May 122011
 
 May 12, 2011  Add comments

Վերահրատարկվում է «Ազգային գաղափար»-ից
Հեղինակ՝ Լուսինե Կեսոյան

 

Գագիկ Ռոստոմյանը երկու օր առաջ հաջողացնում է փախչել «Արզնի» տոհմային թռչնաբուծական, տոհմաբուծական, խոզաբուծական ընկերությունից` խաբելով, թե հայրը մահամերձ է և պետք է դեղորայք հասցնի: Ռոստոմյանին` որպես բացառություն, ընդառաջում են և անցաթուղթ տրամադրում: Ֆերմայում աշխատող հովիվը խնդրում է գոնե 10 հազար դրամ տալ` դեղորայք գնելու համար: Նրան ասում են. «Սպասի, իրիկունը ձուն կիջնի` կտանք»։ «Արզնիում» աշխատավարձը տալիս են ձվի տեսքով` ձուն հաշվելով  60 դրամով: Աշխատողները որպես աշխատավարձ տրված ձուն դրսում վաճառում են, իհարկե, ոչ 60 դրամով, քանի որ այդքան արժե խանութում դրված ձուն և, բնականաբար, ֆինանսապես տուժում են: Բայց կարգը սա է, և սա այն նվազագույնն է, ինչը ստիպված են հանդուրժել Մարատ Ջանվելյանի մոտ աշխատանքի անցած և պատանդ դարձածները:

Գագիկ Ռոստոմյանը փախչում է` ցանկանալով ազատագրվել Ջանվելյանի լծից, սակայն չի ազատագրվում. «Արզնի» համակենտրոնացման ճամբարում են մնացել նրա կինը` Լիանա Բակունցը և որդին` Հայկ Ռոստոմյանը: Այս ճամբարում դժվար թե այս մարդկանց ճանաչեն որպես Գագիկ Ռոստոմյան, Հայկ Ռոստոմյան կամ Լիանա Բակունց. Մարատ Ջանվելյանի սահմանած կարգուկանոնի համաձայն՝ «Արզնի» համակենտրոնացման ճանբարում աշխատողները համարակալված են. ճիշտ այնպես, ինչպես նույն կարգուկանոնի համաձայն համարակալված են Ջանվելյանի հավերը, կովերը, խոզերը: Թիվ 4-ը և 34-ը այսօր պետք է այսինչ գործն անեն, թիվ 27-ը՝ այսինչը, թիվ 4-ին այս ամսվա աշխատանքի դիմաց հասնում է այսքան արկղ ձու, և այսպես շարունակ:

Գագիկ Ռոստոմյանը դիմում է փախուստի` փրկվելու համար «Արզնի» համակենտրոնացման ճամբարից, քանի որ այլ ելք չուներ. նա այլևս չէր ցանկանում այստեղ աշխատել, բայց դարձյալ Մարատ Ջանվելյանի սահմանած կարգուկանոնի համաձայն՝ այստեղ բացառվում է «այլևս աշխատել չցանկանալու» երևույթը: «Արզնի» համակենտրոնացման ճամբարում հայտնվածները մնում են այստեղ` առանց այլընտրանքի. այստեղ կարելի է մտնել, բայց դուրս գալն անհնար է: Իսկ «Արզնի» գալը, որպես կանոն, ստացվում է պատահաբար: Հրազդանում բնակվող Ռոստոմյանի ընտանիքը համաձայնում է ընտանիքով տեղափոխվել այստեղ աշխատելու` առանց իմանալու, թե ինչ է իրենց սպասվելու: Ֆերմայի համարակալված աշխատողները` շուրջ 50 հոգի (միայն խոշոր եղջերավորների մասում), աշխատում և ապրում են ֆերմայում հենց  ընտանիքներով: 40-ամյա նախրապան Գագիկ Ռոստոմյանը առնվազն 50-ն անց տղամարդու տեսք ունի: Քանի որ Գագիկի կինն ու 17-ամյա որդին դեռևս գերության մեջ են, անհնար է դատողություններ անել նրանց արտաքին տեսքի վերաբերյալ:

Ընտանիքները սկզբում կարծում են, թե աշխատանքի են ընդունվել Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ում, իսկ հետո արդեն հասկանում, որ հայտնվել են «Արզնի» համակենտրոնացման ճամբարում: Ճամբարը շրջապատված է բարձր պարսպով և հսկվում է անվտանգության աշխատակիցների կամ, ավելի ճիշտ կլինի ասել, համակենտրոնացման ճամբարի պահնորդների կողմից: Մեր այցելության ժամանակ պահնորդներից մեկը հաստատեց այն փաստը, որ ոչ ոք չի կարող մտնել և դուրս գալ հիշյալ տարածքից` առանց վերին թույլտվության:

Ընտանիքները տեղավորվում են կացարաններում: Սնունդը պարտավոր են հոգալ անձամբ և խանութ գնալու համար ևս պետք է կարողանան անցաթուղթ ստանալ. անցաթուղթը տրվում է կոնկրետ ժամով: Այս առումով այստեղ բացառվում են ամուսնական զույգերի կողմից դավաճանության դեպքերը. որևէ մեկը չի կարող, այսպես ասած, «լևի գնալ», բացառվում են երիտասարդների կողմից սիրած էակների հետ հանդիպումները, երեկոյան զբոսանքները. այստեղ ամեն ինչ կանոնակարգված է։ Համարակալված աշխատողների կյանքը կանոնակարգված է պրն Ջանվելյանի հավերի, կովերի, խոզերի կյանքը հարմարավետ դարձնելու համար:

Գագիկ Ռոստոմյանը մի կերպ էր պատմում այս ամենը` հուզմունքից ձայնը խզվում էր: Խաբեց ու փախավ, բայց կինն ու որդին մնացել են այնտեղ, այնտեղ են նաև հեռուստացույցը, պահարանը. եթե անգամ կինն ու որդին էլ հաջողացնեն պարսպի վրայից գիշերով փախչել, ապա նույնը դժվար է իրականացնել տան միակ հարստության` հեռուստացույցի և պահարանի հետ: Գումարած նաև աշխատավարձը` հայր Ռոստոմյանին ապրիլ ամսվա համար որպես աշխատավարձ դեռ պետք է վճարվի մոտ 80 հազար դրամ, տղային` 100 հազար, կնոջը` 60 հազար դրամ: «Կարող են անգամ ասել, թե հորթը սատկել ա քո պատճառով. սատկած չլինի, բայց քցեն վրես ու հլը մի բան էլ ասեն` դու ես մեզ պարտք»,- իր մտահոգություններն էր հայտնում Ռոստոմյանը: Այդպես, երբ ձմեռը ընտանիքը ցանկություն է հայտնել հեռանալ, նրանց ասել են. «ամիսը 50 հազար դրամի լույս եք վառել, 4 ամիս` էդ քեզ արեց 200 հազար` մուծի` գնա»:

Շուրջ 20 օր առաջ «Արզնի» համակենտրոնացման ճամբարից հաջողացրել էր հերոսական փախուստ կազմակերպել մեկ այլ ընտանիք: Հավանաբար, հենց այս օրինակն էլ սիրտ էր տվել Ռոստոմյանին` գնալ ծայրահեղ քայլի: Փախած ընտանիքի բախտը բերում է: Նրանք գնում և միանգամից աշխատանքի են անցնում Ապարանում` ինչ-որ դատախազի ֆերմայում: Երբ «Արզնիում» հայտնաբերում են փախուստը, միանգամից հետապնդում են հայտարարում. ընտանիքի տեղը բացահայտվում է. ավտոմատավորները գնում են հետ բերելու զանցանք թույլ տվածներին, սակայն դատախազը կարողանում է դիմակայել նրանց և թույլ չի տալիս, որ իր աշխատողներին տանեն: Այդպես, այդ մի ընտանիքը փրկվում է:

Ռոստոմյանի ընտանիքն այսօր վտանգի մեջ է: Անցագրի ժամկետը լրանալուց հետո կբացահայտվի նաև նրա փախուստը. այդ ժամանակ էլ գործի կդրվի հետապնդման նույն մեխանիզմը, և հենց այդ ժամանակ էլ ավտոմատավորները կհասնեն իրենց նպատակին, քանի որ Ռոստոմյանի բախտը չի բերել այնպես, ինչպես բերեց փախուստի դիմած նախորդ ընտանիքի բախտը. աա պաշտպան դատախազ չունի:

«Խնդրում եմ, հանկարծ անուն չգրեք, ընդհանրապես չգրեք, ես չգիտեմ, թե ինչ կարող են անել ընտանիքիս հետ»,- խնդրում էր չարքաշ աշխատանքի բոլոր վկայություններն իր վրա կրող, համակենտրոնացման ճամբարից փախած հերոսը: Իսկ ճամբարի գերիների խոսակցությունների միակ թեման, նրա ասելով, այնտեղից փախչելն է…

Մարատ Ջանվելյանի հրոսակախմբերի մասին պատմություններ պարբերաբար տարածվում են: Հայտնի է, որ նրա նախիրներն արոտավայր են գնում ավտոմատավորների ուղեկցությամբ: Հայտնի է, որ այդ ավտոմատավորների դեմ խաղ չկա: Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում տեղակայված ֆերմայի նախրապաններին հրամայված է նախիրն արածեցնել ցանկացած տեղում` խտրականություն չդնելով գյուղացիների սեփականություն հանդիսացող արոտավայրերի, դաշտերի կամ բոստանների միջև: Ավտոմատավորների հսկողության ներքո նախիրը կարող է մի քանի ժամում ավերակ դարձնել, օրինակ,  գյուղացիների լոլիկի դաշտերը. որևէ մեկը որևէ առարկություն անել չի կարող, քանի որ ասողն այդ տարածքում Մարատ Ջանվելյանն է, որից, ի դեպ, այս տարածքի բնակիչներն ավելի են սարսափում, քան գեներալ Մանվելից:

Լրագրողական էթիկայից, մարդասիրությունից, Աստված գիտի, թե էլ ինչից ելնելով` մեկ այլ պարագայում իսկապես որևէ անուն չէինք հրապարակի, եթե այս ամենն այս աստիճան զարհուրելի չլիներ: Եթե չլիներ նաև այն իրողությունը, որ մի դատախազ ընդամենը կարողանում է պաշտպանել իր մոտ աշխատանքի ընդունվածներին և նրանց ազատել գերությունից` թույլ չտալով նրանց վերադարձը, բայց այդ նույն ժամանակ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկանում է հակաօրինական նման գործողությունների, մարդկանց գերության մեջ պահելու, ստիպողաբար աշխատեցնելու, ազատությունը սահմանափակելու, ազատությունից զրկելու և նմանատիպ այլ հանցագործությունների մասին և ոչինչ չի ձեռնարկում (այստեղ խոսք անգամ չի կարող լինել նաև այն մասին, որ հիշյալ ճամբարի գերիները կարողանային մասնակցել ընդդիմության հանրահավաքներին կամ ընդդիմությանը տեղյակ պահել, թե ըստ երևույթին իշխանությունների հովանավորությունը վայելող օլիգարխը ինչ պայմաններում է պահում իրենց): Ասում են, թե Մարատ Ջանվելյանի առաջխաղացման հովանավորը Անդրանիկ Մարգարյանն էր, սակայն դժվար է պատկերացնել, որ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ է իր աներոջ ազգականի ընկերությունում տիրող բարքերից և շարունակում է նրանց հովանավորել: Կամ, առավել ևս, որ նախագահն է տեղյակ այն ամենից, ինչ կատարվում է իր ղեկավարած պետությունում տեղակայված համակենտրոնացման ճամբարում:

Այժմ՝ գլխավորի մասին:

Ասվածի մի քանի նկատառում հավելենք։

Առաջին: ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն` սրանք այն կառույցներն են, որոնք պետք է լուծարել պարապության և պարտականությունները չկատարելու համար, քանի որ նրանց քթի տակ, Երևանից 15 կմ հեռու տեղի են ունենում ստրկատիրական դասակարգին բնորոշ երևույթներ:

Երկրորդ: Եթե նշված հիմնարկներում տեղյակ են արդի Հայաստանում դասական ստրկատիրությունից և անտեսում են այն, ապա լուծարել պետք է ոչ թե կառույցները, այլ նրանց ղեկավարությունը, քանի որ սա անընդունելի է մարդկային բարոյականության, խղճի, նամուսի և շատ այլ բաների համար:

Երրորդ: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի առաջիկա նիստում պետք է քննարկել հետևյալ հարցը և գտնել դրա պատասխանը. ի՞նչն է ավելի վտանգավոր ՀՀ պետականության և նախագահ Սարգսյանի համար` Ադրբեջանի ռազմական մեքենա՞ն, թե՞ տեղական արտադրության ջանվելյանները: Եթե պարզվի, որ ամենամեծ վտանգը, որ սպառնում է Հայաստանին, բխում է ջանվելյաններից, ապա պետք է ակնկալել շատ շուտով տեսնել դրանց ձեռնաշղթաներով և ցուցադրել այդ հուզիչ տեսարանը բոլոր նրանց, որոնց կյանքի իմաստն ու նպատակն է գերշահույթը` հայ «ռամիկի» քրտնքի և արժանապատվության հաշվին:

Չորրորդ: ՀՀ գլխավոր դատախազին սույն հրապարակումը խնդրում ենք ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին: ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի տեսչությանը և  ՀՀ պետական եկամուտների կոմիտեին խնդրում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել Մարատ Ջանվելյանին պատկանող ձեռնարկություններում ապօրինի և անմարդկային վճարումներ կատարելու կապակցությամբ. ՀՀ օրենսդրությունը պարտադրում է մարդկային աշխատանքի դիմաց վարձատրել  միայն ՀՀ դրամով, և այս հարցում բացառություն չեն կազմում անգամ պրն Ջանվելյանի ձվերը:

Հինգերորդ: ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրում ենք զբաղվել Մարատ Ջանվելյանին պատկանող ձեռնարկություններում տիրող ահավոր երևույթներով և համապատասխան միջոցներ ձեռնարկել Հայաստանում մարդու ամենաթանկ` Ազատության իրավունքն այլևս չոտնահարելու գործում:

Վեցերորդ: ՀՀ նախագահի խորհրդականներին, օգնականներին և սպասարկող այլ անձանց խնդրում ենք տեղյակ պահել երկրի ղեկավարին իրեն վստահված երկրում 21-րդ դարում կատարվող բարբարոսությունների մասին և համոզել նրան, որ որևէ վատ բան Հայաստանի օլիգարխիկ համակարգի հետ չի պատահի, եթե նա ՀՀ օրենսդրության համաձայն պատժի պրն Ջանվելյանին` իր քույրերի և եղբայրների հետ նախնադարյան և անասնական մեթոդներով վարվելու համար:

Տես մաս երկրորդ՝  «Նախագահ Սարգսյանի քույրերն ու եղբայրները «չեչենական» գերությունից ազատվելուց հետո. ի՞նչ կասի պետությունը»