May 132011
 
 May 13, 2011  Add comments

Վերահրատարկվում է «Ազգային գաղափար»-ից
Հեղինակ՝ Լուսինե Կեսոյան

Տես մաս առաջին՝ «Նախագահ Սարգսյանի քույրերն ու եղբայրները «չեչենական» գերության մեջ»

 

Մարատ Ջանվելյանի համակենտրոնացման ճամբարի մեր բացահայտումից հետո բավական հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան: Նախ, ի պատիվ Կոտայքի մարզի դատախազության, մասնավորապես՝ այս կառույցի ղեկավար Էդուարդ Անդրիկյանի, մեր հրապարակումը միանգամից հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Դատախազը ոստիկաններին հանձնարարում է անմիջապես միջոցառումներ ձեռնարկել:

Ոստիկանության Աբովյանի բաժնում շտապ կարգով օպերատիվ խումբ է ձևավորվում` Գագիկ Ռոստոմյանի կնոջն ու որդուն գերությունից ազատելու համար: Ոստիկանների աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում «Արզնի» համակենտրոնացման ճամբարի թիվ 129 աշխատողին (սա Ռոստոմյանի կնոջ` Լիանա Բակունցի համարն էր, Գագիկ Ռոստոմյանը «Արզնիում» պահվել է 66 համարի ներքո, իսկ որդին` Հայկը, 162)  ազատ արձակել: Երեկոյան կողմ դեռևս գերության մեջ գտնվող Հայկ Ռոստոմյանը հորը հայտնում է, որ Մարատ Ջանվելյանը, իմանալով եղելությունը, կատաղել է և հայտարարել. «300 հազար կբերես  ու 10 օր ձրի կաշխատես, թե չէ տղուդ չեմ թողնի»: Կոտայքի մարզի դատախազը, լսելով այս մասին, հրամայում է չընկրկել և շարունակել ազատագրման օպերացիան: Աբովյանի ոստիկանների շնորհիվ հնարավոր է դառնում նաև Հայկ Ռոստոմյանին անվնաս դուրս բերել ճամբարից:

Մեր տեղեկություններով, ոստիկանությունում նախապես խոսում էին թրաֆիքինգի հոդվածով քրեական գործ հարուցելու մասին: Ազատագրվածները ենթարկվում են հարցաքննության: Ոստիկանների կողմից բարձրացվում է նաև աշխատանքային պայմանագրերի լինել-չլինելու հարցը: Վերջին տեղեկություններով՝ Մարատ Ջանվելյանը քիչ առաջ ներկայացրել է նաև «աշխատանքային պայմանագրեր», բնականաբար՝ կեղծ: Գագիկ Ռոստոմյանը պնդում է, որ երեք տարի է՝ անձնագիր չունի, ոչ մի պայմանագիր չի եղել, և բնական է, որ Ջանվելյանի ներկայացրած աշխատանքային պայմանագրերը կեղծ են, այնտեղ եղած ստորագրությունները՝ նույնպես, ինչը բոլորովին զարմանալի չէ` հաշվի առնելով, թե ինչի է ընդունակ և ինչ վարք է շարունակում դրսևորել հիշյալ անձնավորությունը: Ըստ այդմ, Մարատ Ջանվելյանը կարող է մեղադրվել նաև փաստաթղթեր կեղծելու մեջ:

Այս պահի դրությամբ, սակայն, Մարատ Ջանվելյանը շարունակում է իրեն միանգամայն անպատիժ զգալ և կարծես թե չի պատրաստվում ընկրկել ճորտատիրական հարաբերությունների պահպանման գործում: Երկու ժամ առաջ «Արզնի» համակենտրոնացման ճամբարի տերը հերթական հայտարարությունն է արել. «300 հազար կբերես` վեշերդ կտամ»։ Հիշեցնենք, որ Լիանա Բակունցին և Հայկ Ռոստոմյանին ազատագրելով՝ ոստիկաններն, այնուամենայնիվ, չեն կարողացել վերցնել նրանց իրերը` հեռուստացույցն ու պահարանը, ընտանիքի միակ հարստությունը, ենթադրվում է՝ նաև հագուստը. իրավապահների օպերատիվ գործողությունների նպատակը եղել է այն, որ արագ կարողանան ճամբարից ողջ դուրս բերել գերյալներին։ Բնականաբար, նման պայմաններում այլևս ուշադրություն չի դարձվել այնպիսի մանրուքների վրա, ինչպիսիք են հագուստը և այլն:

300 հազար պահանջելուց և, բնականաբար, պատասխան չստանալուց հետո  Մարատ Ջանվելյանը հաջորդ պայմանն է դնում. «Կգաս 10 օր կաշխատես, փողդ կտամ»: Գագիկ Ռոստոմյանը հրաժարվում է, քանի որ հազիվ էր փրկվել դժոխքից: Ջանվելյանը փորձում է լուծման այլ եզրեր գտնել` առաջարկում է ուղարկել կնոջը կամ որդուն` ևս 10 օր աշխատելու, իսկ հետո արդեն աշխատավարձ վճարելու և բաց թողնելու խոստումով, սակայն Գագիկ Ռոստոմյանը, ըստ երևույթին, արդեն ծանոթ լինելով, թե ինչ ասել է ջանվելյանական խոստում և ինչ կարող է կատարվել այն բանից հետո, եթե համաձայնվի գործարքին, կտրականապես մերժում է: Դրանից հետո արդեն Հայաստանի ամենասարսափազդու օլիգարխի կոչման հավակնորդ Մարատ Ջանվելյանը սպառնում է դատի տալ Ռոստոմյանին (կեղծ աշխատանքային պայմանագրից խուսափելու համար). թե ինչպես է իր սպառնալիքը պատրաստվում իրագործել այս օլիգարխը, հայտնի չէ։ Հատկապես հայտնի չէ, թե դատական հայցի հիմքում ի՞նչ մեղադրանք է դնելու բազմաթիվ քրեական հոդվածների պոտենցիալ և բավական իրական վտանգը գլխավերևում ունեցողը:

Այս պահի դրությամբ նորությունները սրանք են: Հրապարակման մասին տեղեկացված են Հայաստանի բոլոր պատասխանատու ատյանները` նախագահական պալատը, Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը…

Հրապարակումը, պետք է ասել, բավական մեծ աղմուկ է առաջացրել. նախնական արձագանքը կարդացածին, լսածին չհավատալն է. մարդիկ չեն կարողանում հավատալ, թե այս ամենը կարող է իրական լինել, որ այդ ամենը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, և կարող են լինել մարդիկ, որ չեն կարողանա բողոքի ձայն բարձրացնել և պաշտպանել իրենց տարրական իրավունքները: Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում գործատուների կողմից իրավունքների ոտնահարումները բազմաթիվ են, այստեղ կարող են շատ հանգիստ աշխատեցնել, մարդու կյանքը վտանգի ենթարկել և աշխատավարձ չտալ, բայց ջանվելյանական համակենտրոնացման ճամբարի հետ երևի թե որևէ համեմատություն գտնել դժվար կլինի: Իհարկե, որքան էլ զարհուրելի և անտրամաբանական, որոշ առումով հասկանալ կարելի է նաև Մարատ Ջանվելյանի շարունակական լկտի պահվածքը. մեր տեղեկություններով՝ այս օլիգարխի հիշյալ հայտարարությունները պայմանավորված են մի բանով. Գագիկ Ռոստոմյանի սխրանքը կարող է վարակիչ լինել և օրինակ ծառայել նաև մյուս համարների  աշխատողների համար: Եվ իրականությունն այն է, որ Ջանվելյանի մտավախությունները բոլորովին էլ անհիմն չեն, և աշխատողներից շատերը, տեսնելով, որ մի հոգի կարողացավ ի վերջո փրկվել, մտածում են, որ իրենք ևս ի զորու են ազատագրվել:  Այսպիսով, առաջիկայում ականատեսը կլինենք Ջանվելյանի ճամբարում ներքին բունտի, եթե, իհարկե, դրանից շուտ իրավապահները չլուծեն այս հարցը: Թեպետ պետք է խոստովանել, որ իրավապահներից այս հարցում քիչ բան է կախված, ավելի կարևոր բան կա` քաղաքական որոշում:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը… Իսկ մինչ այդ, լավ կլիներ, որ իրադարձություններ զարգացնողները մտածեին հետևյալ հարցի շուրջ. ինչպե՞ս է Հայկ Ռոստոմյանը մեկ տարի հետո ավտոմատը ձեռքը վերցնելու և պաշտպանելու մի երկիր, որի վարչապետի խնամին ամիսներ շարունակ իր աչքի առաջ անարգել է իր հորը, մորը, իրեն և իրենց բոլորի տարրական կենդանական (խոսքը մարդկայինի մասին էլ չէ, այլ ընդամենը կենդանականի) արժանապատվությունը, միայն այն պատճառով, որ հանգուցյալ վարչապետի խնամի է և օլիգարխ, այսինքն` օրենքից և, ընդհանրապես, վայրի աշխարհի կարգուկանոնից վեր: Գուցե այնքան էլ լավ ուսումնասիրված չէ Առաջին հանրապետության պատմությունը, և գուցե այդ հանրապետության անկումը Ջանվելյանների կենսագործունեության արդյո՞ւնք էր, ինչի հետևանքով հայերն ուղղակի հիասթափվեցին իրենց պետությունից և հրաժարվեցին այն պաշտպանել այնպես, ինչպես դա արեցին 1918 թվին։