Sep 252010
 
 September 25, 2010  Add comments

Հայկական հասարակությունը մասնատված է բանակային սկանդալի պատճառով

Արա Խ. Մանուկյան

 

մայոր Սասուն Գալստյանը ծեծում և զինծառայողների

 

Մոտ երկու շաբաթ առաջ YouTube-ում հայտնված՝ հայկական բանակում սադիստական արարք պատկերող սկանդալային տեսանյութը տագնապ հարուցեց հազարավոր մարդկանց մոտ: Այսօրվա դրությամբ, սակայն, տագնապալին 4 րոպե և 42 վայրկյան տևողությամբ տեսանյութի վերաբերյալ նրանց հնչեցրած արձագանքներն են: Հարցը մնում է անպատասխան՝ արդյոք տեսանյո՞ւթն է վտանգ Հայաստանի անվտանգությանը, թե դրա բովանդակությունը: Ցանցային դեբյուտից շատ չանցած, սկանդալային տեսանյութը անհետացավ, սակայն ես այն հասցրել էի ներբեռնել և իսկույն ապահովեցի հանրային հասանելիությունը: Կարծում եմ, որ գիտեմ, թե ինչու մյուս պատճենները ահետացան. տեսանյութի իմ պատճենի վերբեռնումից մի քանի օր անց ինձ հետ կապվեցին ՀՀ ոստիկանության 6-րդ բաժնի աշխատակիցներն ու գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ Արցախի պաշտպանության նախարարը:

Կարճ տեսանյութը, որով վավերագրվել է, թե ինչպես է մայոր Սասուն Գալստյանը ծեծում և նվաստացնում երկու հայ զինծառայողների, ողողել է համացանցը բազմաթիվ հոդվածներով, բլոգային նյութերով, ֆեյսբուքյան քննարկումներով և, կարևորը, մեկնաբանություններով, որոնք վերածվել են հայկական հասարակության խոսող հայելու:

Պետք է գիտակցել, որ տեսանյութում պատկերվածը միայն մի պատառիկ է այն ամենի, ինչ տեղի է ունենում բանակում երկու երկար տարիների պարտադիր ծառայության ընթացքում մի երկրում, որի վրա ավելի քան մեկ տասնամյակ անընդհատ կախված է պատերազմի վերսկսման վտանգը: Սա պարզապես սառցալեռան ծայրն է: Բազմաթիվ վկայություններ կան հայկական զորամասերում ամեն օր տեղի ունեցող շատ ավելի սադիստական և զազրելի բռնարարքների մասին, որոնցից շատերը եզրափակվել են սպանությամբ կամ ինքնասպանությամբ: Ինչպես YouTube-ի օգտատեր Arrrmenian-ն է նշում տեսանյութի տակ գրած և ինձ այն հանել հրամայող իր մեկնաբանության մեջ, «Արա ամոթ ա: Հանեք էս ստուց. Խի ո՞վ չգիտի, սենց բաներ կան…»: Ինչևիցե առ այսօր, ըստ իս, հայկական բանակում անմարդկային վերաբերմունք պատկերող հրապարակայնորեն հասանելի տեսագրություն չէր եղել այս մեկից առաջ: Այս հանգամանքը, դրան գումարած Հայաստանում համացանցային օգտատերերի թվի մեծ աճը, սենսացիա է դարձրել այդ կոնկրետ դրվագը: Հանրային ցասումն իր գագաթնակետին հասցրած այլ գործոններից են վերջերս տեղի ունեցած մի քանի զինծառայողների ինքնասպանություններն ու/կամ սպանությունները:

Ցանցային եթերում դեռ 24 ժամը չբոլորած` տեսագրության բնօրինակը «հեռացվել էր օգտագործման պայմանների խախտման պատճառով»: Այս հաղորդագրությունն էին հազարավոր մարդիկ տեսնում տեսանյութի փոխարեն: Ամենայն հավանականությամբ նախնական տեսանյութը հրապարակվել էր (հավանաբար asekose.com-ի կողմից) առանց դիտողական զգուշացման, համենայնդեպս հետագայում այդ նույն օգտատերը նյութը վերահրապարեկելու որևէ փորձ չի արել: Հետաքրքիր է, որ slaq.am-ը, որն ըստ շրջանառվող լուրերի՝ տեսանյութը պատճենել էր asekose.com-ից, հեռացրել է տեսանյութիր պատճենը առանց YouTube-ի միջամտության, բնօրինակի անհետացումից քիչ հետո: Օգտագործելով aramanoogian.com հասցեով գտնվող Martuni or Bust!!! բլոգն ու Ֆեյսբուքը՝ ես նպաստեցի տեսանյութի տարածմանը իմ յություբյան ալիքի միջոցով: Տասը օրում այցելությունների քանակն անցավ 14 000-ից, իսկ մեկնաբանություններինը՝ 500-ից:

Դատելով հոդվածների, բլոգների, ֆորումների ու մեկնաբանությունների միջոցով տեսանյութի և դրա բովանդակության վերաբերյալ հնչած հանրության արձագանքներից՝ վերջիններս բաժանել եմ 10 խմբի:

1. Լինչի խումբ. Ես դատապարտում եմ բռնարարքը և ցանկանում բռնարարք իրականացնել չարագործի նկատմամբ:

Լինչի խմբին դասվող մարդիկ արտահայտվել են հիմնականում տեսանյութի տակ հայտնվող մեկնաբանությունների միջոցով և շատ ավելի հազվադեպ լրատվական կամ բլոգային հոդվածների ներքո: Նրանց արձագանքները մեծամասամբ հայհոյանքներ են պարունակում, որոնք զուգակցվում են նույնը սադիստի նկատմամբ կատարելու իղձով, ինչը որոշ դեպքերում արտահայտվում է նրան ի մահ բռնաբարելու պատրաստակամությամբ: «Լինչի խումբը» տվյալ դասակարգման աղյուսակում խոշորագույններից է: Այս մարդիկ են դրսևորում բռնության տեսարանների նկատմամբ ամենամեծ կատաղությունը: Ինչևէ իրենց ցասման մեջ նրանք նույնանում են չարագործի հետ՝ նրա նկատմամբ նույնը կամ վատթարը անելու ցանկությամբ: Մյուս կողմից՝ նրանց անկեղծ արձագանքը արտացոլում և փոխհատուցում է կոռումպացված հայկական իշխանությունների տկարությունը, որոնք մշտապես տապալել են նմանատիպ խնդիրների լուծումը կամ պարզապես արհամարհել:

2. Գերհուզական խումբ. Ես դատապարտում եմ բռնարարքը և ցանկանում, որ մեկ ուրիշը բռնարարք իրականացնի չարագործի նկատմամբ:

Այս խումբն ընդգրկում է մարդկանց, ում արձագանքն արտահայտված է հիմնականում մեկնաբանությունների տեսքով և՛ տեսանյութի, և՛ լրատվական հոդվածների, և՛ բլոգային հոդվածների տակ: Ճիշտ ինչպես «Լինչի խումբը»՝ նրանք ևս գրում են հայհոյանքներով լի մեկնաբանություններ՝ զուգորդված անեծքներով, ինչպես տեսանյութի տակ akravum-ի թողած մեկնաբանության հետևյալ հատվածում. «Սրա մոր արգանդը չորանար որ սրա նմանը աշխարհ չգար»: Գերհուզականներն ուզում են, որ հանցագործը ենթարկվի լինչի դատաստանի, ինչևէ, ի տարբերություն «Լինչի խմբի», նրանք ուզում են, որ մեկ ուրիշն անի սև գործը իրենց փոխարեն: Լինչի դատաստանին ենթարկելու ցանկությունը նաև արտացոլում է Հայաստանում արդարադատության համակարգի արդյունավետության հանդեպ հանրության վստահության բացակայությունը: Այնուամենայնիվ նրանց պասիվությունը որևէ կերպ տեղից չի շարժում ներկա ստատուս քվոն:

Ստորև բերված են տվյալ խումբը բնորոշող տիպական մեկնաբանությունները (նախընտրված դահիճը թավ է).

Armen011472: «sran publichni kaxela petq ais erexaneri tsnoxnery zerqerov»:

DaveArtsruni: «Uzumei comment toxnel, bayc zgumem vor grakan sahmannerum chi stacvi. karch asac, sran petka disbat uxarkel hasarak zinvorneri mot, u meje anpayman imac tal inchi hamara nstel»:

bjshdav: «voch qfur ktam voch el erkar kgrem, astvac ta qo erexu het el senc varven ANASUN!»

3. Հուզական խումբ. Ես դատապարտում եմ բռնարարքը և խիստ պատիժ պահանջում չարագործի համար:

Հուզական արձագանքը բնորոշ է տվյալ ցուցակում ներկայացված բոլոր խմբերին: Սակայն տվյալ խմբի ներկայացուցիչներին առանձնացնում է այն հանգամանքը, որ նրանք ավելի երկար են մնում այդ նախնական հուզական փուլում և հակված են իրենց կարծիքներն արտահայտել շոկի անմիջական ազդեցության տակ՝ առանց սառը դատողության վերադարձին սպասելու: Հուզական խմբի մարդիկ շատ են կարեկցում սպայական սադիզմի զոհերին: Իրենց ատելությունը չարագործի նկատմամբ նրանք արտահյտում են նույն ուժգնությամբ, ինչ նախորդ խմբերը, այդուհանդերձ հակված են իրենց զայրույթը սահմանափակել հայհոյախոսությամբ: Հուզական խմբի մարդիկ երբեմն մոռանում են նշել արդյոք կուզեին չարագործին որևիցե եղանակով պատժված տեսնել: Իսկ երբ նշում են, որ կուզեին նրան տեսնել պատժված, չեն հստակեցնում արդյոք Լինչի դատաստանի, թե դատական համակարգի միջոցով: Համենայնդեպս կա մի ընդհանրություն խմբի բոլոր անդամների մոտ. ոչ ոքի մտքով չի անցնում որևէ կերպ գնահատել տեսանկարչին: yeapum օգտանվամբ անձնավորության մեկնաբանությունը բնորոշում է այս խումբը. «yes arden kamac kamac hayrenaser marduc veracvum em azgis atox mardu. lurjjj»: Իր խոսքի վերջին բառն ուղղակիորեն մատնանշում է, որ նա պարզապես տեղի է տվել ժամանակավոր հուզական ընկճմանը, պարտվածության զգացողությանը, ինչը ստիպել է նրան հրապարակայնորեն հայտարարել մի բան, որին դժվար թե հավատարիմ մնա:

4. Մտահոգ քաղաքացիների խումբ. Ես դապարտում եմ բռնարարքը, խիստ պատիժ պահանջում չարագործի համար և քաջալերում տարածումը:

Այս խումբը գլխավորապես բաղկացած է լրագրողներից, իրավապաշտպաններից, մտավորականությունից կամ, պարզապես, մտահոգ քաղաքացիներից: Ինչպես նախորդ խմբի ժողովուրդը, նրանք դատապարտում են բռնարարքը, սակայն հստակ դիրքորոշում ունեն պատժամիջոցի առումով՝ բանտարկում: Ի տարբերություն նախորդ խմբերի, չնայած տեսանյութի բովանդակության առաջացրած հուզական նոպաների՝ մտահոգ քաղաքացիները րեն մոռանում ընդգծել նման նյութերի տարածման կարևորությունը: Նրանք հավատ ունեն հասարակական գործունեության նկատմամբ, դրա համար էլ կոչ են անում ապահովել չարագործություններ ջրի երես հանող անձանց անվտանգությունը և քաջալերում նրանց:

Տվյալ խմբում կա նաև քաղաքական միավոր՝ Հայ ազգային կոնգրեսը: Վերջինս, ինչ-որ տեղ չափազանց հուզական, պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որով դատապարտում է բռնարարքը, ինչպես նաև տեսանյութի հեղինակին և այն տարածողին խստիվ պատժելու Պաշտպանության նախարարության մտադրությունը:

arturo3312-ի արած հետևյալ յություբյան մեկնաբանությունը կառուցողական առաջարկ է ներկայացնում չարագործներին հայտնաբերելու համար. «Ժողովուրդ ջան, ամեն մեկդ ձեր ծանոթներին ուղարկեք այս վիդեոն, թող բոլորն էլ նայեն, կարող ա մեկը ճանաչի կամ զինվորներին, կամ էտ անասունի տղա հրամանատարին, դրան գտնելու եւ պատժելու միակ տարբերակը դա է»: Այս մեկնաբանությունը հեռացված է, և ես վերագտել եմ միայն տեսանյութի յություբյան մեկնաբանություններին բաժանորդագրված լինելու շնորհիվ:

Վերջերս մի հետաքրքիր նամակ ստացա ընկերներիցս մեկից, ով ուշի ուշով հետևում է հայաստանյան զարգացումներին. «Հայկական կառավարությունը ոչինչ դրա վերաբերյալ չի անի, ճիշտ ինչպես ոչինչ չի արել երկրում տիրող կոռուպցիայի վերաբերյալ: Լուծումը պարզ է: Զինվորները պիտի անեն այն, ինչ ամերիկյան զինվորներն էին անում վիետնամական պատերազմի ժամանակ՝ սպաների մեջքին էին կրակում: Ի վերջո խոսքը սպաներին տեղ հասավ»:

Նրա խոսքը խելքին մոտ է: Քանի որ անցյալ շաբաթվանից կենտրոնացած եմ մեկնաբանությունների դասակարգմամբ, փորձեցի սահմանել այս խոսքը ևս: Չնայած Լինչի դատաստան կոչ անող առաջին երկու խմբերի հետ արտաքուստ նմանությանը՝ այս մեկնաբանությունը հաստատապես կարելի է վերագրել մտահոգ քաղաքացիների խմբին: Լինելով հոռետես ներկա իշխանությունների՝ այս խնդիրը պտշաճորեն լուծելու կամքի ուժի նկատմամբ՝ նա պատմական նախադեպ է երևան հանում, որտեղ «ակն ընդ ական» մոտեցումը լուծում է հանդիսացել: Ինձ թվում է, որ այս խոսքը լռելյայն մատնանշում է այլ ուղղությամբ՝ տապալիր կոռումպացված իշխանությունը, եթե չես ուզում, որ բռնությունն աճի հայկական բանակի շարքերում:

5. Մտահոգ հայրենասերների խումբ. Ես դատապարտում եմ բռնարարքը, խիստ պատիժ պահանջում չարագործի համար, բայց չեն ընդունում տարածումը

Այս մարդկանց խումբը կազմված է իշխանավորներից, քաղաքական գործիչների մեծ մասից՝ բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի, ինչպես նաև հասարակ հայրենասեր քաղաքցիներից: Նրանք դատապարտում են բռնարարքը, ինչևէ հավանություն չեն տալիս տարածմանը՝ կարծելով, որ այն բարոյազրկում է հայկական բանակը: Նրանք նաև համոզված են, որ թշնամին կարող է այն օգտագործել Հայաստանի դեմ: Մինչ օրս այս խմբից ոչ ոք հանդես չի եկել որևիցե համապարփակ վերլուծությամբ այն մասին, թե ինչ արդյունավետությամբ կարող է Ադրբեջանը կիրառել այս տեսանյութը մեր երկրի դեմ՝ հաշվի առնելով իրենց իսկ բանակի շարքերը հյուծող նմանատիպ բռնարարքների առկայությունը: Այս խմբին հարող անձինք տեսանյութի տարածմանը դեմ են նաև այն պատճառով, որ, կարծում են, սերը հայրենիքի հանդեպ կպակասի ու միգուցե զանգվածային դասալքություն կլինի, ինչը վտանգ է սպառնում ազգային անվտանգությանը: Սակայն ո՞վ չգիտեր, թե ինչեր են պատահում բանակում իր ստեղծման օրվանից:

Տիպական օրինակ է սփյուռքահայ Հագոփ Թորոյանի մեկնաբանությունը, որով նա ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերեց Policy Forum Armenia կազմակերպության ֆեյսբուքյան էջում իմ վերբեռնած տեսահոլովակին հղող խոսքի վերաբերյալ. «Ամո՛թ քեզ, Արա Մանուկյան: Հայաստանի դեմ ուղղված այս բացասական պրոպագանդան շրջանառելու փոխարեն դրական քայլ կլիներ անմիջականորեն իշխանություններին գրելը: Դու պարզապես եսակենտրոն, եսասեր carpetbagger ես (Սեփական քաղաքական և տնտեսական շահերն ի վնաս տեղաբնակների հետապնդող նորաբնակներ: Այդպես են պիտակվել19-րդ դարի վերջում ստրկատիրության տապալումից հետո ԱՄՆ-ի հյուսիսից հարավային նահանգներ տեղափոխված ունևոր մարդիկ հարավցիների կողմիցԱ.Մ.)»: Ես զարմանում եմ, որ այս պարոնը չի գիտակցում, որ այն ինչ տեղի է ունենում տեսանյութում բանակում կատարվող առավել լուրջ բռնարարքների վերաբերյալ հազարավոր քաղաքացիների, ՀԿ-ների և իմ կողմից ուղարկված դիմում-բողոքներին լուծում տալու Պաշտպանության նախարարության ձախողման հետևանքն է:

Այս խմբում կներառեի նաև ՀՀ ոստիկանության կիբեր-հանցագործության բաժնի աշխատակից Արսենին, ով խուսափեց ինձ հայտնել իր ազգանունը: Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանից (տես ստորև) մի քանի րոպե անց զանգ ստացա Արսենից. «Մենք ուզում ենք էտի բացահայտել, էտ աֆիցեռին գտնել՝ էդ ով որ տենց… էդ սալդատների հետ տենց ա անում»: Ես նրան ասացի, որ ես միայն պատճանել եմ տեսանյութը մեկ ուրիշի մոտից և գաղափար չունեմ բուն աղբյուրի մասին: Ապա նա հարցրեց, թե ումից եմ պատճենել տեսանյութը, «որ իրանից ճշտենք էտի»: Ես նրան էլ. փոստով ուղարկեցի յություբյան աղբյուրը, որտեղից պատճանել էի տեսանյութը: Արսենը բարեհամբյուր էր ինձ հետ և չխնդրեց տեսանյութը YouTube-ից հանել:

Ինչևիցե չեմ բացառում հավանականությունը, որ ՀՀ ոստիկանության 6-րդ բաժնի ներկայացուցիչները, որոնց հետ հեռախոսազրույց ունեցա պատկանում են հաջորդ՝ «Իբր-հայրենասեր խմբին», որի ներկայացուցիչների հիմնական նպատակը բռնարարքը դատապարտելու քողի տակ այն տեանյութի միջոցով տարածողին պատժելն է: Հնարավոր է, որ ինձ հետ բարեհամբույր էին, քանի որ իրենց վերահսկողությունից դուրս եմ գտնվում՝ լինելով ԱՄՆ քաղաքացի, և հեռախոսազրույցի ժամանակ իրենց հարցաքննման սենյակի մոտակայքում չլինելով: Որևէ վկայություն չկա, որ նրանք նույնքան բարեհամբյուր են գտնվել Մենուա Հարությունյանի (slaq.am-ի տնօրեն) և Արամ Հարությունյանի (asekose.com-ի տնօրեն) նկատմամբ, որոնց, ինչպես հայտնում է Թերթ.am-ը՝ վկայակոչելով «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին, երկու օր անց հրավիրել են 6-րդ բաժին և հարցաքննել տեսանյութի աղբյուրը հայտնաբերելու նպատակով: Ըստ պտտվող լուրերի՝ «Հայլուր»-ի նախկին հաղորդավար Արամ Հարությունյանին ազատ են արձակել ինչ-որ կարևոր մեկի զանգից հետո: Փաստը մնում է փաստ՝ նրանց վերբեռնած տեսահոլովակն այլևս չկա YouTube-ում:

Ես անկեղծորեն ուրախ եմ Արամի համար, եթե պտտվող լուրերը ճիշտ են: Այնուամենայնիվ սա բացահայտ հողարդագրություն է Հայաստանի սովորական քաղաքացիներին: Եթե մեջքիդ հետևում հզոր մեկը չունես, խոսքի ազատությունը կրակ է, որի հետ խաղալ չի կարելի:

6. Իբր-հայրենասերների խումբ. ես դատապարտում եմ բռնարարքը, խիստ պատիժ եմ պահանջում թե՛ չարագործի և թե՛ տեսանյութը վերբեռնողի/տարածողի համար:

ՀՀ Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի առաջին հայտարարությունը յություբյան տեսահոլովակի վերաբերյալ այս խմբի երևի թե լավագույն սահմանումն է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը»: Լրատվամիջոցների մեծ մասին վրդովեցրել էր այս հայտարարությունը, որը առաջնային է համարում տեսանյութի հեղինակի պատիժը: Այս խումբը բաղկացած է մասնավորապես ռազմական ղեկավարությունից և, ընդհանրապես, ռազմական կադրերից: Անգամ եթե նրանք պատժեն այս բռնարարքին մասնակցած չարագործներին, հանցագործությունը ջրի երես բերելու նրանց դրդապատճառները թերևս չդուրացնեն այն մարդկանց, ովքեր ակնկալում են արդարադատության հաղթանակ և բանակում չարագործությունների վերացում:

«ohanyan@ amen inch anuma vor taktsni es pastr@, karogha vor brni takun patji et srikayin, bayts miayn nra hamar vor hayastani banaki pativ@ ktselu hamar vochte zinvor tanjelu hamar», գրում է FourSeasonRunner-ը YouTube-ի տեսահոլովակի տակ իր գրած մեկնաբանության մեջ: Ճշմարտություն կա նրա ենթադրության մեջ, բայց ես կարծում եմ, որ Սասուն Գալստյանը կպատժվի իր թափթփվածության համար, ինչի հետևանքով բացվեց Պանդորայի արկղը: Ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ Պաշտպանության նախարարը անկեղծորեն ցանկանա պատժել մեկին իշխանական դիրքի չարաշահման և բռնություն գործադրելու համար, եթե, ինչպես հայտնի է բոլորին, ինքն անձամբ է նման հանցանք գործել: Այսօր ո՞վ է հիշում Պավել Մանուկյանի խմբակային ծեծը, որը նախաձեռնել էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն իր իսկ առանձնասենյակում 2005 թ. հունիսի 21-ին, երբ նա դեռ Արցախի Պաշտպանության նախարարն էր:

«Առավոտ» օրաթերթի խմբագրականի տակ թողնված մեկնաբանությամբ aramar օգտանունով ներկայացող մի անձնավորություն մի հետաքրքիր պաշտոնական հայտարարություն է սևագրել, որը կուզեր լսել Պաշտպանության նաախարարության անունից. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ՀՀ պաշտպանության բանակում (թերևս պետք է լիներ կա՛մ ԼՂՀ Պաշտպանության բանակ, կա՛մ ՀՀ Զինված ուժեր – Ա.Մ.) տեղ գտած նման արատավոր երեվույթները, խրախուսում է այդպիսի նյութերի պատրաստումը,հորդորում ե նմանատիպ փաստերի առկայության դեպքում, մինչ հրապարակելը, դրանք ներկայացնել Պաշտպանության նախարարություն: Վստահեցնւմ ենք, որ մենք դրանք անարձագանք չենք թողնի ու երաշխավորում ենք փաստեր ներկայացնողի անձեռնամխելիությունը: Մենք բոլորից շատ ենք շահագռգռված, որպեսզի նման երեվույթները իսպառ բացակայեն մեր բանակում»: Ինձ թվում է, որ չտաշվածությամբ հանդերձ այս տեքստն ավելի հարիր է, քան ՀՀ պաշտպանության նախարարության հնչեցրած հայտարարությունը:

Այնուամենայնիվ aramar-ի մեկնաբանությունից ութ օր անց, ArmeniaNow.com-ի փոխանցմամբ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որևէ անօրինական բան կա՞ բռնարարքի փաստն արձանագրելու և ինտերնետով տարածելու մեջ, ասել է, թե «ինքը դրանում բացասական բան չի տեսնում»: Ակնհայտ է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի այս հայտարարությունը պատրաստվել է հանրային վրդովմունքի ճնշման տակ, մասնավորապես մտահոգ քաղաքացիների անդադար պահանջներով, որ իշխանությունները հարցին պատշաճ լուծում տան և հանգիստ թողնեն տեսանկարչին: Պետք չէ մոռանալ, որ այս խոսքերը հնչում են մի մարդու կողմից, ում ստորագրած հրամանների հետևանքով 2008 թ. մարտի 1-ին 10 քաղաքացի է զոհվել՝ կեղծված նախագահական ընտրությունների դեմ պայքարելիս:

Ռազմական ղեկավարությունը միշտ էլ կոծկել է բանակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները՝ արդարանալով, որ չեն ցանկանում թշնամու ջրաղացին ջուր լցնել հանուն ազգային անվտանգության: Բանակում տեղի ունեցած տեսագրված բռնության վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հայտարարության հետևյալ հատվածը շատ լավ պատասխան է այս անհիմն վախի մարտավարությանը. «Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե՛ւ ինքնասպանության, ե՛ւ սպանություն, ե՛ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ»:

Այս տեսակ վայ-հայրենասիրության օրինակ են Արցախի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերն ինձ հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում YouTube-ում արդեն զանգվածային վրդովմունք առաջացրած նյութի իմ տեղադրումից մի քանի օր անց: Նրա հարցն էր. «Դու քո սայտում տեղադրել ես մի հատ բան… հոլովակ: Այսինքն՝ մի կադր ես տեղադրել, որ զինվորին ծեծում են: Ո՞րտեղից ա դա»: Երբ բացատրեցի, որ մեկ ուրիշի մոտից եմ պատճենել, մինչև YouTube-ի կողմից օգտագործման պայմանների խախտման պատճառով 18 ժամը չբոլորած հեռացվելը, նախարարը մի պահ լռեց, ապա հարցրեց. «Հա, բայց ինչի՞ ես տենց բաները լցնում կամպյուտերի մեջ»: Ես չէի ակնկալի նման հարց լսել, մեկից, ով զարմացած է, որ այդպիսի բռնություններ են տեղի ունենում բանակում: Նա մեկն է, ով ոչ միայն տեղյակ է շատ ավելի վատթար պատահարներից, այլև ականատես է եղել: Դրա համար էլ նրան ավելի շատ մտահոգում է տեսանյութը տարածած անձի ինքնությունը, քան ծեծողինը: Իմ արձագանքը վերը նկարագրված «Մտահոգ քաղաքացիների խմբի» շնչով էր: Ես նրան ասացի, որ դա լուրջ խնդիր է: Նա ինչ-որ կերպ եզրակացրեց հետևյալը. «Ուրեմն, Արա, դու ստում ես: Ուրեմն, դու նաև գիտես որտեղից ա էդ սայտը (ամենայն հավանականությամբ նկատի ունի տեսանյութը – Ա.Մ.), և պիտի օգնես հայտնաբերենք՝ որտեղից ա էտ կադրերը»: Ես նրան հայտնեցի, որ միայն գիտեմ, թե որտեղից եմ պատճենել տեսանյութը:

Երբ վերադարձա նրա նախորդ հարցին, թե ինչու եմ տեսանյութը տեղադրել YouTube-ում, ես ընդգծեցի այդպես էլ լուծում չստացած նմանատիպ խնդիրների վերաբերյալ պաշտպանության նախարարության արձագանքի անարդյունավետությունը: «Օրինակ կարա՞ս մի հատ բերես»,- պնդեց նա: Ես նրան երկու կոնկրետ օրինակ բերեցի: Արցախի Երկրորդ պաշտպանական շրջանում բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան և ես մի անգամ տեսանք գոտկատեղից վերև մերկ զինվորների: Նրանցից մեկի մեջքին շիկացած արդուկից մնացած հետք կար, երկու այլ զինվորների իրանի վրայի հետքերից էլ կարելի էր եզրակացնել, որ ճիշպոտով կամ գոտիով դաժան ծեծ են կերել: Մենք դեպքը հաղորդեցինք այն ժամանակվա պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին: Ոչ մի հետաքննություն չիրականացվեց, և ոչ ոք պաշտոնապես պատիժ չկրեց բռնություն գործադրելու համար:

Ավելի ուշ՝ 2001 թ., Արցախում մի կնոջ հանդիպեցի, ում որդին՝ Արսենը, մեղադրվում էր իր զինծառայակցին սպանելու մեջ: Վերջինիս կտտանքների միջով սպանել էր Երրորդ պաշտպանական շրջանի սպան և ողջ մեղքը գցել Արսենի վրա: Ես նպատակադրվել էի փրկել անմեղ զինվորին բանտարկությունից մի հանցանքի համար, որը նա չէր գործել: Ես խոսեցի Մարտունիում ռազմական դատախազի և այլ պաշտոնյաների հետ՝ ներառյալ տվյալ գործով նշանակված դատավորը: Բազմաթիվ միջամտություններիս արդյունքում սպանության մեղադրանքն ի վերջո հանվեց զինվորի վրայից: Ինչևէ, իրակական մարդասպանն այդպես էլ չդատվեց կամ, ինչքան որ ինքս գիտեմ, որևէ այլ կերպ պաշտոնապես չպատժվեց: Ինձ զգուշացրեցին, որ վատ կլինի ինձ համար, եթե շարունակեմ միջամտել:

Իմ ահազանգած այս և տասնյակ այլ բռնարարքներին պատշաճ արձագանքելու և՛ ՀՀ, և՛ Արցախի ռազմական ղեկավարության ձախողումը, ինչպես նաև արդարադատության համակարգերի՝ բանակի վերաբերյալ գործերում արդար դատավարություն և պատիժ երաշխավորելու անկարողությունն ինձ դրդել են լուծում փնտրել անցյալում գործածածս արդյունավետ մեթոդով՝ շոկային թերապիայով, որը տվյալ դեպքում պատճառել է հանրային վրդովմունք հայկական բանակում վավերագրված նողկալի բռնարարքի հրապարակման արդյունքում:

7. Թաքնված սադիստներ. Ես կարծում եմ, որ սա զինծառայողների նկատմամբ նորմալ վերաբերմունք է:

«Ես, ճիշտն ասած, չեմ տեսնում անարգ վարքագիծ կամ բռնի արարք կամ դաժանություն այս տեսանյութում: Իրականում սա վարժանք է և հայրական վերաբերմունք: Հայկական բանակը շատ է հոգում իր զինվորների մասին»,- գրում է vahagnhovhannisyan-ը YouTube-ի տեսանյութի տակ իր գրած մեկնաբանությունում: Որոշ ժամանակ այս մեկնաբանությունը եզակի էր ողջ հայկական համացանցում հազարավոր հիստերիկ և կատաղի մեկնաբանությունների մեջ: Այնուամենայնիվ թաքնված սադիստների և մազոխիստների այս խմբին շուտով միացան ևս երկու հոգի ամենաանսպասելի ձևով: Այդ երկու նոր անդամները հենց իրենք` դաժան հրամանատարի բռնության թիրախներն էին: «Հայկական ժամանակ»-ի մեջբերմամբ ռազմական ոստիկանությունը հայտնել է, որ «սպայի կողմից բռնությունների ենթարկված երկու զինծառայողները հարցաքննության ժամանակ հայտարարել են, թե իրենց հրամանատարի դեմ ոչինչ չունեն, քանի որ նա «նորմալ հրամանատար է»»: Այս հայտարարությունից դատելով` այս երիտասարդները կա՛մ մազոխիստ են, կա՛մ վախենում են առավել դաժան վրիժառությունից: Վերջինս, կարծում եմ, ավելի հավանական է:

Տեսանյութի առաջացրած հասարակական վրդովմունքից քաջալերված` մի նախկին զինծառայող անանունության պայմանով «Հրապարակ» օրաթերթին է պատմել է իր անձնական փորձառության մասին: «Նրանց թիկունքում Խաչատուրովի որդին է» հոդվածից քաղված այս դրվագը լույս է սփռում այդ տեսակ վախի վրա, որն արմատավորված է հայ զինծառայողների մեջ ռազմական ղեկավարության անպատժելիության պատճառով.

Մի անգամ անսպասելի նախարար Սեյրան Օհանյանը եկավ զորամաս: Ոչ ոք, անգամ գնդի հրամանատարը չգիտեր, որ նա պետք է գա: Ճաշի ժամն էր, նա եկավ, զինվորների հետ ճաշեց, նույն հացը կերավ, ինչ մենք էինք ուտում: Հետո շրջեց գումարտակներով, մոտեցավ օրապահներին, նրանց պարտականությունները հարցրեց: Բոլորը պատասխանեցին, նրանց հուշամեդալներ տվեց: Հետո բոլոր զինվորներին հրապարակում հավաքեցին: Բոլորս ուրախացել էինք, որ նախարարը եկել է: Նա դիմեց մեզ, ասաց, որ եթե բողոքներ ու առաջարկություններ ունենք, ասենք: Բայց զինվորներից ոչ ոք ոչինչ չասաց, որովհետեւ գիտեին, որ եթե հանկարծ բողոքեն կամ դժգոհեն, Սեյրան Օհանյանի գնալուց հետո իրենց հետ ավելի վատ բաներ տեղի կունենան:

8. Ազգայնական կոնսպիրատիվ խումբ. Ես հավատացած եմ, որ տեսանյութը կեղծ է և ազերիների սարքած գործն է:

Մարդկանց այս խումբը ցրվեց Սեպտեմբերի 17-ին պաշտպանության նախարարության արած այն հայտարարությունից հետո, ըստ որի տեսանյութում երևացող բոլոր անձինք հայտնաբերվել են և բերման ենթարկվել: Մինչ այդ այս կարճատև խումբը տեսանյութի վերաբերյալ ժխտողական կեցվածք էր ընդունել: Նրանք պրիմիտիվ կոնսպիրատիվ տեսություններ էին մոգոնում ադրբեջանական հատուկ ուժերի մասին, որոնք իբր պատրաստել են տեսանյութը հայկական բանակը բարոյազրկելու նպատակով: Նրանք չէին ուզում հավատալ, որ նրանք, ում իրենք տեսնում էին, միևնույն ազգի զավակներն են, քանի որ այն հակասում էր հայերի և հաղթական բանակի իդեալականացված կերպարին` հպարտության կարևոր աղբյուրին:

Kazhayko-ն` «Ազգայնական կոնսպիրատիվ խմբի» տիպիկ ներկայացուցիչ, անգամ փորձել է փաստարկել տեսանյութի կեղծությունը. «Joxovurd es in4 vor cucadrvac e bolor@ Adrbedjani hatuk carayutyunneri sarqacne vorpeszi mer azgi mej atelutyun mtcnen depi banak@ ,,,2 past dra veraberyan 1 nayeq dranc ppzelu dzeverin(turki nman en ppzum manavand hastapor@),2 nayeq erb vor jria uxarkum et jri shshin tenc shish mer xanutnerum 4ka , ur mnac banakum»:

Այս խմբի մարդկանց մեջ հետաքրքիրն այն է, որ նրանք երդվյալ կոնսպիրատիվ տեսաբաններ չեն, պարզապես հայրենասեր մարդիկ են, ովքեր ստիպված են հույսները դնել կոնսպիրացիայի վրա: Ի տարբերություն մարդկանց այս խմբի, «Ազգայնական խումբը» (տես ստորև) ստիպված է ընդունել տեսանյութի իսկությունը, սակայն «Կոնսպիրատիվ խմբի» անդամների պես նրանք էլ չեն ուզում հաշտվել այն իրողության հետ, որ չարագործը նույնքան հայ է, որքան իրենք: gdale55-ի մեկնաբանությունը պայծառ օրինակ է. «vay yes sra mora q… sra mera turkitsa q… vor es bozi txen tsnvela sra viza pti qor_ danakov ktres q… yes qo antaniqa fat ass mother f… porniki tsnund»,- գրում է նաև յություբյան տեսանյութին ուղղված մեկնաբանության մեջ: Հակառակ սպասմանը, որ նրանց պետք է որպես իսկական հայրենասեր ներկայացնեին, այս մանկամիտ, լակոտական մեկնաբանությունները երևան են հանում լվացված ուղեղներով հայերի մի ամբողջ բանակ, ովքեր չունեն տարրական քաջություն ընդունելու դառը իրականությունը, որը կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել` աթմնի երազներով տարվելու փոխարեն:

«Հայազն երիտասարդների միաբանության» կողմից սեպտեմբերի 23-ին մի շարք նախարարների ուղղված «Սթափեցման նամակ Բանակում տեղի ունեցող հակաՀայ երևույթների հետ ուղղակի կամ անուղակի առընչություն ունեցող պետական գերատեսչություններին» վերնագրով բաց նամակում ևս առկա է խուսափողական կեցվածք ընդունելու այն իրականությունը, որ մարդկային ախտերը էթնիկ սահմաններ չեն ճանաչում: Հայ զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունները նրանք բնութագրում են որպես «ոչ Հայեցի»: Կարդալիս սիրտս օրինակ ուզեց այդ զուտ հայկական վարքի, ինչին նրանք ենթադրաբար մատնանշում են: Շատ ուզեցա իմանալ, քանի որ մտքովս անցնում էր միայն այն, որ ոչ մի այցելածս երկրում կապտած աչքով այսքան տղամարդ մեկ օրում նույնքան հաճախականությամբ տեսած չկամ: Արդյո՞ք հայ տղամարդկանց միջև հարաբերություններում բռնությունը չէ «հայեցի ոգով պահելաձևի» գրավականը:

9. Ազգայնական խումբ. Ես դատապարտում եմ տեսանյութի տարածումը:

Սա ազգայնական մարդկանց բավական պարադոքսալ խումբ է: Ի տարբերություն նախորդ` «Ազգայնական կոնսպիրատիվ խմբի» անդամներին, ազգայնականները կասկածի տակ չեն դնում տեսանյութի իսկությունը: Նրանց ամենից շատ մտահոգում է այն, որ տեսանյութը փչացնում է հայեցիության նրանց պատկերացումը և, երկրորդ հերթին, օտարազգիների հիացմունքի համար նախատեսված պետական պրոպագանդայի դզած-փչած իդեալական հայեցիության իմիջը:

Ազգայնականներն ամենևին չեն դատապարտում բռնությունը: Իրենց ազգային ինքնության հանդեպ նրանց տածած սերը փակել է նրանց աչքերը մերձավորի տառապանքների վրա, ով հենց այդ իր պաշտած ինքնության անքակտելի մասնիկն է: Նրանք սառնասրտորեն դատապարտում են տեսանյութի տարածումը առանց տառապողների հասցեին որևէ կարեկցանքի խոսք հնչեցնելու կամ բռնացողին կշտամբելու, ով ևս մի անկապտելի մասնիկ է այդ ամբողջության` նրանց պաշտած հայկականության:

10. Լինչի խումբ 2. Ես դատապարտում եմ տարածումը և ցանկանում բռնարարք իրականցնել տարածողի նկատմամբ:

Այստեղ են հանդիպում վերջն ու սկիզբը` փակելու օղակը և ցույց տալու վտանգավորությունը, որ սովորաբար առկա է ծայրահեղական կեցվածքներում: Այս երկու խմբերի մարդիկ նույնական են իրենց խառնվածքով և բռնությանը դիմելու մղումով, սակայն տարբերվում են թիրախի իրենց ընտրությամբ: Այս խումբը բաղկացած է այն բազմաթիվ մարդկանցով, ովքեր ինձ հետ կապվել են սպառնալիքներով և տեսանյութը YouTube-ից հանելու պահանջներով: Այս մարդկանց մեծ մասն իր հաղորդագրությունները ծաղկացրել է հայհոյանքներով, որոնք բավական նման են չարագործ սպայի հասցեին առաջին «Լինչի խմբի» հնչեցրած վատաբանություններին: Նրանցից ոմանք ինձ անվանել են դավաճան: YouTube-ի օգտատեր HocaVram-ից իմ ստացած հաղորդագրությունը տիպիկ է այս խմբի համար. «Դու չես վախենու՞մ, որ դրածդ տեասնյութի ու արածդդվիժենիիհամար կդատվես: Դու ունես 2 ժամ, որ այս վիդեոն հանես։ Ոնց ուզում ես հասկացի, բայց այլապես քեզ մեղմ ասած վատ կլինի»: Ես արհամարհել եմ այդ սպառնալիքը, քանի որ հասկացել եմ, որ հաչող շները հազվադեպ են կծում, իսկ տեսանյութը, ինչպես տեսնում եք շարունակում է մնալ հասանելի:

Դասակարգումը կարող էր հանգիստ շարունակվել, ինչևէ կարծում եմ, որ տվյալ դասակարգումն արդեն կատարել է հանրային կարծիքի հիմնական ուղղությունները և դրանց առնչությամբ առկա մտահոգությունները ի ցույց դնելու իր առաքելությունը: Պետք է նաև նշեմ, որ ուսումնասիրածս հազարավոր մեկնաբանությունների մեջ եղել են բազմաթիվ հիբրիդ ասույթներ, որոնք կարող էին միաժամանակ տարբեր խմբերում դասվել: Օրինակ hharutyu-ի հնչեցրած յություբյան մեկնաբանությունը. «Սա հավանաբար նախագահ Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի ազգականն է: Ես չգիտեմ, թե ոնց են էս գազանները եկել Հայաստան և սկսել տիրել մեր երկիրը: Սրանք թուրքի պես են (թարգմանված է անգլերենից, ապա հետևում է հայկական լատինատառ տեքստ – Ա.Մ.): K. Dzer Esh beranner@. Bozi Vastakner. Dra hamar el voch Mek chi etum banak. Vonts vor_ hye chlnek ay bozer. J… tam Dzer kerats Kati mej»: Այս մեկնաբանությունը տատանվում է «Հուզական խմբի» և «Ազգային կոնսպիրատիվ խմբի», ինչպես նաև մեկ այլ խմբի միջև, ներկայացուցիչները ցանկանում են չարագործի նկատմամբ սեքսուալ բնույթի այլասերություններ իրականացնել, որոնք, ի տարբերություն «Լինչի խմբի», մահվան ելք չեն հետապնդում:

Այս տասը դասակարգերի միջոցով ես փորձել եմ Հայաստանի և որոշ չափով նաև ժամանակակից սփյուռքահայ հասարակության մի պատկեր գծագրել: Շնորհիվ այս բոլոր խմբերի մարդկանց արձագանքների, խնդիրը որոշակի կշիռ է ձեռք բերել ռազմական ղեկավարության համար: Ես հուսով եմ, որ ի վերջո արդարությունը կպարտադրվի արդար դատի միջոցով գործի առաջացրած մեծ հասարակական հնչեղության, ինչպես նաև հասարակության սրված զգոնության շնորհիվ: Համենայնդեպս իմ սիրողական վիճակագրական ուսումնասիրության մեջ տագնապալին ինձ համար այն է, որ անադեկվատ և անարգասաբեր վերաբերմունքն այսօր գերիշխում է: Նույնքան մտահոգիչ են չարագործներին Լինչի դատաստանի ենթարկելու կոչերը, ինչպես նաև դա անձնապես ի կատար ածելու պատրաստակամությունը: Մի կողմից թեև նրանց լինչական մղումները կարելի է դիտարկել որպես նշան, որ մարդիկ չեն հավատում Հայաստանում արդարադատության կիրառմանը, սակայն այդ համակարգը քնեցնելը մեզ որևէ քայլով չի մոտեցնում առավել օրինապաշտ հասարակության ստեղծմանը: Մյուս կողմից դա ցույց է տալիս, որ ֆիզիկական բռնությունը Հայաստանում մնում է հարցերի լուծման մեծ ժողովրդականություն վայելող մեթոդ: Ո՞վ կարող էր ապացուցել, որ Սասունը ևս ինչ-որ հարց չէր լուծում երկու զինվորներին ծեծելով: Նա կարող էր նախընտրած լինել այն նույն մեթոդը, ինչ երկու «Լինչի խմբերը»: Միևնույն ժամանակ պիտի նաև նշեմ, որ վերը` չորրորդ կետում ներկայացված «Մտահոգ քաղաքացիների խումբը» աճում է, և ես թևութիկունք եմ նրանց ակտիվ կեցվածքին:

Կարևոր է գիտակցել, որ պայքարը չի ավարտվել դեռ. մենք պետք է աչքներս չհեռացնենք հետագա զարգացումներից: Չնայած ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաջալերող խոսքերին` Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Armenianow.com-ի փոխանցմամբ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ անհանգստած է, որ պաշտպանության նախարարությունը կարող է պատժել տեսանյութի հեղինակներին ևս: «Փոխանակ քաջալերեն տեղեկության տարածման համար, պաշտպանության նախարարությունը փորձում է լռեցնել»: Ի վերջո այն, ինչ տեսանկարչի ազգականներից մեկը, ով նախընտրեց չհրապարակել իր անունը, ասել է Armenianow.com-ին, արդեն իսկ տագնապ է հաղորդում. «Իրականում ստացվում է, որ այն զինվորը, որը նկարել է [տեսանյութը], ավելի շատ է ճնշումների ենթարկվում, քան այն մարդակերը (նկատի ունի Գալստյանին), որը ստորացնում է զինվորներին»: Մեկ այլ հանգամանք, որ ուշադրություն է պահանջում, այն է, որ ըստ ՀՀ Ռազմական ոստիկանության տարածած հայտարարության Սասուն Գալստյանը մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 375-րդ հոդվածի հատկանիշներով` իշխանության չարաշահում (3–5 տարվա ազատազրկում), մինչդեռ որևէ կերպ չեն հիշատակվել «անձի արժանապատվությունը վիրավորելու կամ անձին կանխամտածված մարմնական վնասվածք հասցնելու մասին հոդվածները», ինչպես հուշում է Hetq.am-ի համապատասխան հոդվածի տակ մեկնաբանած Աննան:

Այս բոլոր գործոնները մատնանշում են, որ մեր հասարակությունը պիտի զգոն մնա բոլոր ժամանակներում և ամեն ինչ անի, որ արդարադատությունը գործի դրվի օրենքի տառին համաձայն:

Մի բան է պետք նաև մտապահել, որ միշտ էլ կանոնները բացառություններ ունեն, և այդ առումով իմ դասակարգումը բացառություն չէ: Սամվել Սարգսյանը` հայկական բանակի սպա, մամուլի պատասխանատու, երևի թե լռելյայն դասվեր թիվ վեց խմբում` «Իբր-հայրենասիրական խումբ», որը գլխավորապես կազմված է ռազմական ղեկավարությունից, եթե մենք չշփվեինք էլ. փոստի միջոցով տեսանյութի հրապարակումիցս անմիջապես հետո: Ի միջի այլոց նա էր տեսանյութի առնչությամբ ինձ հետ կապված առաջին մարդը: Ահա թե Սամվել Սարգսյանն ինձ ինչ գրեց իր սեփական նախաձեռնությամբ ոչ պաշտոնական էլ. նամակի միջոցով.

«Հարգելի Արա,

Շնորհակալություն պատասխանելու համար:

Ես լսել եմ Ձեր մասին և այն հիանալի գործունեության, որ դուք այնտեղ ծավալում եք մեզ համար, Հայաստանի և Սփյուռքի համար:

Ես հայկական բանակի սպա եմ և իրոք մտածում եմ ԻՄ ԲԱՆԱԿԻ մասին: Ձեզ գրելու պատճառը YouTube-ում և http://www.aramanoogian.blogspot.com/ հասցեում գտնվող հայտնի տեսանյութն է: Ես պատրաստվում եմ օգտագործել բոլոր սեփական միջոցներն ու աղբյուրներս տեսանյութում պատկերված այդ սադիստ սպային հայտնաբերելու համար:

Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ` «Վաղը կարող է չափազանց ուշ լինել»:

Խնդրում եմ օգնեք ինձ գտնել այս տեսանյութի աղբյուրը և այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այս տեսակ նվստացման համար:

Հուսով եմ, որ Ձեզնից օգնություն կստանամ» (թարգմանված է անգլերենից – Ա.Մ.):

Սա ինձ հուսադրում է, որ պաշտպանության նախարարությունում այս տեսակ մարդիկ են ծառայում հանուն հայկական բանակի:

 

Ara Manoogian

Ara K. Manoogian

 

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ և Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում, ինչպես նաև անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը: