Oct 112014
 
 October 11, 2014  Add comments
Future Armenian Genocide Memorial in Pasadena, CA

Հայոց Ցեղասպանության ապագա հուշակոթող Փասադենայում (© www.pasagmc.org)

Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հանձնախմբի (ՓՀՑՀՀ) խորհրդի նախագահի պաշտոնից Փասադենայի նախկին քաղաքապետ Ուիլյամ Փափարյանի հրաժարումը շոկային ալիք առաջացրեց Կալիֆորնիայի հայ համայնքում։ 2014 թ. սեպտեմբերի 30-ին հրապարակված իր մամուլի հաղորդագրության մեջ նա լուրջ մեղադրանքներ է հնչեցրել խորհրդի մի շարք անդամների հասցեին։

Փափարյանի կատարած պնդումները ճշտելու և ստեղծված իրավիճակին տիրապետելու նպատակով իմ սեփական հետաքննությունը նախաձեռնեցի։ Հայոց Ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողի աջակից լինելով հանդերձ, հենվելով նախնական բացահայտումներիս վրա` ստիպված եմ կասեցնել ՓՀՑՀՀ–ին հայտնածս զորակցությունը, քանի դեռ այն թաթախված է ապօրինությունների մեջ։

ՓՀՑՀՀ–ը հիմնադրվել է 2012 թ. Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում Հայոց Ցեղասպանության հուշակոթող նախագծելու, կառուցելու և պահպանելու նպատակով։ Ցեղասպանություն վերապրածի անդրանիկ զավակ և ավելի քան 35 տարվա դատապաշտպանության փորձ ունեցող Ուիլյամ Փափարյանը ՓՀՑՀՀ–ի միանձնյա հիմնադիրն է։

Նախ և առաջ ստուգեցի Փափարյանի այն ցնցող պնդումը, որ «ակամա խորհուրդը հուշակոթողի համար նվիրատվություններ է ստացել ապօրինաբար» ընդհուպ մինչև 2014 թ. սեպտեմբերի 11–ը։ Ըստ Կալիֆորնիայի Գլխավոր դատախազության`հենց այդ օրն է ՓՀՑՀՀ–ը գրանցվել որպես բարեգործական կազմակերպություն։ Հետևաբար ընդհուպ մինչև 2014 թ. սեպտեմբերի 11–ը ՓՀՑՀՀ–ն ապօրինաբար է խնդրել և ստացել ընդհանուր առմամբ ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվություններ` ներառյալ 2014 թ. մայիսի 23–ին իմ ներդրած լուման։

Ապօրինության հանրայնացումից մեկ օր անց` 2014 թ. հոկտեմբերի 1–ին, նամակ գրեցի հուշակոթողի կառուցման համար հավաքված գումարները տնօրինող Վերդուգոների համայնքային հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն (Chief Executive Officer of the Community Foundation of the Verdugos) Էդնա Կարինսկուն (Edna Karinski)։ Ներկայացրեցի վերոնշյալ բացահայտումները, հետ պահանջեցի 500 դոլարի իմ նվիրատվությունն ու հորդորեցի, որ իրենց գումարները հետ ստանալու ընտրանքն ընձեռի մինչև 2014 թ. սեպտեմբերի 11–ը նվիրատվություն կատարած բոլոր անձանց և կազմակերպություններին։

Նույն նամակում արտահայտեցի նաև վրդովմունքս որ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելուն նպատակաուղղված ծրագիրը ՓՀՑՀՀ–ի խորհրդի անդամ և Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամի թեկնածու Էնթընի Փորթանթինոն օգտագործում է սեփական քաղաքական առաջխացումն ապահովելու, հայ համայնքում իր կերպարը բարելավելու և, հետևաբար, գալիք ընտրարշավի համար հայերի ֆինանսական աջակցությունը ստանալու համար։ Սա ոչ միայն անբարոյական է, այլև բացարձակապես արգելված` ըստ ԱՄՆ հարկային օրենսդրության 501 (c)(3) հոդվածի համաձայն գրանցված հանրային բարեգործական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների (տես` 501 (c)(3) հանրային բարեգործական կազմակերպությունների առջև դրված պահանջների կատարման ուղեցույց (Compliance Guide for 501 (c)(3) Public Charities))։

Bernard Melekian, interim chair of the PAGMC

Բերնարդ Մելեքյան, ՓՀՑՀՀ–ի ժամանակավոր նախագահ

Կարինսկին իմ էլ. նամակը փոխանցեց ՓՀՑՀՀ–ի խորհրդին։ Երկու օր անց պատասխան ստացա Փասադենայի նախկին ոստիկանապետ և ՓՀՑՀՀ խորհրդի ժամանակավոր նախագահ Բերնարդ Մելեքյանից։ «Պետք է տեղյակ լինեք, որ թերթում հնչեցված մեղադրանքներն այժմ ուսումնասիրվում են ներքին ստուգումների շրջանակներում։ Ակնկալում ենք ստուգումներն ավարտել մոտակա երկու շաբաթների ընթացքում»,– գրեց նա` խոստանալով խնդրանքս քննարկման առարկա դարձնել խորհրդի եկող նիստի ընթացքում։ Նրան խնդրեցի ինձ տրամադրել հետևյալ փաստաթղթերը.

  1. ՓՀՑՀՀ–ի ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (ՆԵԾ) 1023 ձևը (IRS Form 1023);
  2. ՓՀՑՀՀ–ի վերջին երեք տարիների ՆԵԾ 990 ձևը (IRS Form 990);
  3. Կալիֆորնիա նահանգի ֆրանչայզային հարկային խորհրդի ներկայացրած փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս ՓՀՑՀՀ–ի հարկերից ազատված լինելու կարգավիճակը։
  4. Փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ինձնից նվիրատվություն խնդրելու և ստանալու պահին ՓՀՑՀՀ–ն Կալիֆորնիա նահանգից համապատասխան թույլտվություն ուներ։

Ըստ ՆԵԾ-ի`«հարկերից ազատված կազմակերպությունները պետք է ապահովեն իրենց տարեկան հայտարարագրերի ու հարկերից ազատված լինելուն առնչվող` ՆԵԾ–ին ներկայացված դիմումների հասանելիությունը հանրության կողմից զննման և պատճենման համար»։ Վերոնշյալ փաստաթղթերը պահանջելու համար նվիրատու լինելը պարտադիր չէ։ Պահանջված փաստաթղթերն ինձ ներկայացնելու փոխարեն` ՓՀՑՀՀ–ի խորհրդի տարբեր անդամներ, ինչպես նաև Վերդուգոների համայնքային հիմնադրամի որոշ աշխատակիցներ ինձ մի շարք էլ. նամակներ ուղարկեցին` խնդրելով հայտնել նվիրատվությանս չեկի համարն ու բանկի անունը։

Փափարյանն իր մամուլի հաղորդագրությունում պնդում է, որ կազմակերպության կարգավիճակին առնչվող խնդիրներն առաջացել են խորհրդի գանձապետի` «իրավական փաստաթղթեր ներկայացնելու կարգն ամրագրող Կալիֆորնիայի օրենքներին չհետևելու հետևանքով»։ Քանի դեռ խորհրդից որևէ փաստաթուղթ չեմ ստացել, իսկ ներքին ստուգումները դեռ ընթացքի մեջ են, ստիպված պիտի լինեմ այս խնդրին վերադառնալ ավելի ուշ։ Մինչ այդ անցնեմ Փափարյանի ավելի հեշտորեն և սեղմ ժամկետներում ճշգրտելի հայտարարություններին։

David George Gevorkyan (Facebook profile picture)

Դավիթ Գևորգյան` ՓՀՑՀՀ–ի գանձապետ (Facebook–ի անձնական էջից)

ՓՀՑՀՀ–ի խորհրդի գանձապետ Դավիթ Ջորջ Գևորգյանը (David George Gevorkyan) մեղադրվում է նաև իր աշխատանքային փորձի և կրթության մասին կեղծ տեղեկություններ հայտնելու մեջ։ Փափարյանը գրում է, որ այս տեղեկությունը «հաստատվել է մեկ այլ քաղաքապետարանի իրականցրած կենսագրական հետաքննության վրա, որով հայտնաբերվել է, որ խորհրդատվական հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացված իր դիմումի մեջ գանձապետն իր աշխատանքային, կրթական փորձը ներկայացնելիս` էական խեղաթյուրումներ է թույլ տվել և որ Փասադենայում գործող հայ համայնքային կազմակերպությունից նա հեռացվել է այդ նույն պատճառներով»։ Ուսումնասիրել և պարզել եմ, որ խոսքը Գլենդեյլի քաղաքապետարանի մասին է, որտեղ Գևորգյանն այժմ աուդիտային հանձնակատար է։ Կապվեցի Գլենդեյլի քաղաքապետարանին, և ինձ ասացին, որ վերոնշյալ կենսագրական հետաքննության զեկույցի պատճենի տրամադրումը կարող է տևել մինչև տասը օր։ Սպասելու փոխարեն մի քանի ժամվա ընթացքում ինքս պարզ և փաստերով հագեցած հետաքննություն անցկացրեցի։

Ձևից և բովանդակությունից դատելով` այժմ անցանց www.pasagmc.org կայքում Դավիթ Գևորգյանի կենսագրությունն իր Linkedin հաշվում ներկայացվածի ավելի վաղ տարբերակն էր։ Ամենաթարմ տարբերակում կրթության տակ Գևորգյանը նշել է հետևյալ հաստատությունները. California State University-Northridge (Bachelor’s Degree, Public Administration), University of California, Berkeley (Berkeley Executive Program (EIP), Management of Government Organizations) և Association for Financial Professionals (Treasury and Cash Asset Management)

(ՀԱՅԵՐԵՆ` Կալիֆորնիայի պետական համալսարան–Նորթրիջ (Բակալավրի աստիճան, հանրային կառավարում), Կալիֆորնիայի համալսարան, Բերկլի (Բերկլիի գործադիր ծրագիր, պետական հաստատությունների կառավարում) և Ֆինանսիստների ընկերակցություն (գանձարանի և կանխիկ ակտիվների տնօրինում))

Ըստ www.studentclearinghouse.org կայքի` Դավիթ Գևորգյանը հաճախել է Նորթրիջի համալսարանը 2004-2009 թթ.։ Սակայն չի հաստատվել նրա որևէ աստիճան ստացած լինելու տեղեկությունը։ Նույն կայքին չի հաջողվել գտնել նրա անունը Բերկլիի համալսարանն ավարտածների կամ հաճախածների ցուցակներում։

Մինչև 2014 թ. հոկտեմբերի 7–ը Դավիթ Գևորգյանն իր Linkedin հաշվում ներկայացնում էր, թե Ֆինանսիստների ընկերակցության կողմից վկայագրված գանձապետ է (certified treasury professional)։ Պարզ չէ` արդյոք Փափարյանի մամուլի հաղորդագրությունն է եղել դրդապատճառը, սակայն այդ պնդումն արդեն ջնջված է նրա Linkedin հաշվի ներկա տարբերակում։

David Gevorkyan’s educational background as presented in Linkedin profile

Դավիթ Գևորգյանի կրթական տվյալները` ինչպես որ ներկայացված են իր Linkedin հաշվում

Ֆինանսիստների ընկերակցության վկայագրման բաժնի աշխատակից Գլեն Դագլըսն (Glen Douglas, Certification Department of the Association for Financial Professionals) ինձ հայտնեց, որ Դավիթ Գևորգյանը վկայագրված գանձապետ չէ։ Գևորգյանը նրանց մոտ գրանցվել է 2011 թ. սեպտեմբերի 30–ին թեստ հանձնելու նպատակով, սակայն կտրվել է։ Ֆինանսիստների ընկերակցության հաճախորդների սպասարկու Նիքոլ Բենեթը հայտնեց, որ Գևորգյանը ևս մեկ թեստ է հանձնել` 2012 թ. մարդին, սակայն կրկին անհաջող։ Ըստ ընկերակցության արխիվի` Գևորգյանն իրենց անդամակցել է 2011 թ. սեպտեմբերի 1–ից մինչև 2013 թ. մարտի 27–ը։ Բենեթն ավելացրեց, որ անդամ կարող է դառնալ ցանկացած մեկը` անկախ կրթական կամ աշխատանքային տվյալներից։ Միակ պահանջը տարեկան 495 դոլար անդամավճար մուծելն է։

Ինչ վերաբերում է Գևորգյանի աշխատանքային փորձին, ըստ իր Linkedin հաշվի, նա այժմ աուդիտային հանձնակատար (Audit Commissioner) է Գլենդեյլի քաղաքապետարանում (տես` http://www.ci.glendale.ca.us/audit_committee.aspx), ինչպես նաև պարտատոմսերի վերահսկման հանձնակատար (Bond Oversight Commissioner) Գլենդեյլի միացյալ դպրոցական շրջանում (Glendale Unified School District):

Նախկին աշխատավայրերի ցուցակում Գևորգյանը ներառել է հետևյալը.

  • Department of Finance – Budget Division, City of Pasadena
    February 2014 – June 2014 (5 months)
  • Department of Finance – Treasury Division, City of Pasadena
    September 2010 – October 2011 (1 year 2 months)
  • Department of Finance – Budget Division, City of Pasadena
    September 2010 – October 2011 (1 year 2 months)
  • Administrative Services Department and Personnel Department, City of Sierra Madre
    April 2010 – October 2010 (7 months)
  • City Council/City Manager Offices, City of West Hollywood
    June 2008 – June 2009 (1 year 1 month)

ՀԱՅԵՐԵՆ`

  • Ֆինանսների վարչություն – բյուջեի բաժին, Փասադենայի քաղաքապետարան
    Փետրվար 2014 – հունիս 2014 (5 ամիս)
  • Ֆինանսների վարչություն – գանձապետական բաժին, Փասադենայի քաղաքապետարան
    Սեպտեմբեր 2010 – հոկտեմբեր 2011 (1 տարի  2 ամիս)
  • Ֆինանսների վարչություն – բյուջեի բաժին, Փասադենայի քաղաքապետարան
    Սեպտեմբեր 2010 – հոկտեմբեր 2011 (1 տարի 2 ամիս)
  • Վարչական ծառայությունների վարչություն և կադրերի բաժին, Սիերա Մադրեի քաղաքապետարան
    Ապրիլ 2010 – հոկտեմբեր 2010 (1 տարի 1 ամիս)
  • Քաղաքապետարանի խորհուրդ/Քաղաքի կառավարչի գրասենյակ, Ուեսթ Հոլիվուդի քաղաքապետարանՀունիս 2008 – հունիս 2009 (1 տարի 1 ամիս)

Փասադենայի քաղաքապետարանի բյուջեի կառավարիչ Րիչարդ Դեյվիսը (Richard Davis, Budget Administrator at the City of Pasadena) պարզաբանեց, որ Դավիթ Գևորգյանը ոչ թե Փասադենայի քաղաքապետարանի աշխատող է եղել, այլ վարձվել է որպես անկախ կապալառու` «անձնական սպասարկման պայմանագրի շրջանակներում» (‘personal services contract’)։

Այդ պայմանագրային աշխատանքից առաջ Գևորգյանը Փասադենայի քաղաքապետարանում չվարձատրվող ինթերն է եղել։ Հետագայում, երբ Դեյվիսի «աշխատակիցներից մեկը ֆինանսների վարչությունում օգնության կարիք է ունեցել», Դավիթ Գևորգյանին աշխատանքի են ընդունել որպես անկախ կապալառու։ «Ապա, մոտ վեց թե քանի ամիս առաջ ես Դավիթին կանչեցի մի 2-3 ամսով, 3 ամսով, որ մեզ օգնի բյուջեն ներկայացնելու հարցում»,– ասաց նա։

Anthony Portantino, candidate for California State Senate, PAMGC board member (© www.facebook.com/PasadenaGenocideMemorial)

Էնթընի Փորթանթինո` Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամի թեկնածու և ՓՀՑՀՀ–ի անդամ (© www.facebook.com/PasadenaGenocideMemorial)

Թեև կատարվել է պաշտոնական կենսագրական ստուգում և մատնահետքեր են վերցվել, Դեյվիսն ասաց, որ որպես անկախ կապալառուի վարձելուց առաջ Գևորգյանի կրթական տվյալները չեն ճշտվել։ Նա բավարարվել է Գևորգյանի` ինթերնի կարգավիճակում ստացած փորձով։ «Այդ փորձը նպաստավոր էր»,– ասաց նա։ Այսպիսով` Գևորգյանին վարձեցին որպես բյուջեի վերլուծաբան Փասադենայի քաղաքապետարանի բյուջեն նախապատրաստելու նպատակով։

Սիերա Մադրեի քաղաքապետարանի քաղաքի կառավարչի օգնական Էլիսա Քոքսը (Elisa Cox, Assistant City Manager at the City of Sierra Madre) ասաց, որ Դավիթ Գևորգյանը վարձատրվող աշխատող չի եղել։ Նա կամավոր է եղել և հենց իր հետ էլ աշխատել է։ «Մենք այդ ժամանակ աշխատում էինք Հանգստի/զվարճանքների վարչությունում (Recreation Department)։ Նա հետազոտություն էր կատարում, հարցումներ, տվյալներ էր հայթայթում»,– ասաց նա։

Ուեսթ Հոլիվուդի քաղաքապետարանից Շանթե Բըրոուզը (Shante Burroughs) հայտնեց, որ Դավիթ Գևորգյանը երբևէ չի աշխատել տվյալ քաղքապետարանում։ «Անպայման մոտս գրանցված կլիներ»,– ասաց նա։– «Երևի չվարձատրվող ինթերն կամ կամավոր է եղել»։

Արդեն այս ճչացող անճշտությունների բերումով Դավիթ Գևորգյանը պետք է անհապաղ հրաժարական տա խորհրդի գանձապետի պաշտոնից և հրաժարվի ՓՀՑՀՀ–ի խորհրդում իր անդամությունից։ Նմանապես` Էնթընի Փորթանթինոն պետք է լքի խորհուրդը, քանի որ նրա ներկա քաղաքական գործունեությունը վտանգի տակ է դնում ՓՀՑՀՀ–ի բարեգործական կարգավիճակը։ Անկախ խորհրդի ներքին ստուգումների արդյունքներից` ես պատրաստվում եմ շարունակել իմ հետաքննությունը։

Հուսով եմ, որ այս ճգնաժամը կհանգուցալուծվի արդարությամբ, որպեսզի այս շատ կարևոր հուշակոթողն օծվի Փասադենայում 2015 թ. ապրիլի 24–ին` Հայոց Ցեղասպանության 100–ամյակի տարլիցին։ Այս հուշակոթողն ինձ համար հատուկ նշանակություն ունի որպես վերապրողի վկայություն, ճիշտ ինչպես ընկալում եմ «Նեմեսիս» գործողությունը, որով իրակացվել է 1920-1922 թթ. Հայոց Ցեղասպանության գլխավոր եղեռնագործների`Թալաթ, Էնվեր և Ջեմալ փաշաների ոչնչացումը։ Խույս տալով Թուրքիայում կայացված մահվան դատավճռից` նրանք կրկին պատրաստվում էին համախմբվել հայերի ոչնչացման վերջին էջը գրելու նպատակով։ Սակայն «Նեմեսիս» գործողությունը մեկընդմիշտ վիժեցրեց նրանց ջանքերը: Նեմեսիս գաղտնանունով հայտնի պապս` Շահան Նաթալին, այդ գործողության գլխավոր պատասխանատու կազմակերպիչն էր։

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը; հեղինակել է «Հայաստան» համահայկական հիմանդրամի մասին «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուղեցույցը: