Apr 142016
 
 April 14, 2016  Add comments

«Զենքի վաճառքը մի պետության, որը ցեղասպանություն է իրականացնում նույնն է, ինչ զենքի վաճառքը նացիստական Գերմանիային երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- Յաիր Աուրոն` իսրայելցի պատմաբան

«Israel Aerospace Industries» ընկերության արտադրության «Harop» մակնիշի մարտական անօդաչու թռչող սարքն (ԱԹՍ) առաջին անգամ մարտական գործողություններում կիրառվել է 2016 թ. ապրիլի 4-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի` Արցախի դեմ: 23 կգ մարտագլխիկով այս ԱԹՍ-ի գործարկումը յոթ հայերի կյանք խլեց Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ընթացքում:

1921 թ. Խորհրդային բռնապետ Ստալինը գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը փոխանցեց Ադրբեջանին: Դրանից հետո տասնամյակներ ի վեր արցախահայերը փորձում էին վերականգնել պատմական ճշմարտությունը, սակայն ապարդյուն:

Խորհրդային ղեկավար Գորբաչևի «պերեստրոյկա»-ն (վերաառուցում) և «գլասնոստ»-ը («հրապարակայնություն») նոր փուլ բացեց արցախցիների պայքարի համար: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տեղական իշխանությունները հայտարարեցին խորհրդային Ադրբեջանից անջատվելու և Հայկական ԽՍՀ հետ վերամիավորվելու մասին իրենց որոշման մասին: Գորբաչևը մերժեց այդ խնդրանքը: Իսկ խորհրդային Ադրբեջանի իշխանությունները պոգրոմներ կազմակերպեցին ազգությամբ հայ բնակիչների նկատմամբ Սումգայիթ, Կիրովաբադ (այժմ Գյանջա) և Բաքու քաղաքներում:

1991 թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամվորների ԼՂԻՄ մարզային և հարակից հայաբնակ Շահումյանի շրջանայինի խորհուրդների նստաշրջանը հռչակեց անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Այս հռչակմանը հետևեց դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության բացարձակ մեծամասնությունն անկախությանը կողմ քվեարկեց:

Ի պատասխան այս անկոտրում վճռականության` Ադրբեջանը հակամարտությունը վերածեց լայնամասշտաբ պատերազմի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), որի անդամ պետություններից էին ԱՄՆ, Ռուսաստանը, 1992 թ. փետրվարին զինամթերքի մատակարարման էմբարգո սահմանեց Հայաստանի ու Ադրբեջանի դեմ: Այս արգելքի նպատակն էր օգնել ԵԱՀԿ-ին երկու պատերազմող կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ի վերջո, 1994 թ. ԵԱՀԿ և, մասնավորապես, Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար կնքվեց, երբ Ադրբեջանն արդեն կորցրել էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև այն շրջապատող յոթ շրջանների նկատմամբ իր վերահսկողությունը: Պատերազմն ավելի քան 30.000 կյանքեր խլեց:

Հաջորդող 22 տարիների ընթացքում խաղաղության պայմանագիր այդպես էլ չկնքվեց, իսկ հրադադարն աճող հաճախականությամբ էր խախտվում` խլելով հարյուրավոր ՀՀ և ադրբեջանական զինվորների կյանքեր: Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ստատուս քվոյի հետ չհաշտվող ադրբեջանական իշխանություններն անընդհատ սպառնում են պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ ու գրավել անկախ հանրապետությունը:

Թեև ԵԱՀԿ էմբարգոն երբևէ չի վիճարկվել, Ռուսաստանը զինամթերք է մատակարարում թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին: Այդուամենայնիվ, նավթային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը մշտապես ունեցել է զենքի մատակարարման հավելյալ աղբյուր` Իսրայելը: Այս աղբյուրից որոշ գնումներ կատարվել են դեռ հրադադարից էլ առաջ, սակայն մեծ մասն ավելի ուշ է տեղի ունեցել` համաշխարհային շուկայում նավթի գների շեշտակի բարձրաձման շնորհիվ: Միայն 2012 թ. Ադրբեջանն Իսրայելից գնել է 1,6 մլրդ դոլարի զինամթերք` ներառյալ «Israel Aerospace Industries» ընկերության արտադրության բարձրակարգ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:

Շատ իսրայելցիներ մտահոգություն արտահայտեցին Ադրբեջանի հետ իրենց կառավարության ունեցած սպառազինության վաճառքի գործարքի վերաբերյալ: «Իսրայելն ադրբեջանցիներին չպետք է զենք վաճառի» վերնագրված իր հոդվածում («Հաարեց» (Haaretz), 2014 թ. հոկտեմբերի 26) իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնը գրում է. «Իսրայելը պետք է զերծ մնա նման գործողություններից նաև այն պատճառով, որ մենք Հոլոքոստ վերապրածների ժողովուրդ ենք: Ողբերգական հանցագործություն եւ հումանիտար աղետ կարող է տեղի ունենալ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին, որը չի ճանաչում երկրների մեծ մասը (ներառյալ Իսրայելը)» (տես http://www.haaretz.com/opinion/.premium-1.622701):

2014 թ. օգոստոսի կեսերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում բռնկված բախումների ամենաթեժ պահին Էյթայ Մաքն ու Յաիր Աուրոնը խնդրագիր ներկայացրին Իսրայելի ՊՆ զենքի արտահանման վարչությանը` խնդրելով դադարեցնել Իսրայելի սպառազինության վաճառքը Ադրբեջանին: Նրանք պահանջում էին, որ վերոնշյալ վարչության ղեկավար Դուբի Լավին օգտագործի իր «հեղինակությունը չեղարկելու կամ հետաձգելու ՊՆ տրամադրած համապատասխան թույլտվությունները գոնե մինչև ընթացիկ սրման ավարտը»:

Նրանք ստացան անորոշ պատասխան, որը ենթադրում էր զենքի արտահանումը շարունակելու կուռ վճռականություն: «Մենք հանգամանորեն ուսումնասիրել ենք ձեր նամակում արված հայտարարությունները: Անվտանգության պահպանմանն ուղղված արտահանումը ուշադիր ուսումնասիրվել է <…> մարդու իրավունքները եւ ողջ աշխարհում առկա հակամարտությունները լրջորեն հաշվի են առնվել»:

2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը իրականացրեց 1994 թ. հրադադարից հետո տեղի ունեցած ամենամահաբեր խախտումը` սանձազերծելով լայնածավալ հարձակում շփման գծի ողջ երկայնքով: Մի քանի օրում զոհերի թիվը զինված ուժերի եւ խաղաղ բնակչության շրջանում գերազանցեց 200-ը, իսկ որոշ հաշվարկներով 2.000-ը: Ռուսաստանին հաջողվեց խախուտ հրադադար հաստատել կողմերի միջև 2016 թ. ապրիլի 5-ին, ինչը, այնուամենայնիվ, վերջ չդրեց Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին:

Այս խոշոր հարձակումից երկու օր անց Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ Տալի Պլոսկովը այցելեց Հայաստան վերջինիս իր աջակցությունն արտահայտելու և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած մահացու հարձակումները դատապարտելու: իր հայ գործընկեր Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպման ժամանակ Պլոսկովն Ադրբեջանի գործողությունները որակեց ահաբեկչություն ընդդեմ ողջ տարածաշրջանի (տես http://panarmenian.net/m/eng/news/209585):

Israeli anti-tank laser missiles (photo from asbarez.com)

Իսրայելական հակատանկային լազերային հրթիռներ (photo from asbarez.com)

«Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, 2016 թ. ապրիլի 8-ին, Իսրայելի Բար-Իլան համալսարանին կից գործող ռազմավարական հետազոտությունների Բեգին-Սադաթ կենտրոնի հետազոտող Ալեքսանդր Մուրինսոնն ընդունել է Իսրայելի զենքի մատակարարման առանցքային դերը Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկում: «Կարևոր է նշել նաեւ, որ մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ: Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները եւ դա իհարկե առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին»,- ասել է նա (տես Amerika icmalı և «Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները»):

Israel Charny (© http://unotes.hartford.edu)

Իսրայել Չարնի (photo from http://unotes.hartford.edu)

«Ես ամաչում եմ»,- ասել է նշանավոր իսրայելցի պատմաբան Իսրայել Չարնին, ով Երուսաղեմում գործող Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենն է, Արցախում տեղի ունեցած քառօրյա ապրիլյան պատերազմի և կորուստների մասով Իսրայելի ունեցած դերակատարության մասին «Հաարեց»-ում հրապարակված «Իսրայելն օգտագործված ԱԹՍ կվաճառե՞ր Հիտլերին» իր հոդվածում («The Armenian Weekly»-ի հաղորդմամբ).

«Եթե նացիստները հրեաներին ընդհանրապես չսպանեին, բայց փոխարենը սպանեին ատված սլավոններին, գնչուներին և Եհովայի վկաներին, և եթե մեր սիրելի Իսրայելն այդ ժամանակ գոյություն ունենար, կհամաձայնեի՞ք Հիտլերին զենք վաճառել»,- գրում է Չարնին:

Իսրայելը միլիարդավոր դոլարներ է դիզել` խախտելով Ադրբեջանի դեմ ուղղված զենքի մատակարարման էմբարգոն: Բայց այդ պետության հետ Իսրայելի շահութաբեր գործարքը փոքրիկ Լեռնային Ղարաբաղին բազմաթիվ կյանքեր է արժեցել, իսկ Ադրբեջանին խրախուսել լայնածավալ պատերազմ վերսկսել:

1949 թ. կազմավորումից ի վեր Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 120 մլրդ դոլարի օգնություն, որից ավելի քան 83 մլրդը` ռազմական: Որպես մի պետություն, որը ԱՄՆ հարկ վճարողներից ստանում է ավելի շատ օգնություն, քան որևէ այլ երկիր, Իսրայելը պետք է հարգեր Ադրբեջանի դեմ ուղղված զենքի մատակարարման ԱՄՆ էմբարգոն: Իրականում Իսրայելը գործել է ամերիկյան շահերին հակառակ` խարխլելով հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հզոր գործընկերոջ ծախսատար ջանքերը:

Համաձայն ԱՄՆ և Իսրայելի ՊՆ միջեւ կնքված փոխըմբռնման համաձայնագրի, ԱՄՆ-ն ունի դե ֆակտո վետոյի իրավունք երրորդ կողմին Իսրայելի զենքի վաճառքի նկատմամբ, երբ ԱՄՆ-ն իր ազգային անվտանգության շահերին հակասող համարի: (Տես Ջերեմի Մ. Շարփի “U.S. Foreign Aid to Israel” («ԱՄՆ արտաքին օգնությունն Իսրայելին») աշխատությունը):

Իսրայելի արհամարհած էմբարգոն կյանքի կոչելու համար մենք` Միացյալ Նահանգների ժողովուրդը, պետք է խնդրագիր ներկայացնենք մեր կառավարությանը` ԱՄՆ շահերին հակառակ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու համար Իսրայելի դեմ անհապաղ գործողություններ ձեռնարկելու պահանջով:

 

Միջնորդագիր նախագահ Բարաք Օբամային և Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին

Օբամայի վարչակազմին միջնորդագիր ենք ներկայացնում`

Կիրարկել ԵԱՀԿ զենքի էմբարգոն Ադրբեջանի դեմ

IAI Harop մակնիշի մարտական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն արտադրում է «Israel Aerospace Industries» ընկերությունը, առաջին անգամ մարտական գործողություններում կիռարվել է 2016 թ. ապրիլի 4-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի` Արցախի դեմ: 23 կգ մարտագլխիկով հանդերձված այս ԱԹՍ-ի գործարկումը յոթ հայերի կյանք խլեց Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ընթացքում:

Միայն 2012 թ. Ադրբեջանն իսրայելական «Israel Aerospace Industries» ընկերությունից ձեռք է բերել 1.6 մլրդ դոլարի սպառազինություն, այդ թվում բարձրակարգ հետախուզական եւ հարվածային ԱԹՍ-եր:

Մենք` Միացյալ Նահանգների ժողովուրդը, պահանջում ենք անհապաղ դադարեցնել Իսրայելի համար նախատեսված ողջ ամերիկյան օգնությունը, մինչեւ Իսրայելը չչեղարկի Ադրբեջանին ուղղված սպառազինության արտահանման թույլտվությունները: Իսրայելը պետք է դադարեցնի որեւէ զենքի արտահանում Ադրբեջան, քանի դեռ ԵԱՀԿ սպառազինությունների մատակարարման էմբարգոն ուժի մեջ է և քանի դեռ հակամարտությունը խաղաղ կարգավորում չի ստացել:

Խնդրում ենք մասնակցել ստորագրահավաքին այստեղ` https://petitions.whitehouse.gov/petition/enforce-osce-arms-embargo-against-azerbaijan

——

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը; հեղինակել է «Հայաստան» համահայկական հիմանդրամի մասին «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուղեցույցը: