Apr 192013
 
 April 19, 2013  Add comments

Աղբյուրը` Epress.am
Ամսաթիվը` Ապրիլի 19, 2013

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը «բացարձակ անհեթեթություն է» որակել ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանի հոդվածը, որին երեկ անդրադարձել էր Epress.am-ը:

Հոդվածում Արա Մանուկյանը գրել էր, որ 1999 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության ժամանակ կաշառք է բաժանվել, իսկ ընտրված Գարեգին Բ-ի հետ զրույցում այդ խնդիրը բարձրաձայնել էր Մանուկյանի քեռին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

Epress.am-ին հղած նամակում հնչեցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնական տեսակետը՝ Վահրամ քահանա Մելիքյանը նշում է, որ դա «ստորագույն քայլ է հոդվածագրի կողմից և անարգում հիշատակի Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի»:

Epress.am-ը Վահրամ քահանա Մելիքյանից փորձել է ճշտել, թե արդյոք ընտրակեղծիքների շուրջ զրույց, այնուամենայնիվ, Թորգոմ պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև եղել է: Ըստ մամուլի խոսնակի՝ նման զրույց չի եղել՝ «առավելաբար նման շինծու և երևակայական նյութի շուրջ»:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունների կազմակերպման, անցկացման և քվեարկության մասին պատկերացում ունեցողները դժվար թե մտահոգություն ունենան ընտրակեղծիքների և քվերակության ընթացքի մասին»,- հավելել է Տեր Վահրամը:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչ նպատակ ուներ Արա Մանուկյանը՝ նման խնդիր բարձրաձայնելով, Կաթողիկոսի մամուլի խոսնակն առաջարկել է այդ հարցով դիմել հոդվածի հեղինակին: