Dec 192013
 
 December 19, 2013  Add comments
Antranig Baghdassarian, Chairman of the Board of Directors of

Անդրանիկ Բաղդասարյան` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրենների խորհրդի նախագահ

Հանուն թափանցիկության և հաշվետվողության «Ճշմարտությունը պիտի ասվի» Լոս Անջելեսում գտնվող քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է հաշվեքննական ուղևորություն դեպի Հայաստան և Արցախ 2014 թ. հունիսին` քննելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տարվող աշխատանքների որակը։ Օդանավի տոմսի գինը փակելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ շրջանի տնօրենների խորհրդի նախագահ Անդրանիկ Բաղդասարյանը։

«Ան, որ չի հավատա, ես կը վճարեմ տոմսակը իր օդանավի, որ երթա աչքովը տէսնի»,– ասել է պ–ն Բաղդասարյանը Կալիֆորնիայի Բըրբենք քաղաքում հիմնադրամի անցկացրած հեռուստամարաթոնի ժամանակ 2013 թ. նոյեմբերի 28–ին (տեսանյութը` http://youtu.be/z7PKEen2E3s)։

«Եթէ կ’ուզեն, մասնագէտ թող տանին, սիմենթէն կտոր մը առնէ, թող քննէ` ինչ ուժ ունի այդ սիմենթը»,– ավելացրել է նա։

«Ճշմարտությունը պիտի ասվի» նախաձեռնության հիմնադիր և «Անել նվիրատվություն, թե՞ չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-ամյա պատմությունը ներկայացնող ուսումնասիրության հեղինակ Արա Խ. Մանուկյանը ողջունում է Անդրանիկ Բաղդասարյանի առաջարկը։

«Ողջունում եմ պարոն Բաղդասարյանի առատաձեռն առաջարկը, որը հույս է տալիս, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստ է հաշվի նստել իր բացթողումների հետ, որոնք կարող են հայտնաբերվել անկախ հաշվեքննության արդյունքում և համապատասխան բարեփոխումներ կիրականացնեն այդ հնարավոր խնդիրները լուծելու նպատակով»,– ասաց Մանուկյանը` նկատի ունենալով Հայաստանում և Արցախում հիմնադրամի կատարած աշխատանքների որակով մտահոգված մարդկանց խումբ հավաքելու «Ճշմարտությունը պիտի ասվի» նախաձեռնության քայլը։

«Ճշմարտությունը պիտի ասվի» նախաձեռնությունը կսահմանափակի իր խմբի անդամների թիվը 50–ով, սակայն քաջալերում է այլոց կազմակերպել անկախ հաշվեքննական խմբեր, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի նախագահը սահմանափակում չի դրել, թե քանի մարդ կարող է օգտվել իր առաջարկից։

Ցամաքային փոխադրումների, կացարանների և այլ ծախսերը պետք է հոգան մասնակիցները։ Հետաքրքրվողները կարող են ուղարկել իրենց կապի տվյալները auditHAAF@thetruthmustbetold.com էլ. հասցեով։

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը: