Sep 252014
 
 September 25, 2014  Add comments
Ռուբեն Հայրապետյան (մականունը` Նեմեց Ռուբո (լուսանկարը` ©Hetq.am)

Ռուբեն Հայրապետյան (մականունը` Նեմեց Ռուբո (լուսանկարը` ©Hetq.am)

Նեմեց Ռուբո մականունով հայտնի նախկին ԱԺ պատգամավոր և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկա նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունը կրկին կապվում է սպանությունների հետ: «Իրավունք» թերթի լրագրող Սոնա Դավթյանին տված տեսահարցազրույցում հայոց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Վահե Շահմուրադյանը պնդում է, որ Նեմեց Ռուբոն ներգրավված է ԱՍԱԼԱ-յի առնվազն երկու նախկին անդամի՝ Աբրահամ Խամիսյանի և Դավիթ Դավթյանի սպանությունների մեջ, որոնք տեղի են ունեցել Երևանում 1990-ականների երկրորդ կեսին:

Հասարակության մեջ մշտապես գերիշխել է այն կարծիքը, որ այդ երկու սպանությունների հետևում կանգնած է եղել ԱՍԱԼԱ-ն, սակայն երբեք չի ապացուցվել, թե ով է բուն սև գործն ի կատար ածողը: «Իրենք չեն սպանել: Փող տվեցին, Նեմեց Ռուբոյի տղերքը սպանեցին իբրև ԱՍԱԼԱ-ն է սպանել: Բայց ստեղ ուժ չուներ, որ տենց գործեր աներ»,- ասաց Վահե Շահմուրադյանը (տեսանյութը` ստորև):

ԱՍԱԼԱ-ն (ASALA – Armenian Secret Army for the Liberation of Armenia)՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որը գործել է 1975-ից մինչև 1990-ականները՝ նպատակ ունենալով ստիպել Թուրքիայի կառավարությանը ընդունել 1915 թ. Հայոց Ցեղասպանությունը, մասնատվեց 1983 թ. ինը մարդու կյանք խլած և 82-ի վիրավորած՝ Փարիզի մոտ գտնվող Օռլիի օդանավակայանի ռազմագործողության վերաբերյալ տարաձայնությունների հետևանքով: Գործողությունը համարելով հակաարդյունավետ՝ Մոնթե Մելքոնյանը ստեղծում է ASALA-Mouvement Revolutionnaire (ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժում) խումբը: Եթե Մելքոնյանի խմբի նպատակն էր թիրախի տակ առնել միմիայն թուրք պաշտոնյաներին, ապա Հակոբյանի խումբն անտեսում էր պատահական զոհերի պատճառ դառնալու հանգամանքն ու պարբերաբար ոչնչացնում տարակարծիքներին: Նրանցից էին Աբրահամ Խամիսյանն ու Դավիթ Դավթյանը: Խամիսյանին սպանեցին Երևանի Կիևյան կամրջի վրա 1996 թ. օգոստոսի 9-ին, իսկ Դավթյանին՝ իր երեք տարեկան որդու աչքերի առաջ Հանրապետության հրապարակի մոտ Փավստոս Բյուզանդի վրա գտնվող իր տան առաջ 1997 թ. հոկտեմբերի 29-ին: ՀՀ ոստիկանության անցկացրած դատաբշկական փորձաքննությամբ պարզվել է միայն, որ երկու դեպքում էլ գործի է դրվել միևնույն զենքը:

ՀՀ անկախացումից կարճ ժամանակ անց ԱՍԱԼԱ–Հեղափոխական շարժում խմբի նախկին անդամ Դավիթ Դավթյանը տեղափոխվեց Հայաստան և մասնակցեց արցախյան պատերազմին որպես կամավորական։ 1994 թ. Աբրահամ Խամիսյանը ևս տեղափոխվեց Հայաստան։ Նա աշխատանքի ընդունվեց Պաշտպանության նախարարության համակարգում` Մոնթե Մելքոնյանին անվան ռազմական վարժարանում, որպես պայթուցիկ նյութերի մասնագետ։