Արա Խ. Մանուկյան

 
Ara K. Manoogian

Արա Խ. Մանուկյան

Արա Խաչիկի Մանուկյանը իրավապաշտպան է, հետաքննող լրագրող, «Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչը Արցախում և «Policy Forum Armenia» կազմակերպության անդամ: Նա գործունեության ոլորտում են մասնավորապես մարդկանց թրաֆիքինգը, ապօրինի որդեգրումները, բանակային չարաշահումներն ու կոռուպցիան Հայաստանում և Արցախում: Նրա գործունեությունը լայնորեն լուսաբանվել և արձագանքվել է «Ազատություն» ռադիոկայանի, «Հետք», «Գեղարդ», «Հրապարակ» և այլ լրատվամիջոցներով: Արա Խ. Մանուկյանը համահեղինակել է «Անապատի գիշերներում» գիրքն ու համանուն վավերագրական ֆիլմը, որտեղ բացահայտվում է Դուբայում գործող խոշոր թրաֆիքինգային մի ցանց, որում ներգրավված են նաև ՀՀ և ԱՄԷ իրավապահ մարմիններ:

Արա Խաչիկի Մանուկյանը ծնվել է 1965 թ. Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում Խաչիկ Էվըն և Սիլվա Նաթալի Մանուկյանների ընտանիքում: Նրա մորական տատը 9-11 դարերում Մեծ Հայքում թագավորած Բագրատունյաց արքայատոհմի ուղղակի հետնորդ է: Արայի մորական պապը Շահան Նաթալին է՝ 1915 թ. Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու երիտթուրքերի պարագլուխների ոչնչացման օպերացիաների ղեկավարը: Նա նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի զարմիկն է:

Առաջին անգամ Հայաստան Արան ուղևորվել է 1989 թ. իր ծնողների հետ որպես օպերատոր՝ վավերագրելու Հայաստանում 1988 թ. աղետի գոտում հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի և Ամերիկյան գրադարանային ընկերակցության նախաձեռնած ծրագրի իրականացումը: Մտահոգվելով տեղացիների դժվարին կացությամբ՝ Արան այդուհետ՝ 1992-1997 թթ. ժամանակահատվածում բազմաթիվ փաստահավաք ուղևորություններ կատարեց դեպի Հայաստան և Արցախ: Հասարակ մարդկանց առօրյան նա վավերագրում էր տեսագրություններով, լուսանկարներով և օրագրային գրառումներով, որպեսզի ավելի լավ հասկանա նրանց կարիքներն ու եղանակներ գտնի նրանց կյանքն ավելի տանելի դարձնելու համար: Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիների լուծմանն ուղղված իր ակտիվ գործունեության, ինչպես նաև Հայաստան հաճախակի և երկարատև այցելությունների շնորհիվ Արա Խ. Մանուկյանը 1995 թ. ընտրվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի նախագահ և այն գլխավորել մինչև 1997 թ.:

Արան տեղափոխվել է Արցախի Մարտունի քաղաք 1998 թ., որտեղ նա մի շարք համակարգում էր հումանիտար օգնության մի շարք նախաձեռնություններ և իրականացնում մոնիթորինգ: Միևնույն ժամանակ նա բարձրաձայնել և պայքարել է ՀՀ և արցախյան մարմիններում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ՝ օգնելով հասարակ քաղաքացիներին օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից՝ առանց պետպաշտոնյաներին կաշառք տալու:

2000 թ. նա դարձավ մեկ տարի առաջ Նաթալի-Մանուկյանների ընտանիքի անդամների կողմից Կալիֆորնիայում հիմնված շահույթ չհետապնդող «Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրության (ՇՆԸՀ) ներկայացուցիչը Արցախում: Հայաստանում և Արցախում առկա սոցիալական, տնտեսական, մշակութային և կրթական խնդիրներով զբաղվող ՇՆԸՀ-ը դարձավ Արցախում 1992 թ. անկախացումից ի վեր երբևէ գրանցված երրորդ հասարակական կազմակերպությունը, որին նախորդել էին «Կարմիր Խաչ»-ը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը: ՇՆԸՀ Արցախի ներկայացուցչության ամենանշանակալի բարեգործական ծրագրերից էր «Ձեռքից ձեռք» նախաձեռնությունը, որն իրականացվեց 2006 թ. Քաշաթաղի ժողովրդին աջակցելու նպատակով:

Նրա առաջին խոշոր նախաձեռնությունը նպատակաուղղված էր Հայաստանում որդեգրման կոռումպացված գործընթացներին վերջ տալուն (մանրամասներն՝ այստեղ): 2003 թ. ներկայանալով իբրև որդեգրող ծնող՝ Արան կարողացել է բացահայտել բարգավաճող ապօրինի որդեգրման բիզնեսի մի ամբողջ մեխանիզմ: Խնդիրը վերաբերում էր մասնավորապես ԱՄՆ-ում գործող ընկերությունների միջոցով հայ երեխաներին ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս որդեգրելուն: Նրա բացահայտումների շնորհիվ ՀՀ ԱԺ-ը նոր օրենքներ ընդունեց որդեգրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով: Ինչևէ վերջերս (2011 թ.) ոլորտում կատարած մոնիթորինգի ընթացքում նա եկել է այն եզրակացության, որ ավելի խիստ օրենքները պարզապես ավելի խրթին են դարձրել ապօրինի որդեգրման ընթացակարգը: Արա Խ. Մանուկյանը 2011 թ. մարտին սկսել է ամերիկյան կազմակերպությունների միջոցով հայ երեխաների միջազգային թրաֆիքինգի դեմ պայքարի նոր փուլը (մանրամասներն՝ այստեղ):

2004 թ. սկզբներին, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ու ՇՆԸՀ-ը Արաբական Միացյալ Էմիրություններում հայ երեխաների և կանանց թրաֆիքինգի հետաքննություն նախաձեռնեցին (մանրամասներն՝ այստեղ): Դա «Անապատի գիշերներում» օպերացիան էր, որը դարձավ ՇՆԸՀ ամենանշանակալի ծրագրերից մեկը: Սեփական կյանքը վտանգելով՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, «Հետք» օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին և ՇՆԸՀ Արցախի ներկայացուցիչ Արա Մանուկյանին ի վերջո հաջողվել է ազատ արձակել թրաֆիքինգի մի քանի զոհի և կանխել հազարավոր այլոց՝ այդ նույն ուղու վրա կանգնելու հավանականությունը «Անապատի գիշերներում» գրքի և տեսաֆիլմի միջոցով, որի զանգվածային տարածմանը նպաստեցին երկու լրագրողները: «Սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի թեմայով հետաքննողական լրագրության կարևորագույն աշխատանքը հոդվածների «Անապատի գիշերներ» (Desert Nights) շարքն է», գրել է ԵԱՀԿ-ն իր Հայաստանի Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում:

Հետաքննության արդյունքում բազմաթիվ գործեր հարուցվեցին կավատների դեմ ավելի քան տաս հոգի դատապարտվեց ազատազրկման: Հետաքննությամբ նաև հաջողվեց բացահայտել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի հակաթրաֆիքինգային պայքարի բաժնի վարիչ Ռաֆայել Գյուլնազարյանի կապը թրաֆիքինգային օղակի հետ: ԱՄՆ պետդեպարտամենտի օժանդակությամբ նա հեռացվեց իր զբացեցրած պաշտոնից: Թրաֆիքինգային ցանցում ՀՀ իրավապահ մարմաինների ներգրավվածության մասին Արա Խ. Մանուկյանի և Էդիկ Բաղդասարյանի կողմից ներկայացրած տեղեկությունները ժխտվել են ՀՀ իշխանությունների կողմից՝ սկսած 2005 թ-ից: ԻՆչևէ 2011 թ. փետրվարի 18-ին «ՎիքիԼիքս»-ը հրապարակեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ 2006 թ. արած հաղորդակցությունները, որոնք ապացուցում են այդ վկայությունները:

Արա Խ. Մանուկյանը զգալի ներդրում է ունեցել Երևանում ապրիլի 29-ին ամերիկահայ բարեգործ և գործարար Նազարեթ Բերբերյանի սպանության բացահայտման գործընթացում: Այս աղմկահարույց սպանության գործում բուն ճշմարտությունը երևան հանելու նպատակով Արան ամիսներ շարունակ կատարել է ոստիկանությանը զուգահեռ իր հետաքննությունը, որի միջոցով ի հայտ են եկել ՀՀ ոստիկանական համակարգում առկա կոռուպցիոն երևույթներ, ինչպես նաև բացահայտ թերացումներ դատական փորձաքննության ոլորտում (մանրամասներն՝ այստեղ):

2010 թ. այն բանից հետո, երբ իշխանությունների ճնշման ներքո երկու զինակոչիկների նկատմամբ սադիստական վերաբերմունք ցուցաբերող սպայի աղմկահարույց տեսանյութը հեռացվեց YouTube-ից, Արա Խ. Մանուկյանը, ով հաջողացրել էր այն ժամանակին ներբեռնել, վերադարձրեց տեսանյութը հանրությանը YouTube-ի իր ալիքի միջոցով, ինչը ցասման մեծ ալիք առաջացրեց հայկական հասարակության շրջանում: Տեսանյութի վերբեռնմանը հետևեցին զանգեր ՀՀ ոստիկանությունից և Արցախի Պաշտպանության նախարարությունից, ովքեր ուզում էին իմանալ, թե ինչու է հրապարակել այն: Չնայած տեսանյութի հեռացումը պահանջող բազմաթիվ ջղային էլ. նամակներին, որոնցից մի քանիսում մահվան սպառնալիքներ կային, Մանուկյան հրաժարվեց անսալ: Արա Խ. Մանուկյանի «Լինչի ամբոխ, թե՞ քաղաքացիական հասարակություն» հոդվածում վերլուծվում են այն հակասական արձագանքները, որոնք արտացոլում են հայկական հասարակության մտածելակերպը այնպիսի զգայուն հարցերի շուրջ, ինչպիսիք են խոշտանգումը, պատիժը, ամոթը և հայրենասիրությունը: Աննախադեպ հանրային ճնշման շնորհիվ՝ սպայի անձը շուտով պարզվեց: Նա ձեռբակալվեց և դատապարտվեց ազատազրկման (մանրամասներն՝ այստեղ):

Արա Խ. Մանուկյանի գործունեությունը մանրամասնորեն ներկայացված է 2001 թ. հիմնված նրա «Martuni or Bust!» բլոգում: Ինը տարի անց, նա հիմնել է TheTruthMustBeTold.com կայք-նախագիծը, որտեղ հրատարակվում են նրա զեկույզներն ու ուսումնասիրությունները՝ կապված ՀՀ և արցախյան պետական մարմիններում առկա կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների հետ: Դրանցից է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցը, որտեղ ուսումնասիրվել է, թե ինչպես է պետական մարմիններում առկա կոռուպցիան ազդել այդ հիմնադրամի արդյունավետության վրա վերջինիս հիմնադրումից ի վեր:

Այն բանից հետո, երբ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբոյի) թիկնապահների մահացու ծեծի զոհ բժիշկ Վահե Ավետյանը 2012 թ. Հունիսի 29–ին հայտարարվեց մահացած, Արա Խ. Մանուկյանը մեծ դեր խաղաց ՀՀ հյուպատոսության շենքի առջև մի շարք բողոքի ցույցեր անցկացնել նպատակով Լոս Անջելեսի հայ համայնքի միավորման գործում («Կլենտէյլի Մէջ «Հարսնաքար»ի Ոճիրին Դէմ Բողոքի Ցոյց», Protesters gather at Armenian consulate in Glendale)։ Բողոքի ցույցի ընթացքում Արա Խ. Մանուկյանը գլխավոր հյուպատոսին հանձնեց մի միջնորդագիր, որով պահանջվում էր զրկել Ռուբեն Հայրապետյանին իր պատգամավորական լիազորություններից և ներգրավել նրան Վահե Ավետյանի սպանության գործով որպես կասկածյալ։ Մանուկյանը նաև ակտիվ մասնակցություն է ունեցել 2012 թ. Օգոստոսի 7–ին Լոս Անջելեսում Վահե Ավետյանի քառասունքի առթիվ նրա հիշատակին նվիրված մոմավառության կազմակերպման գործում (Los Angeles Candlelight Vigil Commemorating Vahe Avetyan On the 40th Day of His Burial

2012 թ. հուլիսին Արա Խ. Մանուկյանը մերկացրել է Գլենդելում գործող «Հայ արիական բռունցք» ինքնակոչ կազմակերպությանը, որը շարունակ ատելություն էր տարածում Գլենդելում գործող «High Vision» հեռուստաալիքով հեռարձակվող իր հեռուստածրագրի միջոցով։ Այս կազմակերպության անդամներին քննադատող տեսանյութի (Armenian Aryan Order Defends Nemets Rubo) հրապարակումից հետ Արա Խ. Մանուկյանը բացահայտումներ արեց այս սուտ կազմակպության ղեկավար Արմեն Շահբազյանի մասին Հարութ Բրոնոզյանի «Վերադարձ» հեռուստածրագրի եթերում։ Այդուհետ «Հայ արիական բռունցք» հորջորջվող կազմակերպության հեռուստածրագիրը դադարեց եթեր դուրս չեկավ։