Sep 172012
 
 September 17, 2012  Add comments

Գերմանացի ներդրողը Գագիկ Ծառուկյանից համարժեք փոխհատուցում է պահանջում

(Տես նաեւ` ՄԱՍ 1ՄԱՍ 2ՄԱՍ 3ՄԱՍ 4ՄԱՍ 5ՄԱՍ 6ՄԱՍ 7, ՄԱՍ 8, ՄԱՍ 9)

Հեղինակ` Քրիստինե Աղալարյան

Աղբյուր` «Հետք»

Հոկտեմբերի 8, 2012

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել են գերմանացի ներդրողն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, ավելի կոնկրետ` «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի գործով դատական նիստերը: «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը և վերականգնել բաժնատիրոջ իրավունքները: «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը պնդում է, որ ընկերությունը արհեստականորեն արժեզրկել է սեփական կապիտալը, որպեսզի նվազեցնի նաեւ բաժնետոմսերի շուկայական գինը:

Հիշեցնենք, որ բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել(կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը’ դրանցից ամեն 2363.5 հատը փոխարկելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով:

Դեռևս 2010-ի ապրիլին դատարանի որոշմամբ նշանակվել էր դատահաշվապահական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որը պետք է իրականացնեին ՀՀ ԳԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և «Անիկոմ» ՍՊԸ-ի փորձագետներին: Փորձագիտական ազգային բյուրոն մոտ տաս ամիս ձգելուց հետո հայտնել էր, որ կարող է գործը սկսել 2012թ. Սեպտեմբերին: Փաստաբանները գտել են, որ դրանով խախտվում է գործը ողջամիտ ժամկետում քննելու հայցվորի իրավունքը և հրաժարվել են նշված փորձաքննությունից:

Ըստ «Անիկոմ» ՍՊԸ-ի եզրակացության` ընկերության հիմնական միջոցների շուկայական արժեքը 12.10.2008թ. դրությամբ կազմում է 8.913.534 .000 ՀՀ դրամ: Ընկերության բաժնետոմսերի դիմաց փոխհատուցման գումարը սահմանվել է` հիմք ընդունելով 12.10.2008թ. հաշվապահական հաշվեկշիռը, որի համաձայն հիմնական միջոցները նշվել է 5.299.980.000 ՀՀ դրամ` 10.594.472.000 ՀՀ դրամի փոխարեն: Այս արժեքն էլ բնականաբար ազդել է սեփական կապիտալի վրա և այն սահմանվել է 812.652.000 ՀՀ դրամ:

«Հայտնի է, որ ընկերության սեփական կապիտալը, դա ակտիվների և պասիվների դրական տարբերությունն է, հետևաբար ակտիվների (հիմնական միջոցների) պակասեցումը հանգեցնում է սեփական կապիտալի պակասեցման:  Նման պայմաններում, միայն հիմնական միջոցների գնահատման մասով տարբերությունը կազմում է 8.913.534 .000- 5.299.980.000=3.613.554.000 ՀՀ դրամ:  

Հետևաբար, սեփական կապիտալում նշված 812.652.000 ՀՀ դրամը պետք է ավելացվի առնվազն 3.613.554.000 ՀՀ դրամով, որի դեպքում սեփական կապիտալը կկազմի 4.426.206.000 ՀՀ դրամ (812.652.000+3.613.554.000): Միայն հիմնական միջոցների գնահատման այս շեղումի արդյունքում հայցվոր կազմակերպության` կոսնոլիդացիայի հետևանքով բաժնետոմսերի դիմաց հատուցվող արժեքը կկազմի 142.324.653,93 ՀՀ դրամ (4.426.206.000×3,2155%)»,- հաշվարկել են «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն ներկայացնող փաստաբաններ Արա Զոհրաբյանը և Դավիթ Դանելյանը:

«ԻստԻնվեստոր»-ի ներկայացուցիչները դատարանին հայցապահանջի հիմքը և առարկան փոխելու միջնորդություն են ներկայացրել: Բացի նրանցից, որ նրանք պահանջում էին վերականգնել «Իստինվեստոր» ՍՊԸ-ի` «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը (կանոնադրական կապիտալում 3,2155 % տեսակարար կշռով), դրա անհնարինության դեպքում նաև պարտավորեցնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատին» «Իստինվեստոր» ՍՊԸ-ին պատկանող 1520 հատ բաժնետոմսերի դիմաց տրամադրել շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում` հաշվի առնելով նաև այն, որ միայն «Անիկոմ» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությամբ 12.10.2008թ. դրությամբ սահմանված 8.913.534.000 ՀՀ դրամ հիմնական միջոցների արժեքի պարագայում սեփական կապիտալը կազմում է 4.426.206.000 ՀՀ դրամ:

Գործը մտավ դատաքննության փուլ: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 25-ին: