Nov 222015
 
 November 22, 2015  Add comments

«Գիտես, հիմնադրամի պատմության մեջ ինչեր ասես չի եղել: Նորից, շատ անկեղծորեն, բացեիբաց հետդ խոսում եմ. փողեր են գողացել, կերել են, չգիտեմ ինչ են արել: Էղել ա»,- խոստովանեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը Գլենդեյլի ռեստորաններից մեկում 2010 թ. դեկտեմբերի 17-ին հետս ունեցած զրույցի ժամանակ, որը որոշել եմ հրապարակել այսօր` 2015 թ. նոյեմբերի 22-ին: Զրույցի ամբողջական ձայնագրառումը կարող եք կարդալ այստեղ կամ «Անել նվիրատվություն, թե՞ չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցի 128-րդ էջում:

Հանրային կարծիքի մոլորեցման համար զգուշորեն կերտված սեփական ստերը բացահայտելուց առաջ և հետո հիմնադրամի այս բարձրաստիճան պաշտոնյան ամեն անգամ ինձ խնդրում էր չհրապարակել մեր զրույցի բովանդակությունը. «Գիտեմ, որ քո սիրտը լավն ա: Եթե ես իմանայի, որ դու քարկոծում ես հիմնադրամը ուղղակի քարկոծելու համար, չէի էլ հանդիպի հետդ»:

Պրն. Քոթանջյանն ընդունեց, որ հիմնադրամի նախաձեռնած ճանապարհաշինությունը ցածրորակ է. «Օրինակի համար, Սևանի ճանապարհը՝ Երևան-Սևան, որ փորես, ասֆալտը հանես, տակը բետոն ա: Դա կոչվում ա առաջնակարգ ճանապարհ: Էն ճանապարհները, որ մենք Հայաստանում կամ Ղարաբաղում սարքում ենք, դրանք առաջին կարգի չեն: Տակը բետոն չկա»:

Հայաստանի պետպաշտոնյանների ու ոչ լեգիտիմ նախագահ Սերժ Սարգսյանի մասին, ովքեր «Հայաստան» հիմնադրամի նախագահությունում մեծամասնություն են, պրն. Քոթանջյանն ասաց հետևյալը. «Սրանք բոլորը, Արա, ուտելով ուտում են»:

Նա ինձ հետ նաև կրքոտ խոսքերով պատմեց փրկիչ նախագահի իր տեսլականը. «Վերջ ի վերջո, ինչ-որ մեկը պիտի գա՞: Չգիտեմ` ով կլինի: Բայց կլինի ձվերով մեկը: ՁՎԵՐ եմ, է՛, ասել: Միակ բանը, որ պետք ա, ձվերով մեկն ա, որը որ գա ու ասի. «Քունեմ ձեր մերը, մեր ժողովուրդը մեղկ ա: Ինչքան կերել եք, հերիք եղավ, բոլ եղավ»: Եվ էդ բիզնեսմենը՝ նույն Դոդը, ի վերջո ինքը պիտի հասկանա, որ իրան ձեռ չի տալիս, որպեսզի ինքը ամեն անգամ հեռախոս ստանա Սերժից, բա. «Տուր: Բանակին տանկ ա պետք: 20 միլիոն դոլար»»:

Ես նախընտրեցի հարգել գաղտնիության պահպանման նրա բազմաթիվ խնդրանքները անգամ այն բանից հետո, երբ նա կտրականապես հրաժարվեց այս ճշմարտություններն անձամբ հրապարակել որպես վստահություն կերտելու եղանակ: «Ես, որպես հիմնադրամի պաշտոնյա, գնամ […]: Ձեռ ե՞ս առնում»,- ասաց նա ի պատասխան: Այդուհանդերձ ես հույս ունեի, որ մի օր պրն. Քոթանջյանն ինքն ի վերջո կգիտակցի ազնվության կարևորությունը: Հույս ունեի, որ նա քայլեր կձեռնարկի կամ շարժում կսկսի հիմնադրամը կոռուպմացված կառավարությունից զատելու համար, որի մասին նա ասում է. «Ախր հիմա նայի, կառավարությունը ինչ քաք ա կերել, գիտենք»: Իսկ ավելի ուշ ավելացնում է. «Էդ կառավարությունը քաք ա: Բոլորս էլ գիտենք: Չենք խոսում: Այդ մասին հրապարակավ չեմ խոսում»:

Վերջին հինգ տարիների ընթացքում պրն. Քոթանջյանը ոչ միայն չհայտնեց ճշմարտությունը ժողովրդին, այլև շարունակեց ստել, կոծկել ու կեղծ ինքնություններ ստեղծել, որպեսզի իր կազմակերպությունը շահի հարյուր հազարավոր մարդկանց վստահությունն ու միլիոնավոր դոլարները:

Դեռ ավելին, պրն. Քոթանջյանը չերկմտեց իմ նկատմամբ զրպարտչական քարոզարշավ սանձազերծել: Այդ պայքարը նա սկսեց կերտելով «Պահակազոր» կեղծանունով մի վիրտուալ անձ «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուղեցույցում ներկայացված փաստերը հերքելու նպատակով: «Այսպիսով, կեղծ ինքնություն ընդունելով, Սարգիս Քոթանջյանը սուտ վկայությամբ գովաբանում ու գովազդում է հիմնադրամը»,- ասվում է Քոթանջյանի ծածկադմփոցը բացահայտող իմ զեկույցում:

Երկրորդ, նա ինձ հրապարակավ վարկաբեկեց` պնելով, որ վերոնշյալ ուղեցույցում ներկայացված ամեն ինչ սուտ է: «Հարցը նա է, որ նյութը ամբողջությամբ, կարելի է ասել, հիմնված է թերթերում, որոնք որ խիստ ընդդիմադիր թերթեր են, տեղի ունեցած հրապարակումներ, որոնք որ իրենց տակ չունեն որևէ փաստ», ասել է նա Գլենդեյլում 2011 թ. նոյեմբերի 21-ին «Հորիզոն» հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ: Նրա մեկնաբանությանը նախորդել էր հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետևյալ հայտարարությունը. «Նյութը բավականին լուրջ ուսումնասիրել ենք: Նյութը ամբողջությամբ պարունակում է ոչ ճշգրիտ տեղեկություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն համահայկական հիմնադրամի հետ: […] Բացարձակապես համահայկական հիմնադրամի հետ կապված որևէ ճշմարտություն չկար»:

Երրորդ, պրն. Քոթանջյանն ու իր պետ պրն. Վարդանյանն դրժեցին «Անել նվիրատվություն, թե՞ չանել» թեմայով հեռուստաբանավեճի մասնակցելու իրենց խոստումը: Հիմնադրամի մասին ճշմարտության տարածումը խափանելու ստորագույն փորձը տեղի ունեցավ 2013 թ. նոյեմբերի 24-ին, երբ հիմնադրամի ղեկավարությանը մոտ կանգնած անձինք Գլենդեյլում փորձեցին ինձ ձերբակալել տալ Արցախի պետպաշտոնյայի սպառնալու կեղծ մեղադրանքի հիման վրա (մանրամասները` «Շերիֆի պատվիրակ ներկայացած անձինք սպառնացել են իրավապաշտպանին»):

Պրն. Քոթանջյանն իր գործողություններով գաղտնիության վերաբերյալ իր խնդրանքները հարգելու խոստումս չարաշահել է: Հավատացած եմ, որ ավելի լավ է հարգել հարյուր հազարավոր նվիրատուների տեղեկացված լինելու իրավունքը, քան նրանց անտեղյակությունից օգուտ քաղող մի կեղծավորի անազնավությունը: Այսպիսով, ներկայացնում եմ իմ ու պրն. Քոթանջյանի միջև տեղի ունեցած զրույցի ամբողջական ձայնագրառումը: (Տես 13-րդ հավելվածը «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուղեցույցի երրորդ հրատարակության մեջ, էջ 13).