահայտման և հասանելիության պահանջներին: Այս պահանջներին չենթարկվելն էական դեր է խաղացել իմ սեփական հետաքննությունն անցկացնելու և արդյունքները հրապարակելու որոշման կայացման գործում: Այս քայլը վրդովեցրել է Մելեքյանին:

«Երբ Ձեզ խնդրեցի ինձ տալ երկու շաբաթ պարզելու, թե ինչն ինչոց է, հավաստիացրեցիք, որ կսպասեք: Ակնհայտ է, որ կորցրել եք ժամանակի զգացողությունը, որովհետև դրանից հետո մամուլի հաղորդագրություն հրապարակեցիք` թութակելով նախկին նախագահի անհիմն պնդումները»,- գրեց Մելեքյանը 2014 թ. հոկտեմբերի 14-ին մամուլի հաղորդագրությանս հրապարակումից երեք օր հետո: Մելեքյանը երևի թե  մոռացել է, որ չի բավարարել վերոնշյալ փաստաթղթեր ներկայացնելու իմ օրինական խնդրանքը: Արդեն երկու շաբաթ է անցել, բայց ես դեռ չեմ ստացել «մանրազնին նեքին ստուգումների» արդյունքները: Բացահայտը ցույց տալու համար անուն նշելու կարիք չկա. պարզ է, թե ով է կորցրել ժամանակի զգացողությունը: Կրկին անգամ ես զինված եմ բավականաչափ վկայություններով, որպեսզի գործը գլուխ բերեմ առանց հանձնախմբի «ներքին ստուգումների» բացահայտումների:

 

Գրանցումը Կալիֆորնիայի գլխավոր դատախազությունում

William M. Paparian, former chair of the PAGMC's board (© paparian4congress.com/)

ՓՀՑՀՀ-ի նախկին նախագահ Ուիլյամ Փափարյանը (© paparian4congress.com)

Իր մամուլի հաղորդագության մեջ Փափարյանի մատնանշած ամենավրդովեցուցիչ խնդիրներից մեկն այն փաստն էր, որ ավելի քան մեկ ու կես տարի շարունակ «ակամա խորհուրդը հուշակոթողի համար նվիրատվություններ է ստացել ապօրինաբար»: Այս խնդիրը նա կապել էր գանձապետի կողմից «իրավական փաստաթղթեր ներկայացնելու կարգն ամրագրող Կալիֆորնիայի օրենքներին չհետևելու» հետ:

Ըստ Կալիֆորնիայի կառավարության օրեսնգրքի 12585-րդ հոդվածի` հարկերից ազատված կազմակերպությունը պետք է գրանցվի գլխավոր դատախազության հանրային բարեգործական կազմակերպությունների գրանցամատյանում իր առաջին նվիրատվությունը ստանալուն հաջորդած 30 օրվա ընթացքում: Իր առաջին նվիրատվությունը ստացած լինելով 2013 թ. փետրվարի 26-ին` ՓՀՑՀՀ-ին 562 օր պահանջվեց այդ օրենքի պահանջը կատարելու համար: Այդ ընթացքում շահույթ չհետապնդող կազմակերպությունն ակամա և ապօրինաբար նվիրատվություններ է խնդրել և ստացել: Սա կարող էր ավելի երկար տևել, եթե Փափարյանը 2014 թ. օգոստոսի 18-ին չկապվեր ՓՀՑՀՀ-ի հաշվապահ Ջոն Սադին կազմակերպության հարկային հայտարարգրերի պատճենները խնդրելու համար:

«Ես հաշվապահ չեմ, բայց ինձ թվում է, որ այստեղ սխալներ կան: Կարո՞ղ եք ասել` ինչ է կատարվում»,- հարցրեց Սադին Փափարյանը այն բանից հետո, երբ հայտնաբերեց, որ խորհրդի գանձապետ և գլխավոր ֆինանսական պաշտոնյա Դավիթ Ջորջ Գևորգյանը սխալ EIN (Employer Identification Number (Գործատուի նույնականացման համար)) և սխալ հայտարարագրման ժամանակահատված է ներկայացրել  ՓՀՑՀՀ-ի հարկային հայտարարագրերում: Դեռ ավելին Գևորգյանն իր տան հասցեն է ներկայացրել կազմակերպության հասցեի փոխարեն: Այս քննարկումն ի վերջո սևեռվեց ՓՀՑՀՀ-ի օրինական կարգավիճակի խնդրի վրա: Սադը Փափարյանին ասաց, որ պետք է գրանցվեն Կալիֆորնիայի գլխավոր դատախազության հանրային բարեգործական կազմակերպությունների գրանցամատյանում և Ֆրանչայզային հարկային խորհրդում: Դա ապշեցրեց Փափարյանին, քանի որ դրանից ավելի քան մեկ տարի առաջ Գևորգյանը խորհրդին հավաստիացրել էր, որ հոգացել է կազմակերպությունը գրանցելուն առնչվող ողջ փաստաթղթերի մասին [taken care of] և որ պատրաստ են ներկայացման [ready to go]

Հարգելի խորհուրդ,

Շահույթ չհետապնդող կազմակերպություն գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթային աշխատանքն ավարտված է և պետք է ստուգվի Սադի կողմից: Հենց Ճապոնիայից վերադառնա (երկուշաբթի), մենք կհանդիպենք, որպեսզի ավարտի հասցնենք փաստաթղթերը: Հոգացել եմ գլխավոր դատախազությանը վերաբերող փաստաթղթերի մասին [taken care of], իսկ Ֆրանչայզային հարկային խորհրդին, նահանգի քարտուղարին և Ներքին եկամուտների ծառայությանը վերաբերող փաստաթղերը պատրաստ են ներկայացման [ready to go]: Հարցերի դեպքում խնդրում եմ զանգել կամ էլ. նամակ գրել:

2014 թ. օգոստոսի 28-ին` պակասող փաստաթղթերը բացահայտելուց մեկ օր անց, Փափարյանը հանձն առավ լուրջ սխալը շտկելու գործը: Նա պատրաստեց և ներկայացրեց Կալիֆորնիայի գլխավոր դատախազության հանրային բարեգործական կազմակերպությունների գրանցամատյանում և Ֆրանչայզային հարկային խորհրդում գրացնվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու երկու տարեկան զեկույցներ: Դիմումը բավարարվեց 2011 թ. սեպտեմբերի 11-ին:

Խնդիրը հայտնաբերվեց այն բանից հետո, երբ արդեն ավելի քան 100 հազար դոլարի չափ նվիրատվություն էր հանգանակվել, ինչպես նաև գրանտներ էին տրվել Կալիֆորնիայի նվիրաբերություն կազմակերպությունից: Այս լուրջ վրիպումը հետագայում հանգեցրեց բարեգործական վիճակախաղերի մասին քրեական օրենսգրքի 320.5 հոդվածի մի շարք խախտումների:

 

Ընթրիք և սիգարներ

2014 թ. հունիսի 19-ին ՓՀՑՀՀ-ն «Ընթրիք և սիգարներ» կոչվող միջոցառում կազմակերպեց Գլենդեյլի Phoenicia ռեստորանում: Մեկ հոգու մուտքավճարը 80 դոլար էր, որը ներառում էր ընթրիք և երեք պրեմիում սիգար: Հանգանակային միջոցառման ընթացքում նաև վիճակախաղ է անցկացվել: Համաձայն Ներքին եկամուտների ծառայության (ՆԵԾ) 1023 ձևի VIII մասի 4դ կետի (Part VIII, Line 4d of the IRS 1023 form)` «բոլոր դեպքերում և միջոցառումներում, բոլոր հանգանակային գործողություններն իրականացվում են և շարունակելու են իրականացվել ՓՀՑՀՀ-ի կողմից ՓՀՑՀՀ-ի համար»:

Ըստ քրեական օրենսգրքի 320.5 հոդվածի (c) կետի` իրավասու շահույթ չհետապնդող կազմակերպությունը, մինչև վիճակախաղ անցկացնելը, առնվազն մեկ տարի առաջ պետք է Կալիֆորնիայում գործունեություն ծավալելու իրավունք ստացած լինի: Դրանից բացի` վիճակախաղ անկացնելու համար ՓՀՑՀՀ-ը պետք է նաև գրանցվեր լիներ Արդարադատության նախարարությունում և հանգանակված գումարի չափի մասին տարեկան ֆինանսական զեկույցներ ներկայացներ: Ըստ գլխավոր դատախազության կայքի` Գևորգյանն այս ամենը չէր արել:

Դատելով 2014 թ. հոկտեմբերի 1-ին Գևորգյանի ներկայացրած ֆինանսական զեկույցից` նա վեց շաբաթ իր մոտ է պահել վիճակախաղից գոյացած, սակայն չհաշվառված կանխիկ գումարը, մինչև որ վերջապես բանկում չներդրեց $2.076, որից $1.426-ը` կանխիկ, ինչպես վավերացված է 2014 թ. օգոստոսի 5-ին լրացված ներդրման թերթիկում:

Photos from the PAGMC's Dinner & Cigars fundraising event

Լուսանկար ՓՀՑՀՀ-ի «Ընթրիք և սիգարներ» միջոցառումից (լուսանկարը Facebook-ից)

 

ՓՀՑՀՀ-ի բանկային գործողությունները

Գումար ի պահ դնելու համար ՓՀՑՀՀ-ն ունի երկու հաշիվ. գլխավոր հաշիվը, որը տնօրինում է Վերդուգոների համայնքային հիմնադրամը (ՎՀՀ (Community Foundation of the Verdugos)) և ՓՀՑՀՀ-ի կորպորատիվ բանկային հաշիվը: Այժմ անհամապատասխանություն կա այս երկու հաշիվների միջև, ինչը ենթադրում է յուրացում:

Ըստ ՆԵԾ-ի 1023 ձևի VIII մասի 4ե կետի (Առանձին հաշիվներ նվիրատվությունների համար) (Part VIII, Line 4e of the IRS 1023 form (Separate Accounts for Contributions))` ՓՀՑՀՀ-ի կորպորատիվ բանկային հաշիվն օգտագործվում է նվիրատվություններ հավաքելու և գլխավոր հաշիվ փոխանցելու համար: Վերջինիս նպատակն է կուտակել նվիրատուների ներդրումները «հուշակոթողի կառուցմանը և հետագայում պահպանմանն առնչվող բուն շինարարական և մերձշինարարական ծախսերը հոգալու համար»: Կորպորատիվ բանկային հաշվի մյուս գործառույթն այնպիսի ծախսերի փակումն է, ինչպիսիք են տպագիր նյութեր, գրասենյակային պարագաներ, միջոցառման համար նախատեսված սարքավորումների վարձակալություն և այլն:

Ըստ գլխավոր հաշվի` ընդամենը $106.751 է հանգանակվել այս նախագծի համար 2014 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ: Ինչևէ, ոչ բոլոր գումարներն են փոխացվել կորպորատիվ բանկային հաշվից գլխավոր հաշիվ: ՓՀՑՀՀ-ի բանկային հաշվի հիմնադրումից ի վեր, 2014 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, ներդրված կանխիկ գումարն ու ՓՀՑՀՀ-ի անունով գրված վճարագրերը կազմել են  $35.706: Նշված ժամանակահատվածում Ընդամենը $18.650 է փոխանցվել այս հաշվից ՎՀՀ-ի կողմից տնօրինվող գլխավոր հաշիվ` հաշվեկշռում թողնելով $17.056: Բանկային ծառայությունների համար գանձված գումարը կազմել է $365, իսկ 2014 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվում կար $323,30: Ի՞նչ է եղել $16.367,70-ի հետ:

Համաձայն ՓՀՑՀՀ-ի բանկային գործողությունների զեկույցի` 2014 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ միայն մեկ թույլատրելի ծախս է փակվել, որը համահունչ է ՆԵԾ-ի 1023 ձևի VIII մասի 4ե կետի պահանջներին: Խոսքը $399-ի վճարագրի մասին է, որը 2014 թ. օգոստոսի 22-ին տրվել է Փասադենայի քաղաքապետարանին շինարարության թույլտվություն ստանալու համար: Առկա տեղեկությունների հիման վրա առայժմ դժվար է պարզել մնացած $15,968-ի ճակատագիրը, սակայն հաստատ է, որ դրա մի մասն օգտագործվել է այնպիսի ծախսեր փակելու համար, որոնք չեն կարող համարվել «հուշակոթողի կառուցմանը և հետագայում պահպանմանն առնչվող բուն շինարարական և մերձշինարարական», ինչպես պահանջվում է ՆԵԾ-ի 1023 ձևի VIII մասի 4ե կետով:

Օրինակ` փաստ է, որ $236,91 է վճարվել ՓՀՑՀՀ-ի խորհրդի անդամ, 2016 թ. Կալիֆորնիայի նահանգային սենատի ընտրությունների մասնակից Էնթընի Փորթանթինոյին որպես մոմերի համար փոխհատուցում: Փորթանթինոն մոմեր էր գնել Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հիմքի օրհնությանը նվիրված միջոցառման համար, որը հենց ինքն էլ կազմակերպել և համակարգել էր 2014 թ. ապրիլի 27-ին: Վճարագիրը տվել էր Փորթանթինոյի ընտրարշավի կազմակերպիչ Գևորգյանը և կանխիկացվել 2014 թ. օգոստոսի 25-ին: Տարօրինակ է, որ վճարագրի վրա ավելացված ամսաթիվն է 2014 թ. ապրիլի 25-ը: Այսպիսի վճարումները կատարվել են ՆԵԾ-ի 1023 ձևի VIII մասի 4ե կետի վերջին հատվածի խախտմամբ.

Ամեն անգամ նվիրատվություն հայցելիս` պետք է նշվի, որ գումարները ուղղակիորեն ներդրվելու են Վերդուգոների համայնքային հիմնադրամի կողմից տնօրինվող «Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հիմնադրամ»: Եթե ՓՀՑՀՀ-ն կարիք ունենա գումար հանգանակել որոշակի գործողության համար (ինչպես օրինակ նամակների ուղարկում, միջոցառումների համար կատարվող վարձակալություն, սարքավորումներ և այլն), ապա անհրաժեշտ է դիմել նվիրատուների հենց այդ ծախսերը փակելու համար:

Ըստ Փափարյանի` որևէ նվիրատուի երբևէ խնդրանք չի ուղղվել ՓՀՑՀՀ-ի որևէ կազմակերպչական ծախս փակելու նպատակով:

 

Նոր մանրամասներ Գևորգյանի կենսագրական տվյալների խեղաթյուրման մասին

ՓՀՑՀՀ-ի մասին առաջին հոդվածում TheTruthMustBeTold.com-ին հաջողվեց անկախ հետաքննություն անցկացնել, որը հաստատեց Փափարյանի այն պնդումը, թե Դավիթ Գևորգյանն իրականում իր մասին կեղծ տեղեկություններ էր տրամադրել ՓՀՑՀՀ-ի խորհրդին: Փափարյանը TheTruthMustBeTold.com-ին որոշ մանրամասներ հայտնեց այն մասին, թե ինքն ինչպես էր տեղեկացել խեղաթյուրումների մասին:

2012 թ. մարտին ՓՀՑՀՀ-ի անդամ, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Փասադենայի (ԱՀԴՀ-Փասադենա) մասնաճյուղի նախագահ և Եփրեմյան Քընսալթինգ ընկերության նախագահ Շողիկ Եփրեմյանը հայտնեց Ուիլյամ Փափարյանին և նրա կնոջը` ՓՀՑՀՀ-ի նախկին վեբ-մաստեր և սոցիալական ցանցերի համակարգող Սոնա Փափարյանին, որ անճշտություններ կան Դավիթ Գևորգյանի ներկայացրած կենսագրության մեջ: Նա նաև հայտնեց, որ այդ խեղաթյուրումների պատճառով Գևորգյանը հեռացվել էր ԱՀԴՀ-Փասադենայի գանձապետի պաշտոնից: «Դրա համար էլ չեմ զարմանում, որ այս երիտասարդը ոչ մի տեղ չի աշխատել: Բայց սկսենք նրանից, որ նրան ոչ ոք էլ աշխատանքի չէր ընդունի»,- գրել է նա 2014 թ. մարտի 4-ին Փափարյանին ուղարկված էլ. նամակում:

Ուիլյամ Փափարյանին 2014 թ. ապրիլի 3-ին ուղարկված էլ. նամակում Եփրեմյանը Գևորգյանի մասին գրել է հետևյալը.

Նա մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու բացառիկ տաղանդ ունի: Ես նրան իմ խորհրդի կազմում որևէ պատասխանատու գործի չեմ դրել: Սա նրան Փասադենայի մասնաճյուղի գործունեությունից կտրելու մի եղանակ  է: Չեմ սիրում, երբ մարդիկ կազմակերպությունները սեփական շահի համար են օգտագործում: Ես նրան կամաց-կամաց դուրս կմղեմ իմ խորհրդի կազմից: Դա կարող է որոշ ժամանակ պահանջել:

Shoghig Yepremian, a PAGMC member (from her Linkedin account)

Շողիկ Եփրեմյան, ՓՀՑՀՀ-ի խորհրդի անդամ (լուսանկարը նրա Linkedin հաշվից)

Եփրեմյանի պնդումներից անհանգստացած` Փափարյանը որոշ տեղեկություններ հավաքեց, որոնք հաստատեցին Գևորգյանի կենսագրական տվյալների խեղաթյուրված լինելու փաստը: Արդյունքները հաստատվեցին նաև Գլենդեյլի քաղաքապետարանի կողմից կատարված նրա կենսագրական տվյալների հետաքննությամբ: Օգտվելով Կալիֆորնիայի հանրային բնույթի գրանցումների ակտից, համաձայն Կալիֆորնիայի կառավարության օրենսգրքի 6250 հոդվածի, ես Գլենդեյլի քաղաքաետարանին խնդրեցի ինձ տալ այդ հետաքննության հիման վրա կազմված զեկույցը, ինչպես նաև վճարովի և անվճար աշխատանքների համար Գևորգյանի ներկայացրած բոլոր դիմումները: Վեց օր անց ինձ համար միայն դիմումները հասանելի դարձրին:

Գլեդնեյլի քաղաքապետարանի աուդիտային հանձնաժողովի անդամ դառնալու համար ներկայացված իր դիմումի մեջ որակավորում/կրթություն բաժնի տակ Գևորգյանը գրել  է. «Ես վկայագրված գանձապետ եմ»: Ինչպես ապացուցվել էր TheTruthMustBeTold.com-ում հրատարակված նախորդ հոդվածում` «Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հանձնախումբը ճգնաժամ է ապրում», այս հայտարարությունը սուտ է: Այդուհանդերձ 2013 թ. հունիսի 11-ից մինչ օրս Գևորգյանը Գլենդեյլի քաղաքապետարանում շարունակում է մնալ աուդիտային հանձնակատար:

Որպես ՓՀՑՀՀ-ի միանձնյա հիմնադիր` Փափարյանը պատասխանատու էր խորհրդի նախնական անդամների նշանակման համար: Քանի որ Գևորգյանը ՓՀՑՀՀ-ի խորհրդի կազմում նշանակվել էր որպես ՀՅԴ-ի տեղական կառույցի ներկայացուցիչ, Փափարյանը դաշնակցական ղեկավարներին խնդրեց հանդիպել իր հետ և քննարկել Գևորգյանի կենսագրական կեղծ տվյալների խնդիրը: «Նրանց ներկայացրեցի բոլոր բացահայտումները, բայց ոչինչ այդպես էլ չարվեց»,- ասաց նա:

2014 թ. օգոստոսի 6-ին Սոնա Փափարյանը հեռացրեց Գևորգյանի կենսագրությունը www.pasagmc.com-ից` ՓՀՑՀՀ-ի այն ժամանակվա պաշտոնական կայքից, և այդ մասին էլ. նամակով տեղեկացրեց խորհրդի ողջ կազմին: Ինչևէ, կայքից Գևորգյանի կեղծ կենսագրության հեռացումը Սոնա Փափարյանին արժեցավ իր իսկ ապերի խզումը խորհրդի հետ:

Ահա մեկ հատված օգոստոսի 9-ի հանդիպման արձանագրությունից.

ԱՌԱՋԱՐԿ Բարնիի կողմից [Բերնարդ Մելեքյան]. 2014 թ. սեպտեմբերի 2-ին խորհուրդը կխզի ՓՀՑՀՀ-ի սոցիալական ցանցերի (կայք, Ֆեյսբուք և այլն) վերաբերյալ` կամավոր Սոնա Փափարյանի հետ ունեցած իր բոլոր պայմանավորվածությունները: Խորհուրդը ջանքեր կգործադրի մեկ այլ պրոֆեսիոնալ վեբ-մաստեր վարձելու համար: Էնթընին համաձայն է: Առարկություններ չկան:

Արձանագրությունից մեկ այլ հատված ցույց է տալիս, թե ինչպես Շողիկ Եփրեմյանը հետ կանգնեց իր իսկ ավելի վաղ արած հայտարարություններից` իրենից բացատրություններ պահանջող Դավիթ Գևորգյանի հետ առերեսվելիս.

Դավիթը խնդրեց, որ խորհրդի հանդիպման այս հատվածն արձանագրվի.

(վերաշարադրված) – Բիլը [Ուիլյամ Փափարյան] Դավիթին մեղադրեց, որ նա կեղծ մասնագիտական տվյալներ է ներկայացրել, որոնք հայտնաբերելուն պես` ԱՀԴՀ-Փասադենայի մասնաճյուղը հեռացրել է նրան գանձապետի պաշտոնից: Բիլն ասաց, որ խորհրդի մեկ այլ անդամ է դա պարզել և իրեն ու Սոնային տեղեկացրել: Դավիթը խնդրեց Բիլին բացահայտել իրեն տեղեկություններ տված ՓՀՑՀՀ-ի անդամի ինքնքությունը, և նա ասաց, որ Շողիկն է եղել: Դավիթը Շողիկին հարցրեց` ճի՞շտ է արդյոք, որ իրեն հեռացրել են գանձապետի պաշտոնից ոչ կոմպետենտ լինելու պատճառով: Շողիկն ասաց, որ ԱՀԴՀ-ն Դավիթին չի հեռացրել գանձապետի պաշտոնից: Դա տեղի է ունեցել սահմանված կարգով կատարվող խորհրդի ամենամյա հերթագայության արդյունքում: Շողիկն ասաց, որ Բիլին կամ Սոնային նման տեղեկություններ չի հայտնել և Դավիթի կենսագրական տվյալների մասին որևէ տեղեկություն չունի: Շողիկը խորհրդին ասաց, որ ԱՀԴՀ-ի խնդիրները չպետք է դառնան այս խորհրդի քննարկման առարկա:

 

Շահույթ չհետապնդող կազմակերպություն և քաղաքական ընտրարշավ

Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հիմքի օրհնությանը նվիրված և 2014 թ. ապրիլի 27-ին տեղի ունեցած միջոցառման պատրաստությունները տեսնելիս` Փորթանթինոն առաջարկել էր, որ ինքը զբաղվի հրավիրատոմսեր ուղարկելով, իսկ Փափարյանը` պատասխաններն ի մի բերելով: Հրավիրատոմսեր ուղարկելով անգամ հեռավոր Գլենդեյլում բնակվող պաշտոնյաների` Փորթանթինոն զլացել էր հրավիրել Փասադենայի փոխքաղաքապետ Ջեքի Ռոբինսոնին: Թեև հրավիրվել էին նաև Բըրբանքում բնակվող պաշտոնյաներ, Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատգամավոր Մայք Գաթոն հրավեր չէր ստացել: Երկուսն էլ Փորթանթինոյի մրցակիցներն են Կալիֆորնիայի նահանգային սենատի 2016 թ. ընտրություններում:

Չնայած պաշտոնական հրավեր չստանալուն փոխքաղաքաետ Ջեքի Ռոբինսոնը ներկա էր ՓՀՑՀՀ-ի ֆեյսբուքյան միջոցառման հայտարարության շնորհիվ: Ու թեև Մայք Գաթոն բացակա էր, նրա տեղական ներկայացուցիչ Մերի Մանուկյանը ներկա էր արարողությանը: Փափարյանը նրանց անուններն ընդգրկել էր VIP ցուցակում և միջոցառումից երկու օր առաջ հանձնել Փորթանթինոյին, որպեսզի արարողապետը` Կալիֆորնիայի կենտրոնական շրջանի թոշակի անցած դաշնային դատավոր Տիգրան Թևրիզյանը, նրանց պատշաճ ներկայացնի: Սակայն արարողության ժամանակ, որքան էլ տարօրինակ է, նրանց անունները չհայտարարվեցին, և Փափարյանը ստիպված եղավ այդ անձանց այցեքարտերը տալ դատավոր Թևրիզյանին, ով, ի վերջո, ներկայացրեց նրանց:

Շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեության մեջ քաղաքական ընտրարշավի միջամտությունը կարգավորող ՆԵԾ-ի կանոնները կարծես չափազանց նեղ են Կալիֆորնիայի սենատոր դառնալու Էնթընի Փորթանոինոյի քաղաքական հավակնոտ հայտի համար: Սակայն խորհուրդը լքելու որոշումը կարող է թանկ նստել նրա վրա, քանի որ դա կարող է վնասել ամերիկահայ ընտրողների աջակցությունը հայցելու հեռանկարը: Օրինակ` նրա ընտրարշավի կազմակերպիչ Դավիթ Գևորգյանը այլևս չի կարողանա ճոխացնել Փորթանթինոյի կերպարը` Փասադենայում Հայոց Ցեղասպանության հուշակոթողի կառուցման գործում նրա դերին հղումներ կատարելով, ինչպես նա արել էր 2014 թ. հունիսի 26-ին Գլենդեյլի «Ռենեսանս» հանդիսասրահում (Renaissance banquet hall) տեղի ունեցած նրա բարի գալստյան ընդունելությունը գովազդող իր ֆեյսբուքյան գրառման մեջ.

David Gevorkyan's FB post promoting Anthony Portantino

Էնթընի Փորթանթինոյին գովազդող` Դավիթ Գևորգյանի ֆեյսբուքային գրառումը

Մեր համայնքի թանկագին ընկերը, ով ներկայացրել է մեզ Սակրամենտոյում` Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում, ով աշխատում է Ցեղասպանության հուշակոթողի կառուցման վրա, ով Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հյուր դասախոս է, ով նահանգային հանձնակատար է, ով Լա Կանյադա/Ֆլինթրիջի նախկին քաղաքապետն է և, իսկապես մարդամոտ ընկեր է ու բոլորիս ներկայացուցիչը, մասնակցում է նահանգային սենատի ընտրություններին: Ցանկանում եմ, որ բոլորս հավաքվենք և աջակցենք Էնթընի Փորթանթինոյին հունիսի 26-ին «Ռենեսանս» հանդիսասրահում:

Հիմքի օրհնության արարողության վրա ստվեր գգցեց ևս մի միջադեպ, երբ դատավոր Թևրիզյանը Լոս Անջելեսի կոմսության շերիֆի տեղակալ Ջեյմս Հելմոլդին անսպասելիորեն ներկայացրեց որպես Լոս Անջելեսի կոմսության շերիֆի թեկնածու: Դեռ ավելին` Հելմոլդը հրավիրվեց բեմ խոսք ասելու: Հայտնի չէ` արդյոք դա Թևրիզյանի անձնական որոշումն էր, թե նա պարզապես նախօրոք գրված սցենարից էր օգտվել, սակայն, այնուամենայնիվ, դա 501 (c)(3) հոդվածի տակ գործող կազմակերպությունների վերաբերյալ ՆԵԾ-ի պայմանների կոպիտ խախտում էր: Թեև դատավոր Թևրիզյանը ՓՀՑՀՀ-ի խորհրդի անդամ չէ, այդ օրը նա ներկայացնում էր այն արարողապետի կարգավիճակով:

501 (c)(3)-ի կողմից քաղաքական ընտրարշավի միջամտության արգելքի մասին հաճախ տրվող հարցերի բաժնում գրված է.

Եթե թեկնածուն հրավիրվում է խոսելու կազմակերպության միջոցառման ընթացքում քաղաքական թեկնածուի կարգավիճակով, ապա կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի որպեսզի.

ա) հավասար ժամանակ տրամադրի միևնույն պաշտոնին հավակնող բոլոր քաղաքական թեկնածուների համար;

բ) չարտահայտի իր դրական կամ բացասական դիրքորոշումը որևէ թեկնածուի նկատմամբ (թեկնածուներին ներկայացնելիս կամ որևէ թեկնածուի այցելությունն ընդգծող հրապարակումներում); և

գ) քաղաքական հանգանակում տեղի չունենա:

Բոբ Օլմսթեդը, ով միևնույն պաշտոնին հավակնող մեկ այլ թեկնածու է, ներկա էր հիմքի օրհնության արարողությանը: Սակայն ՓՀՑՀՀ-ի ոչ մի անդամ չփորձեց շտկել Հելմոլդին առնչվող սխալը: Որպես հետևանք, Օլմսթեդին ոչ միայն հավասար ժամանակ, այլ ոչ մի վայրկյան չատկացվեց: Նրա անունը որևէ կերպ չհայտարարվեց:

 

Եզրակացություններ և խորհուրդներ

Շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեության մեջ քաղաքական ընտրարշավի միջամտությունը կարգավորող ՆԵԾ-ի կանոնները չափազանց խիստ են Էնթընի Փորթանթինոյի ընթացիկ քաղաքական գործունեության համար: Ինչպես շեշտվել էր առաջին հոդվածում` Էնթընի Փորթանթինոն  և նրա ընտրարշավի կազմակերպիչ Դավիթ Գևորգյանը պետք է լքեն ՓՀՑՀՀ-ի խորհուրդը: Այս հոդվածի լույսի ներքո, բոլոր նրանք, ովքեր իրականացրել, օժանդակել կամ ծածկադմփոց են արել վերոնշյալ ապօրինի գործողությունները, պետք է անհապաղ հեռացվեն ՓՀՑՀՀ-ի խորհրդի կազմից:

Հուշակոթողի շինարարությունը, որը նախապես ծրագրված էր սկսել 2014 թ. սեպտեմբերին, դեռ չի մեկնարկել: Ըստ TTG ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Զարեհ Աստուրյանի, ով կամավոր հիմունքներով իր ժամանակն է տրամադրել շինարարության ճարտարագիտական մասը վերահսկելու համար, որպեսզի հուշակոթողը պատրաստ լինի 2015 թ. ապրիլի 24-ին, շինարարությունը պետք է սկսի նոյեմբերի սկզբից ոչ ուշ: Սակայն ՓՀՑՀՀ-ի ներսում առկա ճգնաժամը խոչընդոտ է դարձել նախագծի համար: Որքան շուտ խորհրդի ներկա անդամները լուծեն ՓՀՑՀՀ-ի առաջ ծառացած խնդիրները, այնքան շուտ կօգնեն հաղթահարել հուշակոթողի շինարարությունը մինչև Ցեղասպանության 100-ամյակն ավարտելու մարտահրավերը:

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը; հեղինակել է «Հայաստան» համահայկական հիմանդրամի մասին «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուղեցույցը: