Feb 262011
 
 February 26, 2011  Add comments

Ուղեցույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

Մաս III

Արա Խ. Մանուկյան

Երբ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի (ՀՄՀ) գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը 2008 թ. Մարտի 11-ին զգուշացրեց Ռոբերտ Քոչարյանին, որ ծրագիրը կարող է տուժել ժողովրդավարությունից Հայաստանի նահանջի պատճառով — մարտի 1, քաղբանտարկյալներ — Ռոբերտ Քոչարյանը՝ իր ինքնանշանակ նախագահության վերջին օրերին, պատասխանեց, որ մենք այլ աղբյուրներ կգտնենք: Այս անպատասխանատու հայտարարությունը հիշեցնում է ֆրանսիական թագավոր Լուի XV-ին (1710-1774), ում վերագրում են այս խոսքը. «Après moi, le déluge» (Ինձնից հետո՝ ջրհեղեղ):

ՀՄՀ որոշում կայացրեց կրճատել օգնությունը: Արդյունքում՝ 265 գյուղական համայնքներում 943 կմ ընդհանուր երկարությամբ գյուղական ճանապարհներ մնացին առանց վերանորոգման, ինչպես նաև ակնկալվող 6 տոկոսով աղքատության նվազեցումը մնացին թղթի վրա: 2009 թ. մարտի 11-ին հրապարակված ՀՄՀ մամուլի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Խորհրդի այսօրվա որոշումը ազդանշան է կառավարությանը, որ վերջինս տարիներ շարունակ չի որևէ լուծում չի տվել այն խնդիրներին, որոնք բարձրացվել էին ոչ միայն ՀՄՀ, այլև՝ ԱՄՆ կառավարության մարմինների և միջազգային հանրության կողմից»: Դեռ ավելին, Հայաստանը զրկվել է երկրորդ գրանտին հավակնելու հնարավորությունից, ի տարբերություն Վրաստանի: 2011 թ. Հունվարի 5-ին ձմեռային եռամսյակի հանդիպման ժամանակ, երկրորդ գրանտային փաթեթի համար հայտ ներկայացնելու հնարավորություն ՀՄՀ տվել է Վրաստանի և Գանայի, «ինչը պայմանավորված է առաջին գրանտային փաթեթների բարեհաջող ավարտմամբ և շարունակվող բարենպաստ քաղաքականության իրականացմամբ» (Center For Global Development):

Ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանին այդքան վստահություն ներշնչել: Հնարավո՞ր է, որ այնպիսի կառույցներ, ինչպիսիք են «Լինսի» հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և այլ հայկական բարեգործական կազմակերպությունները նպաստել են  նախորդ ինքնահռչակ նախագահի անհոգությանն ու գոռոզությանը՝ Հայաստանում ճչացող տնտեսական, քաղաքական և սոցիալական անարդարության նկատմամբ պասիվ կեցվածքի շնորհիվ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայանում է իբրև ապաքաղաքական միավոր, որը հոգ է տանում հասարակ մարդկանց մասին՝ անկախ նրանից, թե ով կամ ինչպես է նրանց ղեկավարում: Հեգնանքն այստեղ նրանում է, որ ոչ-հայկական մի կազմակերպություն, ինչպիսին «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամն է, թերևս ավելի շատ է մտահոգված հայ քաղաքացիների իրավունքներով, քան բոլոր հայկական բարեգործական կազմակերպություններն այսօր:

Հայաստանի անկախության քսանամյա պատմությունը լի է ողբերգական իրադարձություններով և պետական ղեկավարության կողմից կատարված միանգամայն հակաժողովրդական որոշումների ընդունմամբ— սկսած 1995 թ. կեղծված  ընտրություններին հետևած իշխանական բռնություններից և վերջացրած 2008 թ. կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած ժողովրդական ըմբոստության արյունալի ճնշմամբ՝ ներառյալ այդ ողջ ժամանակահատվածում տեղի ունեցած մարդու իրավունքների անթիվ խախտումները: Ինչևէ, համահայկական հիմնադրամը ոչ մի անգամ չի հանդգնել ի ցույց դնելու պետական անարդարությունների նկատմամբ իր դիրքորոշումը, քանի որ ինքը է պետությունը: Հենց այդ բացարձակ քաղաքականացվածությունն է (Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարների հետ մեկտեղ սփյուռքում գործող հայկական խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկումը), որ կաթվածահար է արել հիմնադրամը՝ վերջինիս անզգայացնելով սոցիալ-տնտեսական ցնցումների նկատմամբ, որոնք միայն մեծացնում են կախվածությունը բարեգործությունից:

Խորհրդի անդամներից Լուիզ Սիմոն Մանուկյանն է, ով ի վերջո դադարեցրեց հոգաբարձուների խորհրդի իր անդամությունը 2009 թ.՝ չնայած նրան խաղի մեջ պահելու բարձր պաշտոնյաների ջանքերին: Այնուամենայնիվ, խորհրդի նախագահությանը հաջողվել է համոզել մեկ այլ անդամի չհեռանալ հիմնադրամից: Ըստ հիմնադրամի նախկին աշխատողի, ով խոսել է անանունության նախապայմանով, Պետրոս Թերզյանին՝ հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ, ով 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների պատճառով մեծ հիասթափություն էր ապրել Սերժ Սարգսյանից և ցանկանում էր լքել դադարեցնել իր անդամությունը, ի վերջո համոզել են մնալ: Թերզյանով ներկայացված Ֆրանսիայի օտարումը ցավալի կորուստ կլիներ հայկական կառավարության համար:

Այդուհանդերձ ինքն իրեն բարենորոգելու կառավարության հրաժարումը անխուսափելիորեն հանգեցնելու է ավելի մեծ կորուստների: «Լինսի» հիմնադրամի լուծարման և վերջինիս ունեցվածքից Հայաստանին ոչինչ չհատկացնելու մասին վերջին լուրերը վկայում են հայկական իշխանությունների նկատմամբ ամերիկահայ միլիարդատեր բարեգործ Քըրք Քըրքորյանի վերաբերմունքի շեշտակի փոփոխման մասին:

««Լինսի հիմնադրամ»-ի ներկայացուցիչը «Լոս Անջելես Թայմզին»-ին ասել է, որ UCLA որպես 200 միլիոն դոլարի ֆինանսական նվիրատվությանը արժանացել է այն պատճառով, որ սրանից առաջ նույն համալսարանին տրամադրված 70 միլիոն դոլարի օգտագործումը գոհացրել է հիմնադրամին», գրում է «Հոլիվուդ Րիփորթերը»:

Ըստ Առաջին լրատվականում վերջերս հրատարակված լուրի, որում վկայակոչվում են ՀՀ կառավարության ներսում գտնվող աղբյուրներ, Հայաստանից ՀՄՀ-ի հեռացումը, «Լինսի» հիմնադրամի փակումը, ինչպես նաև ռուսաստանյան վարկեր ապահովելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձախողումը խուճապ են առաջացրել կառավարության անդամների մոտ, ովքեր սկսում են ընդունել, որ Հայաստանի տնտեսությունը տապալման եզրին է:

Այս ուղեցույցի առաջին և երկրորդ մասերը ցույց տվեցին, որ հիմնադրամի հիմնական արատներն, իրականում, ունեն մեկ աղբյուր՝ իշխանությունը: Ավելին, սա խնդրի քառակուսի է, քանի որ մեկ չէ՝ երկու կառավարություններ են վերահսկում հիմնադրամը՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները: Երրորդ մասը քննության է առնում կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ իր անվերապահ վերահսկողությունը օգտագործելու այլ եղանակներ, դրանց առկա պատճառներն ու հետևանքները:

  1. Ինչքան շատ է հեղինակազրկվում իշխանությունը, այնքան պակասում շատ տուժում է հիմնադրամի ժողովրդականությունը. իշխանավորները բաց չեն թողնում հիմնադրամը, որովհետև վերջինիս հաջող դրսևորումը կարճ ճանապարհ է դեպի սեփական վարկանիշի բարձրացում:

Դատելով 1998 թ. 63-ամյա թշակառու կնոջ գրած  և այն ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրված բաց նամակից, հիմնադրամը կարծես լավ սկիզբ է ունեցել.

Ես 63 տարեկան եմ: Բարձրագույն կրթությունս ստացել եմ Մոսկվայում, վերադարձել եմ Հայաստան եւ 40 տարուց ավել աշխատել եմ տարբեր նախագծային ինստիտուտներում՝ որպես գլխավոր մասնագետ: Մասնակցել եմ Երեւան քաղաքի շատ եւ շատ գեղեցիկ շինությունների նախագծմանը եւ այժմ էլ նայելով դրանց՝ հպարտանում եմ: Ժամանակին վարձատրվել եմ նորմալ եւ ապրել բարվոք: Այժմ թոշակառու եմ, ստանում եմ 3.760 դրամ (ոչ դոլար) թոշակ: Իմ շատ հայրենակիցների պես իմ ՙհարազատ՚ պետության կողմից օրը ցերեկով թալանվեցի? զրկվեցի խնայդրամարկղում գտնվող իմ համեստ կուտակումներից:

1992թ. ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մեր առաջին նախագահը կոչ արեց ժողովրդին. «Յուրաքանչյուր մարդ ազատ, անկախ հայրենիքի բարգավաճման համար հիմնադրամին հանձնի 1 գրամ ոսկի»: Ես հանձնեցի ոչ թե 1, այլ 6 գրամ ոսկի:

Շատ հայրենակիցների պես ես էլ հիասթափություն ապրեցի իմ ընտրած նախագահից եւ իշխանության եկածներից, աղքատացա, տարա մութը, ցուրտը, սովը: Ղարաբաղյան պատերազմում կորցրեցի շատ ազնվագույն հարազատ երիտասարդների, տեսա իմ ժողովրդի նոր արտագաղթը: Տեսա եւ տեսնում եմ՝ ինչպես քաղաքի կենտրոնում (եւ ոչ միայն կենտրոնում) բարձրանում են հայտնի չէ ինչպես, միանգամից հարստացածների բարձրահարկ սեփական դղյակները (այդ թվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանի սեփական դղյակը):

Եվ հիմա թերթերից իմանում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կլանի անունով «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեծ գումար է փոխանցվել Արեւմտյան Եվրոպայի մի շարք անձնական հաշվեհամարների վրա:

Պրն Րաֆֆի Հովհաննիսյան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներից մեկը՝ ես Ձեզանից պահանջում եմ՝

1. կատարել ծառայողական քննություն այս փաստի վերաբերյալ.

2. փաստերը հաստատվելու դեպքում հրապարակել բոլոր թալանչիների անունները՝ առանց բացառության եւ հարուցել նրանց նկատմամբ քրեական գործ:

Եթե այս բոլորը չարվի, ես պահանջում եմ (եւ ոչ խնդրում) ինձ վերադարձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին իմ նվիրատվությունը՝ 6,086 գրամ ոսկին:

Նվիրատվության հ. 1956 անդորրագրի պատճենը ներկայացնում եմ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝

ԼԱՈՒՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Գ.- Դիմում եմ հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել են նվիրատվություն. եթե ձեզ մտահոգում է ձեր նվիրատվության ճակատագիրը, խնդրում եմ ուղարկել նվիրատվության անդորրագրի պատճենը «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրություն: Լաուրա Բարսեղյանի անունով («Իրավունք» շաբաթերթ):

Այս բաց նամակը ցուց է տալիս, թե գեթ վստահությունն ինչ հրաշքներ կարող է գործել: Նամակի հեղինակը կարիքավոր թոշակառու է, ով նվիրաբերում է 6 գրամ ոսկի (իր $7 թոշակի մոտավորապես տասնապատիկը): 12 տարի տևեց, մինչև որ տիկին Բարսեղյանի հիշատակած պնդումներից՝ մսխումների պատասխանատու առնվազն մեկ անուն — Ռոբերտ Քոչարյանինը — հրապարակվեց Կարին Հովհաննիսյանի կողմից (տես՝ Մաս I): Հայտնի չէ արդյոք Լաուրա Բարսեղյանը դեռ ողջ էր իր խնդրանքի մասնակի պատասխանը ստանալու համար:

Բաց նամակը պարզ ցույց է տալիս, որ հաճախ այն ամենն, ինչ անհրաժեշտ է հանուն բարի գործի մեծ զանգվածներին նվիրատվության անել ոգեշնչելու համար այդ նույն խորհրդի կազմում ժողովրդավարորեն ընտրված պետական այրի առկայությունն է: Սակայն 1990-ականների կեսերին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային հերոսի կերպարի սրընթաց փոխակերպումը ազգային չարաիքի «Հայաստան» համահայկական հիմնադրամի վրա ծանր նստեց: Ինչպե՞ս են մինչ օրս իշխանությունները 1990-ակաների կեսին առաջացած վստահության վակուումի տակից դուրս եկել:

Սփյուռքում, Հայաստանում և Արցախում ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում նվիրատվություն անելուց, քանի որ չեն վստահում կառավարությանը, որին նույնացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: Եթե երկու հանրապետությունների նախագահներն իրոք մտահոգված լինեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճակատագրով և նրա արդյունավետությամբ, նրանք սեփական կամոք իրենք իրենց կհեռացնեին հոգաբարձուների խորհրդի և վերջինիս նախագահության կազմից, իսկ իրենց հետ կտանեին նաև այդ կառույցներում անդամություն ունեցող յուրաքանչյուր պետական պաշտոանյայի և կուսակցությունների ներկայացուցչի համար: Սակայն, նրանք հակառակն են արել ու անում, քանի որ իրենց նպատակը ոչ այնքան հիմնադրամի արդյունավետությունն է, որքան իր խորհրդանշական նշանակությունը:

Իր գոյության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է ավելին, քան բարեգործության գեներատոր: Համահաշխարհային մասշտաբով նվիրատվական բազայի և համապետական մակարդակի ծրագրերի շնորհիվ հիմնադրամը խորհրդանշական տարրի է վերաճել, որը միավորում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի համայն հայությունը: Եվ քանի որ երկրի ղեկավարը կանգնած է նաև հիմնադրամի ղեկին, հասարակությունն ու ԶԼՄ-ները հակված են կապ տեսնել հիմնադրամի դրամահավաքի արդյունքների և իշխանությունների ժողովրդականության միջև:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամի  դիմաձգումը. Իշխանությունները ստպիպում են պետական աշխատողներին նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ուռճացնում են հավաքված նվիրատվությունների թվերը և կիրառում այլ ռազմավարություններ հասարակության վստահության վակուումը փոխհատուցելու համար: Որպես հետևանք՝ հիմնադրամի արդյունավետության սիմուլյացիան իշխանությունների ժողովրդականության պատրանք է ստեղծում:

Լևոն Տեր-Պետրոսյանին հաջորդած ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հիմնադրամը դիմաձգելու նպատակով օգտագործել են և՛ արտաքին (սփյուռք) և ներքին (Հայաստան և Արցախ) ռազմավարություններ:

Արտաքին ռազմավարություն

1998 թ. նախագահ դառնալուց հետ Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր շահել սփյուռքահայերի սրտերը: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին նշանակեց ամերիկահայ Րաֆֆի Հովհաննիսյանին, չեզոքացրեց ՀՀ-ում ՀՅԴ գործունեության արգելքը, իսկ արդեն 2003 թ. կասկածելի վերընտրությունից հետո նրանց մասնակցությամբ կառավարական կոալիցիա ձևավորեց: Այդ վերջին երկու քայլերը ոչ միայն լավ տրամադրեցին սփյուռքահայությանը հայկական իշխանությունների նկատմամբ, այլև նպաստեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրական քարոսչությանը՝ աշխարհասփյուռ հայկական համայնքներում ՀՅԴ հսկայական ազդեցության շնորհիվ:

Նոր իշխանությունը կարիք ուներ նոր դաշնակցի, հատկապես որ հասցրել էր տեսնել նրա ատամները: Արձագանքելով 1995 թ. իրենց կուսակցության գործունեության արգելմանը՝ ՀՅԴ-ն արդեն ցույց էր տվել իր ատամները՝ բոյկոտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը, ինպես նաև իր քաշը սփյուռքում՝ կարողանալով հանգանակել 7 միլիոն դոլարի չափ գումար Արցախի օգնության համար: (Երբ ավելի ուշ, երբ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի նախագահ Հովիկ Սալիպային հարցրեցի իմ և այլոց նվիրատվությունների ճակատագրի մասին, նա ասաց, որ դրանք օգտագործվել են կուսակցության կարիքների համար: Սակայն դա այլ թեմա է):

Ինպես կարելի էր կանխատեսել, Սերժ Սարգսյանը պատճենեց իր նախորդի ռազմավարական քայլը՝ 2008 թ. մարտիմեկյան արյունահեղությունից 20 օր անց ՀՅԴ-ին իր քառակողմ կոալիցիայի անդամ դարձնելով: ՀՅԴ-ն դեմ գնաց Սերժ Սարգսյանին և լքեց կոալիցիան միայն մեկ տարի անց 2009 թ. խորհրդանշական ապրիլի 24-ին: Այդ քայլի դրդապատճառը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հեռանկարն էր, ինչն էլ, այնուամենայնիվ, տեղի ունեցավ 2009 թ. հոկտեմբերի 10-ին: Մաթեմատիկայից ուժեղ լինելու կարիք չկա այդ տրամաբանությունը հասկանալու համար — 10 զոհը շատ ավելի աննշան թիվ է, քան 1,5 միլիոնը:

Իշխանությունների և նրանց նախաձեռնությունների (ներառյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամը) բարենպաստ կերպարի ստեղծմանը նպաստող արտաքին ռազմավարության արդյունավետ բաղադրիչներից է իրենց գործընկերներին մեղսակից դարձնելու միտումը: Իշխանության հետ համագործակցություն իրականացնող սուբյեկտը հաճախ կիսում է ոչ միայն համատեղ նախաձեռնությունից բխող բացթողումների պատասխանատվությունը, այլև հենց միայն համագործակցության բերումով՝ ելնելով ՀՀ իշխանությունների արդար ընտրված չլինելու և կոռումպացվածության հանգամանքներից:

Չնայած արտաքին քաղաքականության մեջ առկա տարաձայնություններին, «Դաշնակցությունը» անցած տասը տարիների ընթացքում գործող իշխանությունների հետ չափազանց շատ է սերտաճել՝ նրանց հետ թշնամանալու և բոլոր հարաբերությունները խզելու համար: Լոս Անջելեսում գործող դաշնակցական «Ասպարեզ» օրաթերթի հետ վերջերս տեղի ունեցած իմ առնչությունը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքական հարցերի շուրջ տարաձայնությունը բացասաբար չի ազդել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ ՀՅԴ վերաբերմունքը: Քոչարյանի ղեկավարման ժամանակներից ներդրված այդ բարեկամական կեցվածքը վերջերս վերահաստատվել է վերոնշյալ Սարգիս Քոթանջյանի հարցազրույցի տակ իմ մեկնաբանությունները (ներառյալ այս ուղեցույցի առաջին և երկրորդ մասերի հղումները ) հրապարակելու «Ասպարեզ»-ի հրաժարումով: Բացատրություններ ստանալու նպատակով օրաթերթի խմբագրի հետ կապվելու իմ փորձերը մնացին անպատասխան: «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. 20 տարի անկախությունից ի վեր» 2010 թ. փետրվարին Վաշինգտոնում հիմնված «Policy Forum Armenia» հետազոտական կենտրոնի հրապարակված զեկույցից մեկ հատված պերճախոսաբար է նկարագրում նման այս տեսակ վերաբերմունքը.

Մինչ սփյուռքահայերից շատերը բնակվում են ժողովրդավարական երկրներում, այնուամենայնիվ ժողովրդավարությունը հազվադեպ է տեղ գտնում սփյուռքյան կառույցներում: Սա կարող է գոնե մասամբ բացատրել, թե ինչու են մեծ թվով հայեր նախընտրել մնալ համայնքային կազմակերպություննեից դուրս և դառնալ սփյուռքի պասիվ ու լուռ անդամներ: Տարակարծությունը — թե՛ կազմակերպությունների ներսում, թե՛ դրսում — ճնշվում է և երբեմն հանգեցնում մերկացմամբ զբաղվող անձանց դուրս մղմամբ: Թեև կուսակցական հայացքները սովորաբար ժխտվում են բաժանարար գծի մյուս կողմում կանգնածների կողմից, անկախ դիրքորոշումները կասկածանքով են դիտվում բոլորի կողմից: (Էջ 23)

Ավելի ուշ նման վարքագիծ դրսևորեց ֆրանսիական «Nouvelles d’Arménie» ամսագրի ղեկավարությունը: 10 օրում ավելի քան 200 փոստից և 5000 դիտումից հետո “Toute la vérité sur le Fonds Pan-Arménien” («Ողջ ճշմարտությունը համահայկական հիմնադրամի մասին») վերնագրով ֆորումային թեման ամբողջովին ջնջվեց: «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյան հետևյալ բացատրությունը տվեց. “À la demande du president du fonds arménien de France les messages estimés calomnieux des internautes HB et Shant Mamaz ont été supprimés du fil de discussion sur le Fonds arménien de France. La suppression du premier message entraînant automatiquement l’effacement du reste des messages dans notre logiciel, c’est toute la discussion qui a été supprimée.” (Ֆրանսիայում հայկական հիմնադրամի նախագահի պահանջով ֆորումի թեմայից ջնջվել են HB և Shant Mamaz օգտատերերի փոստերը, որոնք ընկալվել են որպես զրպարտություն: Առաջին հաղորդագրության ջնջման հետևանքով ջնջվել են մեր ծրագրում տեղակայված մնացած բոլոր փոստերը: Ողջ ֆորումային թեման ջնջվել է):

Արա Թորանյանի բացատրությունը հիասթափեցնող էր ֆորումի օգտատերերի մեծ մասի համար և ի վերջո վերաճեց մի ընթացիկ ֆորումային թեմայի, որին կարելի է ծանոթանալ այստեղ: Իսկ Արա Թորանյանի հիշատակած առաջին փոստը պարզապես հղում էր «Հրապարակ»-ում վերահրատարակված այս ուղեցույցի առաջին մասին և հետևյալ նախադասությունը. “Dommage pour ceux qui ne lisent pas l’arménien!” («Ցավում եմ նրանց համար, ովքեր չեն կարդում հայերեն»): Բարեբախտաբար ես պահպանել էի ֆորումային թեմայի բոլոր 9 էջերը, մինչև ջնջվելը: Վերականգնված քննարկմանը (ֆրանսերեն) կարելի է ծանոթանալ այստեղ:

Սակայն ամենահետաքրքրական այստեղ այն է, որ Պետրոս Թերզյանն էր ֆորումային քննարկումների մասին բողոքողը, և նա էր կարգադրել Արա Թորանյանին հեռացնել այն փոստերը, որոնք ենթադրաբար զրպարտում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մի մարդ, ով երեք տարի առաջ ուզում էր լքել հիմնադրամը այժմ ստիպված է պաշտպանել այն լռեցնելով բաց հասարակական քննարկումն ու քննադատությունը: Պարոն Թերզյանն ի վերջո 2011 թ. փետրվարի 22-ին «Nouvelles d’Arménie»-ում հրատարակեվ իր պատասխանը, որն իր գոյության մոտ քսան տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած բոլոր կենսափրկիչ ծրագրերի քաջ հայտնի զգացմունքայնությամբ լիցքավորված հիշատակում էր: Կարծես ասել կուզի՝ բոլոր լավ արարքները ինքնաբերաբար ներում են շնորհում վատ արարքների համար: Միևնույն ժամանակ պարոն Թերզյանի պատասխանը զիջում էր Սարգիս Քոթանջյանի հարցազրույցում նկատված աբսոլյուտիզմին — որևիցե բացթողում ընդունելու բացարձակ հրաժարում: Նա գրում է. «Mais nous essayons de faire de notre mieux et nos donateurs peuvent en être fiers. Le miracle, quand on y pense, ce n’est pas d’avoir commis des erreurs, mais d’en avoir commis si peu en dépit du contexte extrêmement difficile de ces années» («Մենք անսխալական չենք: Սակայն փորձում ենք անել լավագույնս, և մեր նվիրատուները կարող են դրանով հպարտանալ: Հրաշքը, եթե մի քիչ մտածենք, ոչ թե սխալներ ամենևին գործած չլինելն է, այլ, չնայած այս տարիների ծայրաստիճան ծանր իրավիճակներին, այդքան քիչ սխալ գործելը»):

Այնուամենայնիվ, այն ինչ աչք էր ծակում Պետրոս Թերզյանի պատասխան հոդվածում կարելի է նկարագրել ամերիկյան հայտնի արտահայտությամբ՝ տեքստում փիղ կա («Elephant in the room» արտահայտությունը նշանակում է անխուսափելի և ակնառու խնդիր, որը գիտակցում են բոլորը, սակայն, նախընտրում են անտեսել): Ողջ տեքստում գոնե մեկ անգամ չի հիշատակվում այս ուղեցույցը, որի առաջին երկու մասերն էին, որ փաստորեն հրահրեցին տաք ֆորումային քննարկումը, որն էլ, իր հերթին, առաջացրել էր նրա բարկությունը: Փոխարենը՝ պարոն Թերզյանն իր ամոթանքի խոսքն ուղղում է վերոնշյալ երկու ֆորումի օգտատերերին՝ HB-ին, ով ամբողջությամբ ֆրանսերեն թարգմանելով այս ուղեցույցի առաջին երկու մասերը՝ մաս առ մաս տեղադրում էր ֆորումում ու կարևոր հարցեր բարձրացնում հիմնադրամի վերաբերյալ, և Շանթ Մամազին, ով հաճախ սուր դատողություններ էր ներկայացնում շարադրում արատների շուրջ: Ուղեցույցի և/կամ դրա հեղինակի դիտավորյալ շրջանցման՝ պարոն Թերզյանի շարժառիթներն այնքան էլ պարզ չեն: Ինչևիցե, դատելով վերը մեջբերված վստահելի անանուն աղբյուրի տրամադրած տեղեկության մասին՝ Պետրոս Թերզյանը փաստորեն դատապարտված է պաշտպանելու հիմնադրամը:

Ներքին ռազմավարություն

Առանց նախ և առաջ համահայկական հարստությունները վատնածներին պատժելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը մարդկանց աչքերում սպիտակեցնելու ներքին ռազմավարությունը փոքր-ինչ ավելի դժվար առաջադրանք է: Իշխանությունները անում են այն, ինչը հակասում է նվիրատվության էությանը. նրանք պարտադրել են նվիրատվություն անել (տես՝ մաս II):

Խոստումները որպես նվիրատվություն ներկայացնելը եղել է թվեր ուռճացնելու այլընտրանքային մի ռազմավարություն: Այս հանգամանքը ակնհայտ է 2008 թ. հեռուստամարաթոնի ընթացքում ռեկորդային 35 միլիոն դոլար հավաքագրման մասին հայտարարությամբ: Այս ապշեցուցիչ գումարը, որը ենթադրաբար գոյացել էր արնահեղ մարտիմեկյան իրադարձություններից գեթ ութ ամիս անց, Հայաաստանում և Արցախում շատերի կողմից որպես ապտակ էր ընկալվել՝ սփյուռքի կողմից աջակցության անպաճույճ խոստավանություն ապօրինի վարչակազմին: Սակայն 2008 թ. հեռուստամարաթոնից մոտ մեկ տարի անց՝ 2009 թ հոկտեմբերի 17-ի դրությամբ, հաղորդվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին խոստացված 35 միլիոնից հաջողվել էր հավաքագրել միայն տասը: Հետագայում պարզվեց, որ, ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին լավատեղյակ աշխատակցի, 2008 թ. հավաքվել է 7 միլիոնից ոչ ավել գումար, ինչը ոչ միայն ռեկորդակիր չէր, այլև պակաս էր նախորդ չորս տարիներին ներկայացված գումարից: Այդ փոքր թիվը համայն հայության կողմից, իհարկե, մեղմ, սակայն առավել արժանահավատ վերաբերմունք էր մարտի 1-ի արնահեղությանն ու դրան հետևած իրավիճակի նկատմամբ:

Միևնույն լավատեղյակ ներսի մարդը հաստատել է, որ որոշ միլիոնանոց նվիրատվություններ արվում են դրանց մի մաս՝ առնվազն կեսը, այնուհետև հետ վերցնելու պայմանով:

3. Խորհրդագարը. «Հայաստան» համահայկական հիմնադրամը որպես Սերժ Սարգսյանի խորհրդամոլության զոհ:

Բոլոր տրամաբանական փաստարկներից զատ կա նաև հոգեբանական պատճառ, թե ինչու Սերժ Սարգսյանը չի բաժանվի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Լինելով ինքնանշանակ նախագահ՝ Սերժ Սարգսյանի մոտ զարգացած է իր ղեկավարած երկրում անցանկալի անձի բարդույթը, ինչի պատճառով նա անում է ամեն ինչ՝ արդար ընտրությունների արդյունքում ՀՀ ռազմավարական նշանակության ամեն տեսակ խորհուրդների նախագահ դառնալու համար: Աթոռների կոլեկցիոներ Սերժ Սարգսյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահը վերջերս վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահի և ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոններում: Երկու դեպքում էլ վերընտրվել է ձայների 100% առավելությամբ — հավանաբար ոչ ոք չի հանդգնել այլ կարծիք ունենալ: Այս մինի-ընտրությունները մխիթարանքի աղբյուր են մեկի համար, ում անընդհատ հիշեցնում են 2008 թ. ընտրությունների կեղծումն ու գլխին մեղադրանքներ տեղում:

Իր համայն վերահսկողությունը ամրապնդելու նպատակով Սերժ Սարգսյանն իր ամենահավատարիմ դաշնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ևս հետևել է տվել իր օրինակին: Վարչապետը դարձել է  Երևանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ, իսկ ԱԺ նախագահը՝ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի:

Ամենուրեքյան  նախագահությունը նաև Սերժ Սարգսյանի տոտալիտար նկրտումների քող է: 2008 թ. սեպտեմբերին նա օգտագործեց իր այլընտրանքային նախագահությունը ընդդիմադիր հայացքների պատճառով Երևանի պետական համալսարանից չորս դասախոսի հեռացնելու համար: Նրանց մեջ էին Հայաստանի քաղաքացիական հասարակության կարկառուն ներկայացուցիչներ  հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը և ռեժիսոր Տիգրան Խզմալյան:

4. Հետևիցդ ո՞վ պիտի մաքրի. Իշխանությունները վերանորոգել կամ վերականգնել են տալիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին այն, ինչ վնասվել կամ ավիրվել է անպատիժ իշխանավորի կամ նրա պրոտեժեի կողմից:

Քանի դեռ կա «Հայաստան» համահայկական հիմնադրամ և նրա միջոցները վերահսկելու համար իշխանություններն ունեն բավականաչափ վերահսկողություն, պետական պաշտոնյաներն ու նրանց «ծանոթները» կարող են անպատիժ շարունակել սեփական շահերի համար ենթակառույցներ կողոպտել: Ստորև ներկայացվում են երկու անձինք, ովքեր կա՛մ մսխել, կա՛մ ավիրել են այն, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հետագայում ստիպված է եղել վերականգնել նվիրատուների բարի կամքի շնորհիվ: Այս երկու անձանց շարունակվող կործանարար վերելքը նրանց ժամանակին չկանգնեցնելու հետևանքն է:

ա) Գրիշա (Գրիգորի) Հարությունյան

«Առավոտ» օրաթերթը 2002 թ. հոդվածների շարք էր հրատարակում ՍՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում վեր խոյացող դղյակների մասին: Հոդվածների նպատակը այդ կալվածքների տերերին և դրանք կառուցելու համար ծախսված ֆինանսական աղբյուրները բացահայտելն էր: Այդ շարքի հոդվածներից մեկում 2002 թ. փետրվարի 2-ի համարում պատմվում է Բջնիում գտնվող ամրոցատիպ մի դղյակի մասին. «Ոչ ոք չի մոռացել, թե ինչպիսի աղմուկ բարձրացավ Զինվորական բարձրագույն ուսումնարանի կառուցապատման ժամանակ»: Այդ դղյակը պատկանում է Գրիշա Հարությունյանին՝ Հայաստանի ստվերային տնտեսության խոշոր ձկներից մեկը:

1994 թ. դառնալով ՀՀ պաշտպանության նախարար՝ Սերժ Սարգսյանը Գրիշա Հարությունյանին նշանակեց իր տեղակալի պաշտոնում և նրան վստահեց Երևանում զինվորական ուսումնարանի շինարարության հարցերի համակարգումը: Ուսումնարանի շինարարությունը հովանավորվում էր սփյուռքահայերի կողմից: Մեկ տարի անց պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինելով Սերժ Սարգսյանին՝ Վազգեն Սարգսյանը որոշեց հետաքրքրվել այդ շինարարության հաշվետվություններով: Ֆինանսական մանիպուլյացիների մասշտաբը ընկալելուն պես՝ Վազգեն Սարգսյանը այնքան է հունից դուրս ելել, որ, համաձայն «Չորրորդ ինքնիշխանության», աթոռ է ջարդում շինարարի վրա, մինչ Գրիշա Հարությունյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալը, փախչում է սենյակից՝ խուսափելով իր գլխին ջարդվելիք մեկ այլ աթոռից:

Զինվորական ուսումնարանի շինարրությունն ավարտին հասցնելու համար Վազգեն Սարգսյանը ներգրավում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Երեք տարվա ընթացքում հիմնադրամին հաջողվում է ավարտել ուսումնարանի 3-րդ, 9-րդ, 4-րդ և 7-րդ մասնաշենքերը՝ ընդհանուր առմամբ ծախսելով երկու միլիոն դոլար: Համաձայն պաշտոնական կայքի՝ զինվորական ուսումնարանի 4-րդ և 7-րդ մասնաշենքերի հովանավորը «Իզմիրլյան» հիմնադրամն է Շվեյցարիայից:

Ինչ վերաբերում է Գրիշա Հարությունյանին, նա հեռացվեց պաշտպանության նախարարությունից, սակայն քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նա նշանակվեց Ազգային անվտանգության նախարարի տեղակալ: Նրա պետը կրկին անգամ նրա պահապանն էր՝ Սերժ Սարգսյանը, ով արդեն Ազգային անվտանգության նախարարն էր: Ինչո՞ւ քրեորեն չհետապնդվեց Գրիշա Հարությունյանը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի պահապանությունն ավելի զորեղ էր, քան Վազգեն Սարգսյանի ցասումը: Թեև կան չհաստատված տեղեկություններ, որ Վազգեն Սարգսյանն ուզեցել է համարժեք պատիժ սահմանել Գրիշայի համար, սակայն վերջնական արդյունքն այն է, որ սփյուռքահայ նվիրատուներն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամն օգտագործվել են խարդախությունների հետևանքները կոծկելու համար: Նրանք բավականաչափ զորեղ և անկախ չէին պահանջելու, որ իշխանությունները պատժեն գողին, վերականգնեն գողացված գումարն ու օգտագործեն շինարարությունն ավարտելու համար:

Քաջալերվելով իր անպատժելիությամբ և պետական պաշտոնի պարգևած հեղինակությամբ՝ Գրիշա Հարությունյանը ակտիվորեն ընդգրկվեց հայաստանյան ընդհատակյա բիզնեսում ու դարձավ Հայաստանում մենաշնորհ բաշխողներից: 1998 թ. չնայած իր ֆինանսական չարաշահումներին, նա, ըստ «Չորրորդ ինքնիշխանության», նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի ֆինանսական պատասխանատու: Մեկ տարի անց նրան վստահել են զբաղվել 1999-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված ֆինանսական հարցերով: Այս պատասխանատվությունները խոսում են իր հանդեպ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ունեցած մեծ վստահության մասին: Իսկ այդ վստահությունը, իր հերթին, ենթադրում է, որ անցյալում կատարված ֆինանսական մեքենայությունները ավելին են մատնանշում, քան Գրիշա Հարությունյանի ագահությունն է: Նա իրականացնում էր մի առաքելություն, որն օգտաբեր էր երկու ապագ ինքնահռչակ նախագահների համար:

2003 թ. Գրիշա Հարությունյանը հիմնադրել է մի շինարարական ընկերություն, որը կոչվում է «Գրիար» (կազմված է իր և իր փեայի՝ Արթուր Յորդանյանի անձնանունների առաջին վանկերից): Ինչպես «Առավոտ»-ն է հաղորդում, «Գրիարը» 2004-ին ստացել է Գլխավոր պողոտայի իրացման ու կառուցապատման առյուծի բաժինը՝ 8000 քմ տարածք, որն ընդգրկում է հենց նշված փողոցները Բուզանդի և Արամի փողոցները: Ընկերությունը անշարժ գույքին տիրանում էր՝ բնակիչներին իրենց տների համար պարտադրելով տվյալ տարածքում սահմանվածից զգալիորեն ցածր գներ: Դատարաններում նախկին սեփականատերերի բողոքները արդյունքներ չէին տալիս Գրիշա Հարությունյանի պաշտոնի և կապերի շնորհիվ: Բնակիչներին ի վերջո բռնի կերպով իրենց տներից վռնդեցին  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները:

Գրիշա Հարությունյանի ապօրինի կոմերցիոն գործունեության մասին մանրամասներ կներկայացվեն այս ուղեցույցի չորրորդ մասում:

բ) Լևոն Երանոսյան

Այս պատմությունը սերտորեն կապված է արցախյան գյուղերի ջրամատակարարմանն ուղղված՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայիս մեծամասշտաբ ծրագրի հետ: Այն 2010 թ. հեռուստամարաթոնի մեխն էր: Այս ծրագրի կարիքը թերևս ընդհանրապես չլիներ, եթե նույն այդ իշխանության ներկայացուցիչները, ովքեր նվիրատվություններ են մուրում սփյուռքում, բավականաչափ պատասխանատու լինեին հետպատերազմյան Արցախում ոռոգման համակարգն ու խողովակները չվատնելու համար:

2001 թ. ես շատ էի մտահոգված Քարեգահում ստեղծված իրավաճիկով: Քաշաթաղում գտնվող այս Լաչինում գտնվող ավելի քան հարյուր ընտանիքներով բնակեցված այս մեծ գյուղը զրկված էր կարգին ջրամատակարարումից: Որոշել էի նրանց օգնել այդ հարցում:

Մարտունու շրջանի կառավարիչ Միշա Հովհաննեսյանն ինձ արտոնել էր ապամոնտաժել Մարտունուց Ֆիզուլի ձգվող 216 մմ տրամաչափի պարապ գազի խողովակները և օգտագործել ջրամատակարարման ծրագրերի համար՝ ի շահ Արցախի ժողովրդի: Սակայն խողովակները փորել-հանելու և ապամոնտաժելու մեր ջանքերը խոչընդոտվում էին շրջանի ղեկավարության կողմից, ինչը, օրինակ, դրսևորվում էր մեր սարքավորումների ժամանակավոր առգրավմամբ: Այդ հրամանները գալիս էին հենց Հովհաննիսյանի կողմից, ով այնուհետև պնդում էր, թե սխալմունք է տեղի ունեցել: Մինչ մենք հողի տակից խողովակներն էինք հանում, Մարտունու երկրորդ պաշտպանական շրջանի ղեկավարությունից ինձ տեղեկացրեցին այդ խողովակներն իրենց զորամասում գազամատակարարում ապահովելու համար օգտագործելու մասին ընդունված որոշման մասին: Ես խորհրդակցեցի մեր շրջանից գազի մի մասնագետի հետ, ով ասաց, որ այդ մեր խողովակների տրամաչափը իրականում չորս անգամ ավելի մեծ էր, քան հարկավոր էր զորամասին: Ես զգացի, որ ինչ-որ բան այն չէ:

Մեծ դժվարությամբ և միայն հայկական բանակի երևանյան բարձր պաշտոնյաների միջամտության շնորհիվ 2002 թ. կարողացա հանդիպում ապահովել այն ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ես նրան ասացի, որ զորամասը կարող եմ ապահովել 75 մմ տրամաչափի խողովակներով (որոնք ավելի հեշտ էին ճարվում), եթե 216 մմ տրամաչափի խողովակները թույլ տա օգտագործել Քարեգահի ջրային կարիքների համար: Նա ինձ բացատրեց, որ 2001 թ. ընդունված որոշումից հետո, արգելվում է Արցախից խողովակ դուրս բերել: Նա եզրակացրեց, որ բոլոր խողովակները բանակի պաշտպանության տակ են գտնվում: Ապագա ՀՀ պաշտպանության նախարարը խորհուրդ տվեց, որ ես հարցը քննարկեմ գեներալ Լևոն Երանոսյանի հետ, ով մեր ծրագրի իրագործման համար կարող է խողովակներ ունենա իր շրջանում: Այն ժամանակ Հադրութի շրջանի հրամանատր Լևոն Երանոսյանն ինձ ասաց, որ խողովակ չունի մեզ համար: Նա ավելացրեց, որ բոլոր խողովակներն ունեն ռազմավարական արժեք, և Քարվաճառում բնակվող ավելի քան 100 ընտանիքներին ջրով ապահովելու ծրագիրը իրականություն չդարձավ:

Մեկ տարի անց, 2003 թ. հոկտեմբերին, «Հետք»-ը այս նյութը հրատարակեց.

Այժմ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում տնտեսական գործունեություն են ծավալել «Մաքս գրուպ» ընկերությունը, Միացյալ նահանգներից, Լիբանանից եկած հայ գործարարներ: Այս տարածքներում դեռեւս խորհրդային տարիներին կառուցվել էր ոռոգման ջրի հրաշալի ցանց: Բոլոր գյուղերն ապահովված էին ոռոգման ջրով: Խորհրդային զինվորական քարտեզների վրա մանրամասն նշված էր, թե որ մասով ինչ տրամագծի, ինչպիսի խողովակներ են անցնում եւ այլ մանրամասներ: Օգտագործելով այդ քարտեզի տվյալները` գեներալ Երանոսյանը հողի տակից հանում է այդ խողովակները եւ արտահանում անհայտ ուղղությամբ: Մեր ուսումնասիրությունների համաձայն դրանց մի մասը հայտնվում է Հայաստանի շուկայում, մյուս մասն էլ տեղափոխվում` Պարսկաստան: Այժմ հանվում են 800 մմ խողովակները:

Բնականաբար, այդ աշխատանքների ժամանակ օգտագործվում է բանակի տեխնիկան, եւ շահագործվում են զինվորները: Ըստ մեր տվյալների վերոնշյալ գործարարները այդ գործողությունները կանխելու նպատակով դիմել են Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին եւ վարչապետ Անուշավան Դանիելյանին: Սակայն պատասխանն եղել է մոտավորապես այսպիսին, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Ղարաբաղի կառավարությունում այս տարածքների համար պատասխանատու է Սերժ Ամիրխանյանը` Անուշավան Դանիելյանի խորհրդականը: Հենց նա էլ զբաղվում այս տարածքների վերաբնակեցման խնդիրներով: Սերժ Ամիրխանյանը նույնպես ոչինչ չի կարողացել անել: Ամենազավեշտալին այն է, որ մի կողմից Ղարաբաղի իշխանությունները հսկայական միջոցներ են ներդնում այդ տարածքի գյուղերը վերաբնակեցնելու համար, մյուս կողմից ավերվում է այդ գյուղերը վերաբնակեցնելու առաջին նախապայմաններից մեկը` ոռոգման ջրի համակարգը: Մեր ունեցած տվյալների համաձայն` գործարարներն այս խնդրով դիմել են նաեւ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Գեներալն անկաշկանդ ավարտին էր հասցնում այն, ինչ ազերիները չէին հասցրել մինչև 1994 թ.: Տեսնենք, թե ուր կարող է ժամանակին չպատժված հանցագործությունը տանել: 2006 թ. սեպտեմբերին հայկական լրատվամիջոցները ահազանգեցին Դիլիջանում նոր կառուցվող կոյուղագծի մոտ 220 մետր գողության մասին: «168 ժամ»-ը մամուլում հայտնված մի հրապարակում է վկայակոչում, որը պնդում է, թե Լևոն Երանոսյանն էր այդ գողության հետևում կանգնած: Մեկ տարի անց ՀՀ դատախազությունը հայտարարում է, որ քրեական գործ է հարուցվել 24 հեկտար տարածություն զբաղեցնող կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների փաստի առիթով: Մարզի ղեկավարությունը գողոնի ընդհանուր արժեքը գնահատել էր 247 միլիոն դրամի չափ: Վանաձորի բնակիչները «Առավոտ»-ի լրագրողին հայտնեցին, որ տարիներ շարունակվող կողոպուտը հիմնականում կատարել են Վանաձորում ծառայող զինվորները իրենց գլխավոր հրամանատարների ղեկավարների՝ Լևոն Երանոսյանի և Արշալույս Փայտյանի հրահանգով: Մեկ տարի անց՝ 2007 թ. օգոստոսի 25-ին սպանվեց Լոռու մարզի գլխավոր դատախազ Ալբերտ Ղազարյանը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ընդունեց, որ սպանությունը «կապված է Ալբերտ Ղազարյանի դատախազական գործունեության հետ» (Panorama.am):

Լոռու մարզի գլխավոր դատախազ եղած ժամանակ տարիներ շարունակ Ալբերտ Ղազարյանը տեղյակ է եղել կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցող կողոպուտի մասին: Այդուհանդերձ նա կա՛մ չի հանդգնել, կա՛մ նրան թույլ չի տվել իր վերադասը քրեական գործ հարուցել, մինչև որ չդարձավ մարզի գլխավոր դատախազ: Իր սպանությունից մեկ շաբաթ անց վանաձորցիներն այն կապում էին Ղազարյանի կողմից մեծ չափերի հասնող ապօրինի ծառահատումների փաստի առիթով հարուցվելիք գործին: Փայտի բիզնեսը, ըստ «168 ժամ»-ի, Հայաստանի բարձրաստիճան զինվորականների ձեռքում է, ինչպիսիք են Լևոն Երանոսյանը, Մանվել Գրիգորյանը, Արշալույս Փայտյանը: Երկու տարի անց «Հայկական ժամանակ» օրաթերթը հետաքրքրվեց սպանության գործի ընթացքով, բայց լրագրողին ասացին, որ գործը կասեցվել է: «Չդիմակավորված հանցագործին տեսել ու նկարագրել է սպանության վկա դարձած Գառնիկ Ղաբուզյանը։ Իր վրա կրակահերթ արձակած մարդասպանի արտաքին տվյալների մասին ճիշտ նույն տեղեկություններն է հաղորդել նաեւ միայն կես ժամ անց մահացած դատախազը։ Դա, սակայն, իրավապահներին, պարզվում է, ոչնչով չի օգնել»,- գրում է Աննա Զախարյանը:

Այս դեպքերից հետո Երանոսյանը միայն թեթևակի խնդիրներ է ունեցել օրենքի հետ (անհայտ ելքով). 2007 թ.՝ 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր  հափշտակելը կամ շորթելը պաշտոնեական դիրքն օգտագործելով); 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (շորթում՝ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով); 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը  կամ կրելը): Թեև հայաստանյան դատական համակարգի պաշտոնական կայքը այս գործերի կապակցությամբ հավելյալ մանրամասներ չի տրամադրում, դրանց արյդունքը դժվար թե ազդեցություն թողած լինի Լևոն Երանոսյանի ծաղկող գործարար հաջողության վրա: Հաղորդվում է, որ արդեն 2008 թ. դրությամբ Լևոն Երանոսյան ուներ գազալցակայաններ, խանութներ, էլեկտրոնիկայի խանութ՝ Երեւանում և ձկնաբուծարան` Տավուշի մարզում:

Մինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրյալները անձնվիրաբար ավարտին էին հասցնում 2010 թ. հեռուստամարաթոնի կազմակերպչական աշխատանքները, և մինչ հանրահայտ ու ապահովված հաղորդավարներն իրենց հոգեբանորեն նախատրաստում էին Արցախի ժողովրդի համար ջրամատակարարում ապահովելու նպատակով ալտրուիստի պես երկրով մեկ մանր մուրալուն, գեներալ Լևոն Երանոսյանը 2010 թ. հոկտեմբերին ջուրն էր լցնում արցախյան խողովակներից կուտակված իր խոշոր շահույթը Փարաքարում գտնվող «Սենատոր» կազինոյում: «Մեր հավաստի տեղեկություններով, Երանոսյանը անընդհատ խաղադրույքը դրել է 33 թվի վրա, բայց այդպես էլ ոչինչ չի շահել, կատաղությունից հայհոյել է ներկաներին էլ, այդ թիվն էլ ու լուսաբացին լքել կազինոն», գրում է «Հրապարակ»-ը: Ինչո՞ւ 33: Որովհետև բախտավոր թիվ է: Այդ ժամանակ է, որ Հիսուսը փրկել է Լևոն Երանոսյանին իր բոլոր մեղքերից, մինչև դրանց հայտնվելը, որպեսզի հետագայում դրանք իրեն անհանգստություն չպատճառեն:

Երանոսյանը միակ զինվորական ջոջը չէ, ով բազմաթիվ հաջողակ բիզնեսների տեր է: Նրանցից են այնպիսի հայտնի գեներալներ, ինչպիսիք են Սամվել Բաբայանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Հայկազ Բաղմանյանը, Յուրի Խաչատուրովը, Արշալույս Փայտյանը, Սամվել Հովսեփյանը, Մովսես Հակոբյանը: 2003-ին Սերժ Սարգսյանն այս ջոջերի հետ հավասար գործընկեր էր: «Փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը, Արթուր Աղաբեկյանը, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու հոգի ցորենի գործ են անում Ադրբեջանից գրաված հարավային բոլոր շրջանների (Զանգելան, Ղուբաթլի, Հորադիզ, Ջեբրայիլ եւ Ֆիզուլի) իրենց բերրիությամբ աչքի ընկնող այն հողերում, որտեղ նախկինում խաղող էր աճեցվում: Այդ տարածքներում հողերի մի մեծ հատված, այնքան, որքան մշակվում է վերը թվարկված մի քանիսի հովանավորությամբ, իրացվում է Սերժ Սարգսյանի կողմից: Հաշվել են, որ այդ հողերից նախարարն իր հերթին եւ մյուսները միասին վերցրած տարեկան աշխատում են մոտ 12 միլիոն դոլար»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն»-ը հոկտեմբերի 2003-ին: Սակայն իրերն այլ կերպ դասավորվեցին, երբ Սերժ Սարգսյանը բարձրացավ գահին:

Երբ 2008 թ. նոյեմբերին գեներալներն Արցախում իրենց դժգոհությունը հայտնեցին Արցախի ապագային վերաբերող Մայնդորֆի հռչակագրի կապակցությամբ, Սերժ Սարգսյանին հաջողվեց կարճ ժամանակում հանգցնել նրանց հայրենասիրական պաթոսը՝ սպառնալով զրկել նրանց բիզնեսում իրենց ունեցած եզակի հաջողություններից:

Հայտնի է, որ առանցքային գործիչների պարագայում ապօրինի ունեցվածքը քաջալերվում է իշխանությունների կողմից, քանի որ դա անգնահատելի խաղաքարտ է շանտաժի և անհամաձայնություներ հաթելու համար: Այդ մասին է վկայում ՀՀ կառավարության կոալիցիայի նոր հռչակագրի 2011 թ. փետրվարի 17-ին տեղի ունեցած ստորագրությանը ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը: Հայկական մամուլում հաճախ է հնչեցվել Գագիկ Ծառուկյանին համոզելու համար Սերժ Սարգսյանի օգտագործած գլխավոր խաղաքարտերից մեկը՝ նրա ընկերություններում անաչառ ստուգումների անցկացումը: Իսկ ժողովորդի շրջանում «Դոդի Գագո» մականվամբ հայտնի Հայաստանի ամենահարուստ օլիգարխը թաքցնելու բաներ ունի:

Այսպիսով, և՛ Գրիշա Հովհաննիսյանի, և՛ Լևոն Երանոսյանի պարագայում, այս գործարարներին պատժելու փոխարեն՝ ստիպելով նրանց վճարել երկրի տնտեսությանը հասցված վնասի համար, և այդ տուգանքը ներդնել կորուստները վերականգնելու մեջ, իշխանությունները խնայում են հանցագործներին և այդ կորուստները վերականգնելու նպատակով օգտագործում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և նրա միջոցների նկատմամբ իրենց բացարձակ վերահսկողությունը:

Եզրակացություններ

Ի տարբերություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը պատասխանատու բարեգործական ընկերության լավ օրինակ է ծառայում՝ մեծապես կարևորելով ընձեռելիք օգնության համար շահառուի արժանիության գնահատումը: Այժմյան կառուցվածքով, որտեղ շահառուն՝ երկրի ղեկավարությունը, իշխում է շահատուների վրա, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ի վիճակի չէ այդպիսի ուղենիշ որդեգրել: Հետևանքն այն է, որ իշխանությունները մինչ օրս միջոցները ամենայն պատասխանատվությամբ օգտագործելու համար բավականաչափ ազդակ չեն ունեցել:

Արտոնյալ անհատների հարստացման և ցածրորակ աշխատանքի պատճառով սփյուռքում, Հայաստանում և Արցախում բնակվող հայերը կորցրել են հիմնադրամի նկատմամբ իրենց ունեցած վստահությունը: Հիմնադրամի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու փոխարեն հայկական իշխանությունները ձգտում են նվիրատուների վստահությունը՝ ստեղծելով բարեփոխումների պատրանք: Թե՛ հավաքագրված գումարն է չափազանցնում, թե՛ պետական աշխատողներին են ստիպում նվիրատվություններ կատարել: Հիմնադրամին սփյուռքի աջակցությունը ապահովելու համար, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը սովորեցին Լևոն տեր-Պետրոսյանի սխալից՝ ոչ միայն վերացնելով Հայաստանում ՀՅԴ գործունեության արգելքը, այլև ընդգրկելով այդ կուսակցությունը կառավարական կոալիցիայի մեջ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հավերժացնելու իշխանությունների միտման պատճառներից մեկը, թերևս, բոլոր հայերին միավորելու այդ կազմակերպության սիրելի կերպարն է: Իշխանությունները հակված են հիմնադրամի հաջողությունները չափազանցնելուն, քանի որ տվյալ տարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվական հաջողությունները  հաճախ են վկայակոչվում գործող իշխանությունների ժողովրդականությունը գնահատելիս: Այժմյան ֆորմատով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի շատ ծառայում է գործող իշխանություններին հզորացնելուն, քան երկրի սոցիալ-տնտեսական կարիքները ապահովելուն: Այսպիսով, «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվող յուրաքանչյուր նվիրատվություն վստահության քվե է հայաստանյան և արցախյան կոռումպացված իշխանություններին:

Գրիշա Հարությունյանի և Լևոն Երանոսյանի օրինակները ցույց են տալիս հայկական իշխանություններին «Հայաստան» համահայկական հիմնադրամի անմնացորդ ենթակայությանը հետևանքները: Այդ ենթակայությունը իշխանությունների վրա անդրադառնում է որպես հակաազդակ քրեական գործունեությունը հետապնդելու և որոշակի ծրագրերի իրականացման նպատակով հնարամտություն դրսևորելու համար: Այդ ծրագրերի իրականացումն, ի վերջո, փաթաթվում է հիմնադրամի վզին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին տվյալ ուղեցույցի առաջին երկու մասերի վերաբերյալ ստացված արձագանքն անհրաժեշտություն է առաջացրել փոքր-ինչ լայնացնել ուսումնասիրության հորիզոնը: Արդյունքում լինելու է նաև մաս IV, որի հիմնական թեման է. 20-ամյա Հայաստանը քայլակի կարիք չունի: Իշխանությունները բավականաչափ պարտավորվածություն չեն զգացել ավելի լավ կառավարում ապահովելու համար, քանի որ բարեգործական կազմակերպությունները ո՛չ դադարեցրել են իրենց օգնությունը, ո՛չ էլ սակարկել են այն շոշափելի բարեփոխումների իրագործման դիմաց: Ինչպես են անպատիժ մեծածավալ հարկախուսափումն ու իշխանական կոռուպցիան ծծում Հայաստանի ինքնաբավության ներուժը:

 

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը