Sep 172012
 
 September 17, 2012  Add comments

Օտարերկրյա ներդրողը կորցնում է իր բաժնետոմսերը Հայաստանում

(Տես նաեւ` ՄԱՍ 1, ՄԱՍ 2ՄԱՍ 3ՄԱՍ 4ՄԱՍ 5ՄԱՍ 6ՄԱՍ 7, ՄԱՍ 8, ՄԱՍ 9)

Հուլիսի 27, 2009

Հեղինակ` Քրիստինե Աղալարյան

Աղբյուր` «Հետք»

English version

20_07-konyak

Թե  ինչպես «ԻստԻնվեստոր»-ը դեմ առավ Գագիկ Ծառուկյանի կառուցած պատին

2006 թ. մայիսին «ԻստԻնվեստոր» (Ostinvestor – գերմ.) ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայից գնել է 1520 հատ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսեր: Դա կազմում էր ընկերության բաժնետոմսների 3,2%-ը:

2007 թ. աշնանը «ԻստԻնվեստոր»-ի ներդրողներն այցելել են «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», սակայն եղել են միայն գործարանի հսկայական տարածքի մի հատվածում և գնահատել են հայկական կոնյակի յուրահատուկ համը:

«Մինչ մեր կողմից բաժնետոմսերի ձեռք բերելը, բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր հայ օլիգարխներից մեկին` Գագիկ Ծառուկյանին` Հանրապետության ամենահարուստ հային: Բաժնետոմսերը պատկանում են նրա «Մուլտի Գրուպ» ընկերությանը: Նա նաև ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական կյանքին և գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բաժնետոմսերի գլխավոր սեփականատիրոջ դիրքն ու հեղինակությունը մեզ վստահություն ներշնչեցին, քանի որ մենք հավատում էինք մարդու կոռեկտ վարքագծին, ով քաղաքական դաշտում ազդեցություն ուներ»,- պատմում է «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը»:

«ԻստԻնվեստորը» գերմանական պորտֆելային ներդրումներ կատարող հիմնադրամ է, որը շուրջ 3 տարի է մուտք է գործել Հայաստան, և նրա կատարած ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, 2007 թ. հոկտեմբերին ընկերությունը գիտաժողով է կազմակերպել` Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը և ապագա ներդրումային հնարավորությունները ներկայացնելու մասնակից ավելի քան 40 արտասահմանյան ներդրողների Գերմանիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից:

20_07-konyak-12008 թ. հունիսին ընկերությունը «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի գլխավոր բաժնետիրոջ կողմից պահանջ է ստացել` վաճառել բոլոր բաժնետոմսերը, քանի որ «Մուլտի Գրուպ»-ը նպատակ չունի ճանաչել «ԻստԻնվեստոր» ընկերության սեփականությունը:

«Մենք ներդրել էինք այդ բաժնետոմսերի մեջ մեր ներդրողներից ստացած միջոցները, և այդ առաջարկն անընդունելի էր մեզ համար. մենք հրաժարվեցինք: Որպես պատասխան` 2008 թ. հունիսին «Մուլտի Գրուպ»-ի ներկայացուցիչը հեռախոսով տեղեկացրեց ինձ, որ նրանք կորպորատիվ միջոցառումներ կձեռնարկեն, որոնք զգալիորեն կնվազեցնեն կամ ընդհանրապես կվերացնեն մեր սեփականության արժեքը, քանի որ նրանք չեն ընդունում մեզ որպես բաժնետեր»,- շարունակում է Ստեֆան Լաքսհուբերը:

Ի վերջո, բաժնետերերի 2008 թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել է համախմբել (կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի  բաժնետոմսերը` դրանցից ամեն 2363.5 հատը փոխարկելով  մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է:

Մինչ բաժնետոմսերի համախմբումը «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 124 բաժնետեր է ունեցել: Մոտ 82 %-ը պատկանում էր Գ. Ծառուկյանին, 10 %-ը` «Մուլտի Գրուպին», մոտ 7 %-ը վերաբաշխված էր մնացած բաժնետերերի միջև, որից ամենամեծ բաժինը` 3.2 %-ը, պատկանում էր «ԻստԻնվեստորին»:

Եվ քանի որ «ԻստԻնվեստոր» ընկերությանն է պատկանել թվով 1520 բաժնետոմս, իսկ մեկ նոր բաժնետոմսը պետք է հավասար լիներ 2363,5  հատ հնի, ընկերությունը չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս:

Ինչո՞վ էր պայմանավորված բաժնետոմսերի համախմբումը

Այս հարցին «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Մանթաշյանը հետևյալ պարզաբանումը տվեց. «Որոշակի դեր է խաղացել համաշխարհային ճգնաժամը, որի պատճառով գործարանը գրեթե պարալիզացված վիճակում է»: Փաստաբանի խոսքերով` անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսած` իրացումներ գրեթե չկան: Այս իրավիճակը գործարարին դրդում է մտածել ավելի օպտիմալ, ճկուն քաղաքականություն ունենալու մասին:

Մինչդեռ խոշոր հարկատուների ցուցակի վերջին 4 տարվա ցուցանիշները այլ պատկեր են ցույց տալիս: 2006 թ. Երեւանի Արարատ գինու-կոնյակի-օղու կոմբինատը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 166-րդ տեղը, 2007թ-ին՝ 139-րդ, իսկ 2008թ-ին գրեթե կրկնակի աճ ապահովել և հայտվել է 70-րդ հորիզոնականում` վճարելով  1. 119. 979.2 դրամ հարկ:

«Նույնիսկ նրանց ներկայությունն առանձնապես որևէ բանով չէր խանգարի խոշոր բաժնետիրոջը, որովհետև յուրաքանչյուր որոշում նա կարող էր ընդունել: Բայց այլ խնդիրներ կան, երբ որ դուրս ես գալիս միջազգային շուկա, համաշխարհային ինվեստիցիոն շուկաներում ես փորձում աշխատել, քո ընկերության վարկանիշը բարձրացնելու, նոր միջոցներ ներգրավելու համար: Այստեղ արդեն հնարավոր պոտենցիալ գործընկերները, բնականաբար, ձգտում են գործ ունենալ ոչ թե 120 , այլ մեկ կամ 2 մարդու հետ: Բիզնեսի օպտիմալ կառավարում է: Երբ որ դու գիտես, որ քո կողքին ունես գործընկեր, որը չկա, պետք է մի օր վերջակետ դնել: Մենք տարիներ շարունակ փորձել ենք գտնել, հավաքել մարդկանց: Չկան»,- ասում է Դավիթ Մանթաշյանը:

Բաժնետոմսերի համախմբումից հետո

Համախմբման արդյունքում «ԻստԻնվեստորի» և մնացած մանր բաժնետերերի մոտ առաջացել են կոտորակային բաժնետոմսեր: Դա նշանակում է, որ այդ բաժնետոմսերը պետք է հետ գնվեն նրանցից ընկերության խոշոր բաժնետերերի կողմից:

«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» արտահերթ ժողովում սահմանել է կոտորակային բաժնետոմսերի հետգնման կարգը: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը «Էն-Աուդիտ» ՍՊԸ-ն սահմանել է 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Իսկ 1520 բաժնետոմսի համար վճարել էր 159 մլն 600 հազար դրամ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի և բաժնետերերի ժողովի որոշմամբ հաստատված կարգով` ընկերությունը որոշ բաժնետերերից հետ է գնել որոշ քանակի բաժնետոմսեր, որից հետո համախմբման հետևանքով առաջացել են կոտորակային բաժնետոմսերը:

2009 թ. փետրվարի 12-ին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում» կատարվել են բաժնետոմսերի հետգնմանը վերաբերող գրանցումներ:

Նկատի ունենալով, որ մինչ համախմբումը «ԻստԻնվեստոր»-ին պատկանող բաժնետոմսերի քանակը կազմել է 1520 հատ, ընկերության կողմից հետգնված կոտորակային բաժնետոմսի դիմաց հասանելիք գումարը կազմել է 14 791 622,59 դրամ:

Գերմանական ընկերությունը հրաժարվել է իր բաժնետոմսերը վաճառել 28.000 դրամով:

«Սա մեր գործարքի և մեր գնած գնի ընդամենը 20 %-ն է կազմում, չնայած որ ընկերությունն աճել է այս ժամանակահատվածում: Այս գինն իրական շուկայական արժեքի 2 %-ից էլ պակաս է: Այս քայլով «Մուլտի Գրուպը» դիտավորյալ փորձում է զրկել փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից` ակնհայտ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները»,- կարծում է «ԻստԻնվեստորի» տնօրենը:

«ԻստԻնվեստորն» արդեն դուրս է մնացել բաժնետերերի ցուցակից, իսկ քանի որ հրաժարվել է հետգնման կարգով վաճառել իր բաժնեմասը, մարման ենթակա համարվող յուրաքանչյուր բաժնետոմսի համար սահմանվել է 9,731 դրամ:

Օրենքն անզո՞ր է Գագիկ Ծառուկյանի դեմ

«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» ուներ 47 250 բաժնետոմս: «Էն-Աուդիտը» 1 բաժնետոմսը գնահատել է 28 000 ՀՀ դրամ: Դա նշանակում է ամբողջ ընկերության ամբողջ արժեքն ընդամենը 1 մլրդ 323 մլն դրամ է, կամ` 3,27 մլն եվրո, ներառյալ բրենդը, գործարանի դիրքը, հողատարածքը, կոնյակի պաշարները, լիցենզիաները և այլն:

«Մեր գնահատման համաձայն (որը մենք իրականացրել ենք` համեմատելով ԱՊՀ, Ռուսաստանի և Եվրոպայի նմանատիպ ընկերությունների հետ)` «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» իր բոլոր ակտիվներով արժե ավելի քան 200-300 մլն եվրո: Նույնիսկ եթե վերցնենք մեր ամենացածր գնահատականը` 200 մլն եվրո, ապա յուրաքանչյուր բաժնետոմսի գինը կկազմի 1,710,055 ՀՀ դրամ և ոչ թե 28 000 դրամ»,- նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում հիմնավորել է Ստեֆան Լաքսհուբերը:

«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Մանթաշյանը նշում է, որ որևէ հայցվոր այս պարագայում իրենց դեմ խոսելու փոխարեն պետք է դատարան դիմեր և սեղանին դներ մեկ այլ գնահատողի եզրակացություն, որպեսզի վիճարկեր բաժնետոմսերի գնահատման չափը:

«Չեմ պատկերացնում, թե արտասահմանյան որ ընկերությունը պետք է գնահատեր: Նախ` այդ ընկերությունը, օրենսդրության համաձայն, հայաստանյան իշխանությունների կողմից պետք է լիցենզավորված լինի: Եթե կա այդպիսի ընկերություն և պատրաստ է գալու և գնահատելու, մենք պատրաստ ենք տրամադրել գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Թող դիմեին, վերցնեին գնահատումը և ասեին, որ այսինչ ընկերությունը գնահատել է այսքան»,- հիմնավորում է փաստաբանը:

«ԻստԻնվեստորը» որոշել է նաև իրավական դաշտում վերականգնել իր իրավունքները: Նա դիմել է հայաստանյան տասը փաստաբանական ընկերությունների, որպեսզի դատարանում ներկայացնեն իրենց շահերը: Նրանք բոլորը հրաժարվել են` ասելով, որ վախենում են: Մենք այդ ընկերությունների անունները չենք ուզում հիշատակել:

Ոչ մի փաստաբան չի ցանկացել վերցնել գործը և գնալ դատարան: Նրանք, ովքեր համաձայնել են, ավելի ուշ հրաժարվել են:

Ավելին` անհրաժեշտ էր ընկերության և բաժնետոմսի արժեքի մասին մեկ այլ` անկախ աուդիտորի գնահատականը: Եվ «Իստինվեստորը» նորից բախվել է աուդիտոր գտնելու խնդրին, որը կհամաձայներ այն անցկացնել: Նույնիսկ շատ հայտնի միջազգային աուդիտորական ընկերությունները հրաժարվել են օգնել` մասնավոր զրույցներում նշելով, որ չարժե մարտի մեջ մտնել երկրի ամենահարուստ և ամենահզոր մարդու հետ:

«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009 թ. ապրիլին Երևանի «Արարատ-Նոյ» կոնյակի-գինու-ջրի գործարանն անվանեց օրինակ հայ էկոնոմիկայի համար, որի թափանցիկությունը և առևտրային կուլտուրան պետք է ոգեշնչի մյուսներին: Սա` այն դեպքում, երբ նա ճշգրտորեն տեղյակ էր մեր խնդրին: Ավելի հավաստի ապացույց, որ մենք պայքարում ենք անհույս գործի համար, հնարավոր չէ գտնել»,- ասում է Ստեֆան  Լաքսհուբերը:

«ԻստԻնվեստորը», բացի նախագահից և վարչապետից, այս ամենի մասին տեղյակ է պահել նաև այլ պաշտոնյաների. Ստեֆան Լաքսհուբերն անձամբ հանդիպել և զրուցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Դեպքի մասին տեղյակ են նաև Գերմանիայի հայկական դեսպանատանը, Nazdaq OMX-ը:

«Մենք ոչ մի աջակցություն չստացանք Հայաստանի ոչ մի կառույցի կողմից: Ոչ մի պատասխան, ոչինչ: Իրականում ես տեսնում եմ միայն ցուցադրական ժողովրդավարություն, որը ծառայում է ազգային և անձնական շահերին, ինչը հաստատում է արևմտյան գործարարների նկատմամբ նման վերաբերմունքը»,- ասում է «ԻստԻնվեստորի» տնօրենը:

««Իստինվեստորը» դիմել է ամենատարբեր ատյանների Հայաստանում` բացառությամբ դատարանի: Ես միշտ զարմանում եմ, որ եվրոպացիները շատ սիրում են խոսել իրավական պետության մասին, իշխանության թևերի տարանջատման մասին, դատական համակարգի կարևորության մասին, բայց հենց որ խնդիրներ են ունենում Հայաստանում, անպայման դիմում են ոչ դատարան»,- ասում է փաստաբան Դավիթ Մանթաշյանը:

Դավիթ Մանթաշյանը խիստ թերահավատորեն է վերաբերվում «ԻստԻնվեստոր» ընկերության` արտասահմանցի ներդրողներ լինելու և այլ ներդրողներ ունենալու փաստին. «Ես համարում եմ, որ կա ընդամենը վարագույր` ի դեմս եվրոպացիների և «Իստինվեստոր» ընկերության: Ես կարծում եմ, որ դրա տակ այլ անձինք են, նախկին բաժնետերեր Հայաստանից»,- ասաց փաստաբանը և չցանկացավ նշել անուններ:

«ԻստԻնվեստորը», սակայն, հաստատում է, որ իրենց ներդրողները բացառապես արտասահմանցիներ են. «Ներդրողների մեծամասնությունը Գերմանիայից և Ավստրիայից են: Մենք նաև մի քանի ներդրողներ ունենք Շվեյցարիայից և Իտալիայից: Նրանցից ոմանք այլ երկրներում են ապրում, բայց ոչ մեկը ազգությամբ հայ չէ և չի ապրում Հայաստանում»,- մեր հարցմանը պատասխանել է Ստեֆան Լաքսհուբերը:

Այս փաստը ստուգվել է նաև Կենտրոնական բանկի կողմից: ԿԲ-ն ստուգել է «ԻստԻնվեստորի» ներդրողների ամբողջ ջուցակը, որը բաղկացած է եղել 180 ներդրողներից:

Բաժնետերերն անհայտ են

Բաժնետոմսերի համախմբումից հետո և այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանին են պատկանում բաժնետոմսերի 80 %-ը, «Մուլտի Գրուպ»-ին` 10 %-ը: Մնացածը դեռևս ենթակա է մարման, քանի որ 124 բաժնետերերից մոտ 30-ն անհայտ են: Կան ընդամենը մարդկանց անուն-ազգանունները: Որոշ մարդիկ արդեն մահացել են:

«Ոչ մի բան որևէ մեկից չի պակասում: Եթե օրենքը մեզ պարտադրում է 30 օրում ավարտել այդ գործընթացը, որից հետո բաժնետոմսը որևէ արժեք չունի, կարելի է պատից կախել այն: Մենք գնացինք այլ ճանապարհով: Մենք չբավարարվեցինք 30 օրով, այլ ասացինք` մինչև 2009 թ. հուլիսի 1-ը, հարգելի բաժնետերեր, ներկայացեք կամ որևէ կերպ իմաց տվեք, որ  դուք կաք»,- հավելում է փաստաբանը:

Նրա խոսքերով` թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ «Մուլտի Գրուպ»-ի մոտ առաջացել են կոտորակային բաժնետոմսեր, բայց այդ մասով մարվել են: «Բացարձակ խնդիր կամ խանգարող հանգամանք չկար, «Իստինվեստորը» գտներ մյուս բաժնետերերին, գար որոշակի համաձայնությունների, համախմբեր կամ ավելի մեծացներ իր ունեցածը: Իր 3 տոկոսին ինքը կկարողանար գումարել մյուս երեքը կամ գոնե նրա մի մասը: Եվ այսօր կարող էր լինել այլ իրավիճակ, բայց իրենց պասիվությունը բերեց այլ բանի»,- ասում է Դավիթ Մանթաշյանը` թերևս մոռանալով վերևում իր իսկ ասածները, որ բաժնետերերի մեծ մասն անհայտ են:

Բաժնետերերը, որոնք ներկայացել են մինչև հուլիսի 1-ը, իրենց փոխհատուցումը ստացել են ընկերությունից: Չներկայացած բաժնետերերի գումարները` 22 մլն դրամի չափով,  պահպանվում են «Արդշինինվեստբանկի» հատուկ հաշվեհամարում: Հուլիսի 1-ն անցել է, 63 բաժնետերեր դեռ չեն ստացել իրենց գումարները, դրանց մեջ են նաև անհայտ բաժնետերերը:

«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետերերը ցանկանում են վերականգնել իրենց սեփականության իրավունքը

«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի համախմբումը և ընկերության փոխհատուցումը չի բավարարել ևս 5 բաժնետերերի:

Աստղիկ Թադևոսյանը 2008 թ. նոյեմբերի 14-ին դիմել է դատարան: Նրան էր պատկանում 33 բաժնետոմս: Երևանի քաղաքացիական դատարանը, Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, 2008 թ. դեկտեմբերին մերժել է հայցվորի` հոկտեմբերի 12-ի ընկերության ընդհանուր ժողովի բաժնետոմսերի կոնսոլիդացման որոշումն անվավեր ճանաչելու և բաժնետոմսերի հետգնման արժեքը վերանայելու պահանջը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում լսվում է ևս 4 այլ բաժնետերերի բողոքն ընդդեմ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի: