Sep 172012
 
 September 17, 2012  Add comments

Պահանջում են փորձաքննություն նշանակել

(Տես նաեւ` ՄԱՍ 1ՄԱՍ 2ՄԱՍ 3ՄԱՍ 4ՄԱՍ 5, ՄԱՍ 6ՄԱՍ 7, ՄԱՍ 8, ՄԱՍ 9)

Հեղինակ` Քրիստինե Աղալարյան

Աղբյուր` «Հետք»

Ապրիլի 16, 2010

English version

Երկար ընդմիջումից հետո այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «ԻստԻնվեստոր» գերմանական ներդրումային ընկերության հայցի քննությունն ընդդեմ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի։ «Իստինվեստորի» ներկայացուցիչ Դավիթ Դանելյանը միջնորդեց նշանակել դատահաշվապահական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, ըստ այդմ՝ պարզել, թե որքան կկազմեր Ընկերության սեփական կապիտալը և մեկ բաժնետոմսի գինը դրանք համախմբելու պահի դրությամբ (12.10.2008թ.)։ Հայցվոր կողմը միջնորդեց փորձաքննության կատարումը հանձնարարել ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին։

«Անհամարժեք փոխհատուցում չի տրվել, և դա, ինչպես նշել ենք նաև հայցադիմումում, մենք համարում ենք սեփականության իրավունքի խախտում, դրա համար անհրաժեշտ է իրական շուկայական արժեքը ճշտել»,- «Հետք»-ին ասաց փաստաբան Դավիթ Դանելյանը։

Հիշեցնենք, որ դատարանը պարտավորեցրել էր «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին դատարան ներկայացնել իր հաշվապահական հաշվեկշռում «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ում ունեցած 50% բաժնետոմսերի գնահատված արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, այն է` հաշվապահական հաշվեկշիռը: Այս փաստաթուղթը հայցվոր կողմը փորձել էր ինքնուրույն ստանալ` դիմելով «Երեւան կոնյակի գործարան»-ին, սակայն նրանց փաստաթուղը չէր տրամադրվել: Ավելին, դատարանի՝ միջնորդության բավարարումից հետո ևս փաստաթուղթն «Իստինվեստորի» ներկայացուցիչներին չէր տրամադրվել։ Միայն ԴԱՀԿ-ի միջամտությամբ, ի վերջո, հայցվոր կողմը կարողացել է ստանալ նշված փաստաթուղթը։

««Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը» «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության հետ ստեղծել է «Բրենդի Բրիջ» փակ բաժնետիրական ընկերությունը` հավասար բաժնեմասերով (50%-50%): «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ին է փոխանցվել «Արարատ» անվանումներով (անգլերեն եւ ռուսերեն) ապրանքային նշանները: «Արարատ» ԿԳՕԿ-ն, 50 տոկոս բաժնեմասնակցությունն իր հաշվապահական հաշվեկշռի հաշվեկշռում արտացոլելով, գնահատել է 2.5 մլն դրամ։  Հայցվոր կողմը նշել էր, որ մյուս համարժեք 50 տոկոսի արժեքը «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության մոտ անհամեմատ ավելի բարձր է:  «Ներկայացված փաստաթղթից պարզ է դարձել, որը նույն՝ 2.5 մլն դրամ արժողությամբ է գնահատվել «Բրեդի Բրիջը», ինչը մենք կարծում ենք, որ չի արտահայտում իրական արժեքը»,- ասաց Դավիթ Դանելյանը։

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը ըստ էության չառարկեց միջնորդությանը, սակայն ժամանակ խնդրեց՝ միջնորդության մեջ թվարկած հարցերին  հավելյալ հարցեր ներկայացնելու համար։ Դատավոր Ա. Մելքումյանը նիստը հետաձգեց մինչև փետրվարի 21-ը։

Հիշեցնենք, որ գերմանական ներդրումային «ԻստԻնվեստոր» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող ««Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում» ուներ 3.2% բաժնետոմս, սակայն 2008 թ. հոկտեմբերին կոմբինատը համախմբել է (կոնսոլիդացրել) իր բաժնետոմսերը, ինչի արդյունքում «ԻստԻնվեստորը» չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: «ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը դիմել է դատարան` վերկանգնելու իր բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը