Mar 122013
 
 March 12, 2013  Add comments
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

Պարոն նախագահ,

Ցանկանում եմ արտահայտել իմ մտահոգությունը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ Ձեր ուղարկած շնորհավորական ուղերձի վերաբերյալ: Ձեր ուղերձը հրապարակվեց զգալի ընտրակեղծիքներով աղտեղված ՀՀ նախագահի ընտրությունից 12 օր անց: Ըստ այդմ ցանկանում եմ հարցնել. ի՞նչ փոխվեց փետրվարի 18-ի և մարտի 2-ի միջև ընկած ժամանակահատվածում, որ կարող էր Ձեզ համոզել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները վստահելի են:

Ձեր շնորհավորական ուղերձը հրապարակ իջավ մի ժամանակ, երբ հրապարակվում էին բազմաթիվ ընտրախախտումներ` լցոնումներ, ընտրկաշառքի բաժանում, քվեարկում արտագաղթյալների և հանգուցյալների անունից և բազմակի քվեարկում: Ընտրախախտումների նկատմամբ ժողովրդի դժգոհությունը անընդհատ աճում է, և զանգվածային հանրահավաքներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհի հայկական համայնքներում: Ձեր շնորհավորական ուղերձի ստացումը նաև համընկել է այն օրվա հետ, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերանայել է իր սկզբնական, ընդհանուր առմամբ դրական գնահատականը` ընդունելով ընտրությունների պաշտոնական արդյունքների նկատմամբ ժողովրդի անվստահության պատճառաբանվածությունը և նշելով ընտրակեղծիքների մասին վկայող փաստեր: (2013 թ. փետրվարի 13-ի նախագահի ընտրության խախտումների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://www.osce.org/odihr/elections/99931, http://raffi4president.am/en/violations և http://www.pf-armenia.org/sites/default/files/2013%20Election%20Statement-3.pdf):

Ես միշտ հարգանք եմ տածել ժողովրդավարական արժեքներին և օրենքի իշխանությանը Ձեր նվիրվածության հանդեպ: Սակայն հավատացած եմ, որ Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր շնորհավորական ուղերձը հիասթափեցնող շեղում է Ձեր հիմնարար սկզբունքներից:

Շնորհավորական ուղերձներն այնպիսի կարևոր համաշխարհային տերություններից, ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգները, օրինականացնում են ընտրակեղծիքն ու Սերժ Սարգսյանի և իշխող վերնախավի կողմից օգտագործվում իրենց վերընտրման ծաղրանմանակումը ամրացնելու համար:

ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընտրությունում պաշտոնական տվյալներով զբաղեցրել է երկրորդ տեղը, 2013 թ. մարտի 3-ին դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան փետրվարի 18-ի ընտրության պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու և որպես ՀՀ նախագահ իր ընտրված լինելը վավերացնելու պահանջով:

2013 թ. մարտի 10-ին նա սկսել է հացադուլ, որը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ կա՛մ ՀՀ Սահմանադրական դատարանը չի ընդունել, որ ընտրության արդյունքները խեղվել են հօգուտ Սերժ Սարգսյանի կա՛մ վերջինս չի ընդունել ընտրակեղծիքի փաստն ու ինքնաբացարկ հայտարարել: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ փոխզիջման կարգով կհամաձայնի ընտրության երկրորդ փուլի անցկացմանը, որը կվճռի արդյունքների վավերականությունը:

Բաց նամակիս չպատասխանելու կամ Ձեր շնորհավորանքը ետ վերցնելուց հրաժարվելու պարագայում ես կհայտարարեմ հացադուլ: Ձեզ խոնարհաբար խնդրում եմ հարգել հայ ժողովրդի քվեն ու կամքը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի անկախությունը` ետ առնելով Ձեր տարաժամ շնորհավորանքը, մինչև ՀՀ քաղաքացիներն իրենք լուծեն առկա քաղաքական ճգնաժամը:

Հարգանքներով,

Արա Խ. Մանուկյան