Oct 192010
 
 October 19, 2010  Add comments
Serzh Sargsyan (© ArmeniaNow.com)

Serzh Sargsyan (© ArmeniaNow.com)

Պարոն Սերժ Սարգսյան և ՀՀ կառավարության անդամներ,

Մահացությունը և համատարած բռնությունները հայաստանյան և արցախյան բանակներում տագնապալի չափերի են հասնում: Այսօր ոչ միայն կորուստների թվաբանությունն է հանրային ցասման ալիքի պատճառը կամ այն, որ ավելի շատ հայ զինվորներ են սպանվում իրենց զինակիցների, քան թշնամու կողմից, այլև թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի Պաշտպանության նախարարությունների պատասխան գործողությունների անարդյունավետությունը:

Ե՛վ հայաստանյան հասարակությանը և սփյուռքահայությանը ապշեցրեց բանակային բռնության տեսարանը պատկերող տեսահոլովակի մասին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, որով խստիվ դատապարտվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը»: Այսով, ինչ խոսք, պատիժ է նախատեսվում նաև ինձ համար՝ որպես բանակը կործանող անմարդկային վերաբերմունքի առնչությամբ տագնապ հայտարարողներից մեկի: Այս տեսակ սպառնալիքները կարելի է դիտարկել որպես հանցանքի մասին հաղորդման վրա արգելք դնելու փորձ:

Սկանդալային տեսահոլովակում նկարահանված սադիստ սպայի վերաբերյալ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական խորհրդական Միքայել Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ այդպիսի զինվորականները «իրավունք չունեն տեղ ունենալ բանակում»։ Ես լիովին կողմ եմ այդ դիրքորոշմանը, ինչպես շատերը, ներառյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ համաձայն հոկտեմբերի 12-ին Լոս Անջելեսում արած իր հայտարարությանը: Այնուամենայնիվ տվյալ համատեքստում մտահոգիչն այն է, որ թե՛ ՀՀ և թե՛ Արցախի ներկայիս պաշտպանության նախարարները՝ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը համապատասխանաբար, դեռևս «տեղ ունեն բանակում» շատ ավելի զազրելի միջադեպից հետո, երբ 2005 թ. հունիսի 19-ին մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ միասին նրանք դաժան խմբակային ծեծի ենթարկեցին Պավել Մանուկյանին, ով հիվանդանոց հասցվեց անգիտակից վիճակում:

Ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ Վարդան Բալայանը, ո՛չ Արթուր Հարությունյանը, ո՛չ Վլադիկ Խաչատրյանը, ո՛չ Մովսես Հակոբյանը՝ Արցախի պաշտպանության ներկայիս նախարարը, ովքեր մասնակցել են Պավել Մանուկյանի խմբակային դաժան ծեծին, դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել: Արդյո՞ք սա «կանաչ լույս» չէ այն սպաներին, ովքեր բռնություն են իրականացնում զինվորների նկատմամբ առանց վախենալու, որ կպատժվեն: Դեռ ավելին՝ չի բացառվում պաշտոնի բարձրացում, ինչպես գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի դեպքում:

 

Քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի տառի և ոգու ողջ խստությամբ, զորեղ հայկական բանակը ի վերջո կպարտվի ներսից: Նման վախճանից խուսափելու նպատակով անհրաժեշտ է վերացնել հայկական բանակում տիրող անպատժելիության մթնոլորտը: Այս նպատակին հասնելու ամենաարագ միջոցը կարող են լինել հետևյալ քայլերը.

 

  • ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին;
  • ՀՀ պաշտապանության նախարարի պաշտոնը վստահել մեկին, ով առանձնանում է ոչ միայն արցախյան պատերազմում դրսևորած իր քաջությամբ, այլև օրինապաշտությամբ;
  • Քրեական գործեր հարուցել 2005 թ. հունիսի 19-ին տեղի ունեցած՝ Պավել Մանուկյանի խմբակային ծեծի և, ընդհանրապես, բանակային բռնությունների առնչությամբ, ու պատժել բոլոր նրանց ովքեր հացագարծություններ են գործել;
  • Զորամասերի առավել մանրազնին և հաճախակի ստուգումներ կատարել;
  • Հանցագործության մասին հաղորդելու քաջալերում անվտանգության երաշխիքներով
  • Բռնարարքը նկարահանած և տարածած անձանց ազատ արձակում և նրանց անձնական անվտանգության ապահովում:

 

Ես ակնկալում եմ Ձեր պատասխանը, ինչպես նաև կոնկրետ քայլեր ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ես միշտ պատրաստ եմ ծառայել մեր ազգին այժմ և ապագայում՝ անկախ Ձեզ ուղղված իմ խնդրանքի արդյունքներից:

 

Արա Մանուկյան

Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության

Արցախի ներկայացուցիչ

Կայք՝ www.snff.org

Էլ. հասցե՝ ara@snff.org

 

Վերոնշյալ բռնությունների մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.TheTruthMustBeTold.com